ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ

Պատմիչ

13 հունվար, 410 - 490

Ծնվել է Տարոն գավառի Խորոնք գյուղում: Եղել է միջնադարյան պատմագրության խոշորագույն ներկայացուցիչ, հայ պատմագրության հայրը։ Նրա գլուխգործոցն է «Հայոց պատմություն» երկը։ Պատմիչի անունով մեզ հասել են նաև «Թուղթ առ Սահակ Մամիկոնեան», «Պատմութիւն Հռիփսիմեանց և ճառք», «Յաղագս վարդավառին խորհրդոյ», «Յաղագս պիտոյից» և այլ գործեր, որոնց հեղինակի խնդիրը, սակայն, դեռևս պարզված համարել չի կարելի։ Ըստ ինքնակենսագրական և որոշ ավանդական տվյալների, աշակերտել է Մեսրոպ Մաշաոցին ու Սահակ Պարթևին, 20-25 տարեկան հասակում մի խումբ երիտասարդների հետ մեկնել է Ալեքսանդրիա (Եգիպտոս)՝ ժամանակի հունական մշակույթի կարևորագույն կենտրոններից մեկը, կրթությունը շարունակելու։ Հմտացել է քերթողական արվեստի, ճարտասանության, քերականության մեջ, կատարելագործել հունարենի իր իմացությունը։ Հայրենիք է վերադարձել մոտ 440թ., իր ուսուցիչների մահից հետո։ Պարսկական տիրապետության հետևանքով ստեղծված դժվարին պարագաներում, երբ հալածվում էին հունական մշակույթի ջատագովները, նա հեղինակել է ինքնուրույն երկեր, զբաղվել թարգմանչությամբ։ «Հայոց պատմություն»-ը գրել է հայ իշխան Սահակ Բագրատունու պատվերով։ Այն բաղկացած է երեք գրքից, որոնցից յուրաքանչյուրն ընդգրկում է պատմական մի ժամանակաշրջան։ Առաջին գրքում տրված է հայ ժողովրդի առասպելախառն ծննդաբանությունը, հայոց անվանադիր նախնի Հայկ նահապետի ու նրա սերունդների պատմությունը։ Երկրորդ գիրքն սկսվում է Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհակալությունից և նվիրված է Հայաստանում Արշակունիների հարստության հաստատմանն ու հետագա անցքերի պատմությանը՝ քրիստոնեության հաստատումը Հայաստանում։ Երրորդ գիրքն ընդգրկում է Տրդատ Մեծի հաջորդների, Հայաստանը Պարսկաստանի և Հռոմի միջև բաժանման, Արշակունյաց հարստության անկման պատմությունը։ «Հայոց պատմություն»-ը հայ ժողովրդի պատմությունն ամբողջական շարադրելու առաջին և հաջողված փորձն է։ Հեղինակը տվել է հայ ժողովրդի հին պատմության այն պարբերացումը, որն ըստ էության ընկած է արդի հայագիտության ընդունած գիտական պարբերացման հիմքում։ Առաջնորդվելով «պատմությունն առանց ժամանակագրության հավաստի չէ» հայտնի իր կարգախոսով՝ հայ պատմագրության մեջ ներմուծել է համաժամանակյա ժամանակագրության գաղափարը, «Հայոց պատմության» 2-րդ և 3-րդ գրքերն օժտելով ժամանակագրության կուռ ցանկով, որը Հայոց արքաների ու կաթողիկոսների գահակալության տարիների հետ մեկտեղ ընդգրկում է նաև հարևան Պարսկաստանի և Հռոմի իշխողների գահակալության տարիները։ Իր հիմքում հավաստի, բազմաթիվ մանրամասներում ստույգ այդ համակարգը, սակայն, ունի մի շարք շեղումներ իրական-պատմական ժամանակագրությունից, որի պատճառը նրա օգտագործած աղբյուրներն են։ «Հայոց պատմությունը» ոչ միայն դասագիրք է ծառայել հայ հասարակության հետագա սերունդների համար և կրթել նրանց հայրենասիրական ու քաղաքացիականության ոգով, այլև նմուշ և օրինակ է եղել բոլոր միջնադարյան հայ պատմիչների համար, որոնք, իրենց երկերը շարադրելիս, հին շրջանի համար հիմք են ընդունել Խորենացու աշխատությունը, իսկ իրենցը ավելացնելիս՝ մեծապես առաջնորդվել նրա սկզբունքներով։ Այն հայ ժողովրդի պատմության ամենամութ ժամանակների, ինչպես նաև հայ մշակույթի վերաբերյալ բովանդակում է հարուստ փաստեր, որոնց բացահայտման համար արդի պատմագրությունը փաստորեն իր առաջին քայլերն է անում։ Պատմիչը պատմական կարևոր տեղեկություններ է հաղորդում առանձնապես երկրի ներքին կյանքի, նրա տնտեսական, հասարակական և պետական կառուցվածքի, իրավակարգի մասին: Դրանք անփոխարինելի են, քանի որ այդ մասին գրեթե ոչինչ չեն հաղորդում Հին Հայաստանի արտաքին կյանքը, ռազմական, դիվանագիտական և նմանօրինակ այլ իրադարձություններն արտացոլող բազմաքանակ օտար աղբյուրները։ Քաղաքական պատմության բնագավառը ևս հարուստ փաստերով ներկայացված է նրա երկասիրության մեջ։ Փաստառատ են նրա հաղորդած տեղեկությունները Հայաստանի հարևան երկրների, մասնավորապես՝ Պարսկաստանի, Բյուզանդիայի, Ասորիքի, Վրաստանի, Աղվանքի, Հյուսիսային Կովկասի երկրների մասին, որով նրա «Հայոց պատմություն»-ը դառնում է նաև այդ երկրների պատմության սկզբնաղբյուր։ Կարևոր տեղեկություններ է հաղորդել հայ հեթանոսական կրոնի տարբեր շերտերի վերաբերյալ։ Հայկի, Արա Գեղեցիկի, Տորք Անգեղի, Աստղիկի ու այլ աստվածների մասին նրա հաղորդումները ցույց են տալիս, որ դեռևս Արամազդ, Վահագն, Անահիտ, Միհր և իրանական այլ դիցանուններ կրող աստվածներից առաջ հայերն ունեցել են առավել հին պանթեոն, որն արգասիք էր նրանց հնագույն, ինքնատիպ մշակույթի։ Մեծ մասամբ Խորենացուց են բխում նաև իրանական դիցանուններով օժտված հայկական պանթեոնի, ինչպես և հետագայում դրա մակերեսային հելլենականացման մասին տեղեկությունները, որոնք ըստ էության ցույց են տալիս, որ նոր անվանումներով շարունակել են պաշտվել հնամենի հայկական աստվածությունները։ Հույժ կարևոր են նաև նրա երկում պահպանված ժողովրդական հնագույն բանահյուսության նմուշները, որոնք վկայում են, որ «Սասնա Ծռերից» շատ առաջ հայերն ունեցել են էպոս և վիպական երգեր։ Հեղինակը դրանք ներկայացնում է այն տեսքով, ինչպես լսել է ժողովրդական երգիչներից և գուսաններից։ Վահագնի ծննդի, Արտաշեսի և Սաթենիկի, Արտաշեսի ու Արտավագդի և այլոց վերաբերյալ վիպերգությունների՝ Խորենացուց մեզ հասած հատվածները ոչ միայն բանահյուսության, այլև 5-րդ դարից շատ ավելի վաղ կիրառված հայոց լեզուն ներկայացնող հազվագյուտ նմուշներ են։ Այս ամբողջ նյութը ըստ արժանվույն գնահատելու և պատմագիտական ուսումնասիրությունների համար վճռող նշանակություն ունի նրա օգտագործած աղբյուրների խնդիրը։ «Հայոց պատմության» աղբյուրագիտական վերլուծությամբ պարզվում է, որ պատմիչն օգտագործել է օտար և տեղական (այդ թվում նաև նախամեսրոպյան) մատենագրական, վավերագրական, ինչպես նաև բանավոր և նյութական աղբյուրներ: Օտար մատենագրական աղբյուրներից նա հիշատակել է «Աստվածաշունչը», մի քանի տասնյակ օտար հեղինակների ու նրանց գործերը, որոնց մի մասը մեզ հայտնի չեն։ Սակայն իրերի բերմամբ նրա տեսադաշտից դուրս են մնացել Հին Հայաստանին վերաբերող հիմնական պատմական տեղեկություններ հաղորդող մի շարք անտիկ հեղինակներ (Քսենոփոն, Պոլիբիոս, Ստրաբոն, Տակիտոս, Պլուտարքոս, Ապպիանոս, Դիոն Կասսիոս, Ամմիանոս Մարկելլինոս և ուրիշներ)։ Իր ունեցած օտար աղբյուրներից (օրինակ, Հովսեպոս Փլավիոսից) նա խնամքով քաղել է այն ամենը, ինչ թեկուզ փոքրագույն չափով առնչվում էր Հայաստանի պատմությանը։ Նա իր պատմությունը հագեցրել է ժամանակի աշխարհի, մանավանդ հարևան երկրների մասին բազմաթիվ տեղեկություններով։ Նախամեսրոպյան մատենագրական աղբյուրներից առավել կարևոր են Մար Աբաս Կատինայի մատյանը, «Մեհենական պատմությունները», որոնց հեղինակները, ըստ Խորենացու, եղել են Արամազդի տաճարի քուրմ Ողյումպը և ասորական գրող (հավանաբար ծագմամբ հայ) Բարդածան (Բարդայծան) Եդեսացին և «Հյուսումն պիտոյից» երկը, որի հեղինակին նա չի հիշատակում՝ համարելով հանրահայտ։ Սրանք ևս ի սկզբանե եղել են օտարալեզու, և նա մեծ քանակությամբ կարևոր ու հավաստի նյութեր է քաղել դրանցից։ Մեսրոպատառ մատենագրական աղբյուրները (Կորյուն, Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ) կարևոր նյութեր են տվել պատմիչին, թեև նա հանվանե հիշատակում է միայն առաջին երկուսին։ Վավերագրական աղբյուրներից առաջին հերթին պետք է հիշատակել Գահնամակը և Հայաստանում եղած վիմական օտարալեզու արձանագրությունները: Բանավոր աղբյուրների մեջ առանձնանում են առասպելական-դիցաբանական տիպի ժողովրդական ստեղծագործությունները (Հայկի ու Բելի, Արա Գեղեցիկի ու Շամիրամի առասպելները, Վահագնի ծննդի երգը և այլն), պատմաավանդական բնույթի ստեղծագործությունները («վիպասանների երգեր», «թվելյաց երգեր», «զրույցներ» և այլն), նախարարական տոհմերի ծագման և ականավոր ներկայացուցիչների շուրջը հյուսված ու սերնդեսերունդ հաղորդված ասքերը (օրինակ, Մամիկոնյան, Կամսարական տոհմերի ծագման մասին ավանդությունները և այլն)։ Նախապատվությունը գրավոր աղբյուրներին տալով հանդերձ՝ նա քաջ գիտակցել է, որ բանավոր աղբյուրները ևս պատմական իրողությունների շերտեր են պարունակում, և ջանացել է ըստ հնարավորին ի հայտ բերել դրանք՝ թոթափելով ավանդությունների և առասպելների գերբնական, հեքիաթային երանգը։ Պատմահոր համար նյութական աղբյուրներ են ծառայել իր նկարագրած քաղաքները, բերդերը, բնակավայրերն ու դրանց ավերակները՝ դրանց հետ կապված ավանդություններով հանդերձ (օրինակ, Վան քաղաքի նկարագրությունը)։ Լեզվական աղբյուր է անձնանունների, տեղանունների և տոհմանունների այն մեծ զանգվածը, որը նա ստուգաբանել ու մեկնաբանել է՝ որոնելով դրանց մեջ պատմական իրադարձությունների արձագանքներ (օրինակ, Դիմաքսյան տոհմանունը)։ Այս և նմանօրինակ բազմաթիվ աղբյուրներն են, որոնցից նա քաղել է այն մեծ ու հույժ կարևոր նյութը, որի հիման վրա շարադրել է իր «Հայոց պատմություն»-ը։ Միևնույն ժամանակ պետք է շեշտել, որ այդ աղբյուրները, որքան էլ դրանք բազմատեսակ ու բազմաբովանդակ են, իրենց կազմով ու օգտագործման եղանակով նման արդի պատմաբանի օգտագործած աղբյուրներին ու դրանց յուրացման եղանակին, այդուհանդերձ դրանք շատ ու շատ թերի են եղել Խորենացու հղացած հսկայական սխեման, հենքը լցնելու, այն է՝ հայոց ողջ պատմությունը հավաստի և անընդմեջ շարադրելու համար։ Դրանից են բխում նրա երկում եղած այն ոչ հազվադեպ և երբեմն էական շեղումները, որոնք հայտնաբերում է արդի պատմաբանասիրությունը։ Դրանք են հիմնական պատճառը այն «գերքննադատության», որին, ի փոփոխումն նախորդ շրջանի անքննադատ վերաբերմունքի, ենթարկվեց Խորենացու «Հայոց պատմությունը» 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին (Ա.Գուտշմիդ, Օ.Կարիեր, Գ.Խալաթյանց և ուրիշներ), որը հանգեցրեց ծայրահեղ եզրակացությունների, այն է՝ Խորենացու ապրած ժամանակը 5-րդ դարից հաջորդ դարերը (մինչև 9-րդ դար) տեղափոխելն ու դրա նյութը պատմականորեն անարժանահավատ հայտարարելը։ Այդ «գերքննադատության» հիմնական արատն այն էր, որ հայացքները սևեռվում էին «Հայոց պատմության» միայն շեղումների վրա՝ անտեսելով հարստագույն հավաստի նյութը։ Վերոհիշյալ եզրակացությունները ժխտեցին բազմաթիվ այլ հետազոտողներ (Ֆ.Կոնիբեր, Մ.Աբեղյան, Ս.Մալխասյանց և ուրիշներ)։ Այժմ շարունակվում է «Հայոց պատմության» տվյալների արդյունավետ հետազոտությունը, ըստ որում նյութական կամ վիմագրական աղբյուրների բնագավառում գրեթե յուրաքանչյուր նոր գյուտ նորանոր հաստատումներ է բերում Խորենացու ընձեռած նյութի հավաստիությանը։ «Հայոց պատմությունը» հայ ժողովրդի հին պատմության ամենակարևոր և համապարփակ աղբյուրն է, հայ միջնադարյան մատենագրական հանճարի բարձրագույն դրսևորումը, որի մեջ արտահայտվել են հեղինակի ոչ միայն հսկայածավալ գիտելիքներն ու պատմիչ-պատմաբանի նրա մեծագույն կարողությունները, այլև նրա հայրենասիրական և քաղաքացիական վեհ գաղափարները։ Պատմական ավանդությունները նրան համարել են նաև նշանավոր երաժիշտ-բանաստեղծ, գրիչ։ Գրչագիր գանձարաններում, հատկապես շարականների մեջ, նրան վերագրվել են շատ գործեր։ Չնայած իր նկատմամբ եղած հալածանքին և անտարբերությանը՝ նա եռանդուն կերպով զբաղվել է գրական աշխատանքով, կատարել է թարգմանություններ, գրել ինքնուրույն երկեր։ Զրույց է պահպանվել, թե ծերության տարիներին նա գնահատվել և արժանացել է մեծարանքի, ստացել է եպիսկոպոսական աստիճան։ Կյանքի վերջին տարիներին ապրել է զրկանքներով լի կյանք՝ վախճանվելով հիվանդության ու աղքատության մեջ: Պատմահոր «Հայոց պատմություն»-ն առաջին անգամ հրատարակվել է 1695թ., Ամստերդամում։ Առաջին անգամ աշխարհաբար թարգմանել և հրատարակել է (1889թ.) Խորեն Ստեփանեն։ Աշխարհաբար նոր և գիտական թարգմանությամբ հրատարակել է Ստեփան Մալխասյանցը (1940թ.)։ Գործը թարգմանվել է նաև լատիներեն (1736թ.), ռուսերեն (1809թ., 1858թ.), իտալերեն (1841թ., 1850թ.), ֆրանսերեն (1841-69թթ), գերմաներեն (մասնակի, 1869թ.), անգլերեն (1979թ.) և այլ լեզուներով։ Ունի բազմաթիվ հրատարակություններ։ Պատմիչի մասին հրատարակվել է շուրջ 3 հազար ուսումնասիրություն: 1993թ. սահմանվել է ՀՀ «Մովսես Խորենացի» պետական մեդալ: Մովսես Խորենացու անունով Երևանում և ՀՀ այլ քաղաքներում կոչվել են փողոցներ, բուհ, կանգնեցվել են նրա հուշարձանները:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար