ԳՈՒՐԳԵՆ ՎԱՆԱՆԴԵՑԻ

Գրականագետ

10 հունիս, 1898 - 1 նոյեմբեր, 1937

Գուրգեն Փորսուղյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում: Սկզբնական կրթությունն ստացել է Կարսի ռեալական դպրոցում: 1927թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը, այնուհետև սովորել է համալսարանի ասպիրանտուրայում: Գրականության և արվեստի սոցոլոգիա է դասավանդել Երևանի տարբեր դպրոցներում ու տեխնիկումներում: 1930թ-ից դասախոսել է Երևանի պետական համալսարանում: Գրական գործունեությունն սկսել է 1920-ական թվականների սկզբին որպես բանաստեղծ։ Լինելով Հայաստանի պրոլետ-գրողների ասոցիացիայի անդամներից ու ղեկավարներից՝ այդ խմբակցության սկզբունքներով գրել է տեխնիցիզմը փառաբանող վերացական բանաստեղծություններ, հանդես է եկել գրական ընթացիկ շարժումը վերլուծող հոդվածներով, առանձին գրքերի գրախոսություններով։ 1920-ական թվականների վերջին հաղթահարել է նեղ խմբակային մոտեցումը և ներկայացրել ընթացիկ գրականությունը լայն հայացքով ու միասնության մեջ քննելու պահանջ։ Նրա գրականագիտական, արվեստաբանական ուսումնասիրությունները՝ նվիրված Խաչատուր Աբովյանին, Րաֆֆուն, Ալեքսանդր Շիրվանզադեին, Պերճ Պռոշյանին, ինչպես նաև Եղիշե Չարենցին ու Մարտիրոս Սարյանին, բնութագրվում են սոցիոլոգիական ուղղվածությամբ և երբեմն հասնում են արվեստի առանձնահատկությունները շրջանցող մերկ գաղափարայնության։ Մասնակցել է «Հայ գրականության պատմություն» (1933թ.) ութհատորյակի ստեղծման աշխատանքներին։ Գրել է «Արեգակը խաչափայտին» վերնագրով միակ պոեմը: Հրատարակվել են նրա «Րաֆֆու վեպերը» (1928թ.), «Շիրվանզադեի ստեղծագործության հիմնական գծերը» (1930թ.) աշխատությունները: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1936թ., Ստալինի ցուցումով, գրականագետին ձերբակալել են և մեղադրանք են առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար, որից հետո նրան աքսորել են որպես «ժողովրդի թշնամի»: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար