ՀՄԱՅԱԿ ՍԻՐԱՍ

Արձակագիր, թարգմանիչ

15 փետրվար, 1902 - 14 օգոստոս, 1983

Հմայակ Ոսկանյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գավառի Կարաքիլիսե գյուղաքաղաքում։ Գրական անուն է ընտրել Հ.Սենկեվիչի «Յո երթաս» վեպի հերոս Սիրասի անունը։ Սովորել է տեղի ութամյա դպրոցում։ Առաջին աշխարհամարտի ժամանակ ընտանիքով գաղթել և բնակություն է հաստատել Թիֆլիսում։ Եղել է գրաշար։ 1921թ. տեղափոխվել է Երևան։ 1922-25թթ սովորել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետում։ 1925-29թթ որպես քարտուղար աշխատել է Ախտայի (այժմ` Հրազդան), Եղեգնաձորի և Արտաշատի շրջանային կուսակցական կոմիտեներում։ 1932թ. աշխատել է Մոսկվայի ժուռնալիստիկայի ինստիտուտում։ 1928-33թթ որպես խմբագիր աշխատել է (ընդմիջումներով) Լենինականի (այժմ՝ Գյումրի) «Բանվոր» թերթում։ 1933-34թթ եղել է Երևանում լույս տեսնող «Հարվածային բանվոր» թերթի խմբագիրը, 1934թ-ից` Հայաստանի գրողների միության անդամ, 1934-40թթ և 1954-57թթ` «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիրը, 1939-41 և 1946-48թթ` Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին, եղել է ռազմական թղթակից, ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր քաղաքական վարչությունում հայկական հրատարակչությունների խնբագիր, թարգմանիչ։ Նրա առաջին պատմվածքը տպագրվել է 1922թ., Երևանի «Մուրճ» ամսագրում։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Անահիտ» (1949թ.), «Արարատ» (1956թ.), «Երգը» (1952թ.), «Նախօրյակին» (1965թ.), «Անանուն աղջիկ» (1968թ.), «Հայրենի աշխարհ» (1979թ.), քրդերեն` «Մամեն ու Աշեն» (1935թ.), «Լաթիֆե» (1936թ.) գրքերը։ 1974թ. դարձել է Ֆինլանդիայի «Կալեվալա» ընկերության պատվավոր անդամ: Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի երկու, Կարմիր աստղի և «Պատվո նշան» շքանշաններով։ 1968թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար