ԳԱՐԵԳԻՆ ՍԵՎՈՒՆՑ

Արձակագիր

3 փետրվար, 1911 - 3 հունվար, 1969

Գարեգին Գրիգորյան

Ծնվել է Հայաստանի Խնձորեսկ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում)։ Եղել է բանաստեղծ, թարգմանիչ Շողիկ Սաֆյանի ամուսինը: 1922թ. տեղափոխվել է Բաքու, որտեղ աշխատել է երկաթուղայինների գրադարանում: 1932թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետը, ապա սովորել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժնում (հեռակա)։ 1932-35թթ սովորել է ռազմական օդաչուական և սպայական դասընթացներում։ 1935թ. աշխատել է Բաքվի «Կոմունիստ» հայերեն թերթի խմբագրությունում։ 1938-41թթ եղել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրի խմբագիրը։ 1928թ. լույս է տեսել նրա առաջին պատմվածքը` «Ահմեդը»: 1941-45թթ ծառայել է Խորհրդային բանակում։ 1945թ-ից ապրել ու աշխատել է Երևանում: 1936թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1946-52թթ՝ «Պիոներ» ամսագրի խմբագիրը, 1952-54թթ` Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերության նախագահը, 1954-59թթ` Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Հրատարակվել են նրա «Դեպի երկիր» (1935թ.), «Ծովախորշում» (1938թ.), «Վիշապասարի աղջիկը» (վիպակ, 1945թ.), «Առաջին շարք» (պատմվածքներ, 1947թ.), «Ազատության պողոտա» (1947թ.), «Իրանական նոթեր» (1949թ.), «Թեհրան» (վեպ, 2 հատոր, 1952թ.), «Դանուբից Գանգես» (1957թ.), «Գերիներ» (վեպ, 1958թ.), «Վիետնամի գարունը» (ճամփորդական նոթեր, 1960թ.), «Երկեր 5 հատորով» («Թեհրան», «Գերիներ», «Ծովախորշում», «Հեռավոր ուղիներ», 1963-65թթ), «Պետական գաղտնիք» (վեպ, 1967թ.), «Չիկա» (պատմվածքներ, 1968թ.), «Այն օրերին» (պատմվածքներ, վիպակ, 1979թ.), «Կյանքը թևերի վրա» (վեպ, 1984թ.) գրքերը: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշանով։ 1967թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար