ԳԵՂԱՄ ՍԱՐՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

25 դեկտեմբեր, 1902 - 14 նոյեմբեր, 1976

Գեղամ Բաղդասարյան

Ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է տեղի Արամյան ծխական դպրոցում, ապա ուսումը շարունակել է Թավրիզի թեմական դպրոցում` աշակերտելով Հրաչյա Աճառյանին: 1920թ. ավարտել է դպրոցը և որոշ ժամանակ զբաղվել մանկավարժական աշխատանքով: 1922թ. տեղափոխվել է Հայաստան: Ուսուցչություն է արել Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1927-28թթ աշխատել է «Ավանգարդ», «Մաճկալ», 1928-31թթ` «Բանվոր» թերթերում, 1934-35թթ` «Խորհրդային գրականություն» ամսագրում, այնուհետև զբաղվել է բացառապես ստեղծագործական աշխատանքով։ Գրել է տխրահույզ երգեր` «Օ՛, ես դեռ մանկուց...», «Ծխախոտս», «Երկնքի պես հոգի ունեմ պարզ ու մուրջ...» և այլն։ Տպագրվել է 1919թ-ից։ 1925թ. լույս է տեսել նրա առաջին գիրքը` «Շիրակի հարսանիքը», 1930թ.` բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն` «Երկիր խորհրդային»։ Այնուհետև հրատարակվել են նրա քնարական երգերի, բալլադների, պոեմների ժողովածուները` «Երկաթե ոտնաձայներ» (1933թ.), «Միջօրե» (1935թ.), «Գյուլնարա» (1935թ.), «Բանաստեղծություններ» (1940թ.), «Բալլադներ» (1944թ.), «Հատընտիր» (1951թ.), «Քրիզանթեմ» (1968թ., ՀՀ Պետական մրցանակ)։ Լույս են տեսել նաև «Պատմվածքներ» (1928թ.) ժողովածուն, «Օտար մարդը» (1929թ.) վիպակը, «Երեք երգ» (1936թ.), «Գրիգոր Դերեն» (1967թ.) դրամատիկական պոեմները, «Հրաշալի սերունդ» (1950թ.) չափածո վեպը և թատերգություններ։ Ուշագրավ են «Դեպի կառափնարան», «Սայաթ Նովա» պոեմները, հայրենասիրական ու ժողովուրդների բարեկամության թեմաներով գրված մի շարք բանաստեղծություններ` «Հոգնած նայում եմ ես ճամփաներին», «Սևանի ափին», «Գովք Երևանի», «Խոսք ռուս ժողովրդին», «Ուկրաինային» և այլն: Դասական արժեքներ են Արևելքի ժողովուրդների ազգային և հոգևոր զարթոնքի թեմաներով գրված բալլադները` «Գյուլխանդա», «Գյուլնարա», «Իրանի»։ Նրա շատ բանաստեղծություններ երգի են վերածվել։ Գրել է նաև մանուկների համար։ Հայերեն է թարգմանել Ա.Պուշկինի, Մ.Լերմոնտովի, Հ.Հայնեի, Ի.Ճավճավաձեի, Ի.Գրիշաշվիլու ստեղծագործություններից, ինչպես նաև Մ.Տվենի «Հեկլբերի Ֆիննի արկածները»։ Գրողի երկերը առանձին գրքով հրատարակվել են շատ ժողովրդների լեզուներով։ 1967թ. արժանացել է Հայաստանի, 1972թ.` Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար