ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Գրող, թարգմանիչ

Ծնվել է 1951թ. մայիսի 25-ին, ՀՀ Նորաշեն գյուղում (այժմ` ՀՀ Գեղարքունիքի մարզում)։ 1974թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 1978թ.` նույն համալսարանի ՀՄՖ-ի ժուռնալիստիկայի բաժինը։ 1978-80թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ՀՄՖ-ի գրաբարի բաժնում։ 1979-95թթ աշխատել է «Լույս» հրատարակչությունում` որպես խմբագիր, 1985թ-ից` գլխավոր խմբագրի տեղակալ։ 1979-81թթ ծառայել է խորհրդային բանակում` որպես ավագ լեյտենանտ։ 1989-94թթ աշխատել է Հանրապետական ուսումնամեթոդական կենտրոնում` որպես «Ուսում» հրատարակչության պետ։ Զուգահեռ աշխատել է Լեզվի պետական տեսչությունում։ 1994թ-ից ԼՊՏ «Լեզվագետ» ՊՓԲԸ-ի տնօրենն է։ 1994-99թթ եղել է ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության Հայերենի բարձրագույն խորհրդի անդամ։ 1994թ. հիմնադրել և հրատարակել է հայերենին, հայ պատմությանն ու մշակույթին նվիրված «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթը։ Ուսանողական տարիներից հանրապետական մամուլում հրատարակել է բանաստեղծություններ, հոդվածներ, երգիծական ժանրի ստեղծագործություններ։ Խմբագրել է գրքեր, թարգմանել մեկ տասնյակից ավելի գիտական, գիտագեղարվեստական գրքեր։ Հեղինակել է հայերենին նվիրված բազմաթիվ գրքեր, ձեռնարկներ, դասագրքեր։ 1998թ-ից նրա հեղինակած «Այբբենարանը» գործածվում է հանրապետության դպրոցներում։ 2005թ. լույս է տեսել նրա «Հայերենի դասագիրքը»` դարձյալ առաջին դասարանի համար, այնուհետև հրատարակվել է նրա «Մայրենի-1», «Մայրենի-2», «Մայրենի-3», «Մայրենի-4» դասագրքերը (վերջին երեքը` համահեղինակությամբ), որոնք գործածվում են հանրակրթական դպրոցում։ Նաև համահեղինակ է հանրակրթական դպրոցում օգտագործվող «Մաթեմատիկա-1», «Մաթեմատիկա-2», «Մաթեմատիկա-4» դասագրքերի։ Նրա «Հայ-ռուսերեն դարձվածաբանական պատկերագիր բառարանը», «Խաղագրքեր» մատենաշարը հայոց լեզվի նրբությունների ներկայացումներ են։ Հեղինակել է «Անցողիկ հավերժություն», «Այս տխրությունը ես չեմ հորինել», «Օրը` ինչպես որ տեսա» ժողովածուները: Թարգմանել է Ռոբերտ Ալենի «Ինչպես փրկել երկիրը», Վիկտոր Բորուլյայի «Միջուկային գրոհ», Վ.Սիբրուկի «Ռոբերտ Վուդ» գիտագեղարվեստական գրքերը։ 2011թ. լույս է տեսել «Ներկայություն։ Վաչագան Ա.Սարգսյան։ Կենսամատենագիտություն 60» գիրքը, որն ամփոփում է նրա գործունեության ողջ կենսամատենագիտությունը, գրքերի և այլ հրատարակությունների ամփոփագրեր և գրախոսություններ նրա ստեղծագործությունների մասին։ Հանդես է եկել ՎԱՍ գրական կեղծանունով: 1996թ-ից հիմնադրել և Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ վարել է «9-րդ հրաշալիք» հեղինակային հեռուստախաղը։ 2001թ-ից Հայաստանի հանրային ռադիոյի «Ստերեո ստուդիա» ռադիոկայանով, 2002թ-ից «Արմենակոբ» հեռուստաընկերության ուղիղ եթերով վարել է «Զարմանահրաշ հայերեն» հաղորդաշարը։ 2007թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է։ 2006թ. արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին և ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պատվոգրին, 2014թ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար