ՄԵԼՍ ՍԱՆԹՈՅԱՆ

Գրականագետ

22 մարտ, 1938 - 19 մարտ, 2017

Ծնվել է ՀՀ Կիրովական քաղաքում (այժմ` Վանաձոր)։ 1956թ. ավարտել է տեղի թիվ 1 դպրոցը, 1962թ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը: Ուսումնառության ընթացքում ստացել է Լենինյան կրթաթոշակ։ Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Կիրովականի 3-րդ գիշերօթիկ դպրոցում` որպես ավագ ջոկատավար, ԵրՊԻ-ի Կիրովականի մասնաճյուղում` փիլիսոփայության ավագ դասախոս։ 1969թ-ից աշխատել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում, որտեղ 1969-70թթ եղել է մանկավարժության ֆակուլտետի դեկանը, 1970-74թթ` բանասիրական ֆակուլտետի դեկանը, 1974-78թթ` ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը։ 1988-2013թթ ղեկավարել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի գրականության ամբիոնը: 1972թ. «Չարենցի գեղագիտական հայացքները» թեկնածուական ատենախոսության համար ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2003թ. «Էպիկական կերպարի ստեղծման չափումները» աշխատության համար՝ բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (2009թ-ից՝ պրոֆեսոր)։ Հեղինակել է ավելի քան 50 գիտական հոդվածներ, ինչպես նաև բազմաթիվ հրապարակային ելույթներ, զեկուցումներ, հոբելյանական երեկոներ։ 1995թ-ից եղել է Հայաստանի գրողների, ապա՝ թատերական գործիչների միությունների անդամ: Հրատարակվել են նրա «Չարենցը և գրական սխեմատիզմը» (1998թ.), «Տաղի մոգերից մեկը» (2000թ.), «Սերնդի հոգևոր հացը» (2003թ.), «Էպիկական կերպարի ստեղծման չափումները» (1994թ., 2006թ.), «Գրականագիտական բառարան» (2009թ.) գրքերը: Արժանացել է «Լոռվա ասպետ», «Ֆրիտյոֆ Նանսեն», «Հայոս-Քարթլոս» մեդալների, 2007թ.՝ ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակի, 2008թ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալի: Մահացել է Վանաձորում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար