ԲՈԳԴԱՆ ՋԱՆՅԱՆ

Բանաստեղծ

3 հուլիս, 1917 - 25 մարտ, 2010

Բոգդան Օհանջանյան

Ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Տումի գյուղում: 1938թ. ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1940թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին: 1941թ. և 1945-48թթ եղել է Արցախի գրողների մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղարը: Ծավալել է ակտիվ գրական գործունեություն, ելույթներ է ունեցել Արցախում Ադրբեջանի վարած հակահայկական քաղաքականության դեմ, որի պատճառով 1948-54թթ անցկացրել է ստալինյան համակենտրոնացման ճամբարներում, ԽՍՀՄ բանտերում: Այդ տարիների բանտային հուշերն արտացոլված են նրա «Կյանքը հրացանի փողի տակ» հուշագրությունում: 1954-68թթ աշխատել է «Սովետական Ղարաբաղ» թերթում: 1968թ. տեղափոխվել է Երևան: 1968-86թթ աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում: Հեղինակել է բանաստեղծական բազմաթիվ ժողովածուներ, հրապարակախոսական հոդվածներ, էսսեներ: Հրատարակվել են նրա «Իմ լուսաբացը» (1948թ.), «Ճամփաներ» (1957թ.), «Իմ Երևանը» (1960թ.), «Խաղաղ եզերքներ» (1963թ.), «Ես մենակ չեմ» (1964թ.), «Ճանապարհը շարունակվում է» (1965թ.), «Լեռներն արձագանքում են» (1967թ.), «Իմ մոտիկ հեռուն» (1968թ., ռուսերեն՝ 1977թ.), «Կանչող հեռուներ» (1974թ.), «Արմատների հավատով» (1979թ.), «Անտառը լռում է» (1983թ.), «Իշխանաձորի կանաչը» (1986թ.), «Մի գետ էլ ունենք Տրտու անունով» (1995թ.) ժողովածուները։ Եղել է քնարական շնչի բանաստեղծ, որի գործերի հիմքում մայր հայրենիքի ու ժողովրդի հավերժության հավատամքն է: Ծննդյան 70-ամյակի առթիվ արժանացել է ՀԽՍՀ Գերագույն սովետի պատվոգրի: Որպես Հայրենական պատերազմի մասնակից արժանացել է բազմաթիվ շքանշանների և մարտական մեդալների, ապա` «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 1996թ.` Արցախի Եղիշեի անվան մրցանակի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար