ԵՂԻԱ ՉՈՒԲԱՐ

Կինոսցենարիստ, լրագրող

18 հուլիս, 1897 - 19 փետրվար, 1938

Եղիա Չուբարյան

Ծնվել է Թոփթիում (այժմ` Ռուսաստանի Ռոստովի մարզում): Ավարտել է Բաքվի 3-րդ գիմնազիան: 1918թ. աշխատել է Թիֆլիսում և Բաքվում: Հեղափոխական գործունեության համար ձերբակալվել է և աքսորվել Քութայիսի: Բանտից փախել և 1919թ. հասել է Երևան, որտեղ գործուն մասնակցություն է ունեցել «Սպարտակ» կազմակերպության հիմնադրմանը: 1919թ. արտաքսվել է Հայաստանից: 1920թ. աշխատել է Նոր Նախիջևանում, եղել է «Բանվորի կռիվ» թերթի խմբագիրը: Նույն թվականին մեկնել է Բաքու և աշխատել տեղի հայերեն «Կոմունիստ» թերթում: 1921-36թթ խմբագրել է «Գրական թերթ» (Երևան), «Երևան» (Փարիզ), «Խարիբկիթ» (Դոնի Ռոստով), «Կարմիր գութան» (Երևան), «Կոմունիստ» (Երևան), «Մաճկալ» (Երևան), «Գյուղի կոմունիստ» (Երևան), «Հոկտեմբեր-Նոյեմբեր» (տարեգիրք, Երևան), «Նոր ակոս» (Երևան), «Նոր ուղի» (Երևան), «Վերելք» (Փարիզ, Երևան), «Խորհրդային Հայաստան» (Երևան) թերթերն ու ամսագրերը: 1925-27թթ աշխատել է Փարիզում: 1927թ. Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրամանով ձերբակալվել է Փարիզում և արտաքսվել Ֆրանսիայից: Վերադառնալով Երևան` աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթում: 1933-36թթ եղել է Ադրբեջանի լուսավորության նախարարի առաջին տեղակալը, ապա` արվեստի գործերի կոմիտեի նախագահը: Եղել է հայ առաջին կինոսցենարիստներից մեկը: Գրել է «Մեքսիկական դիպլոմատներ» (Հայֆիլմ, 1931թ.) և «Երկու գիշեր» կինոնկարների սցենարները: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Օգտագործել է նաև «Սպարտակ», «Թոփթեցի» ծածկանունները: 1937թ., Ստալինի ցուցումով, նրան Բաքվում ձերբակալել են և մեղադրանք են առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար, որից հետո գնդակահարել են՝ որպես «ժողովրդի թշնամի»:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար