ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ

Ծնվել է 1931թ. սեպտեմբերի 27-ին, Երևանում: 6 տարեկան հասակում կորցրել է տեսողությունը: 1954թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը, այնուհետև ասպիրանտուրան` ավստրոգերմանական գրականության գծով: Ուսումնասիրությունները կատարել է կնոջ՝ բանասեր, թարգմանչուհի Ռիմա Հարությունյանի օգնությամբ: 1956թ. կազմակերպել է բրայլյան տպարան` կույրերի համար ուռուցիկ տառերով գրքեր տպագրելու համար և նշանակվել է գլխավոր խմբագիր, տպագրության պատրաստել և լույս է ընծայել հայկական առաջին բրայլյան գրքրեը՝ Րաֆֆու «Սամվել» վեպը, Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ժողովածուն, Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» և այլն։ Ստեղծել և 1963-75թթ ղեկավարել է Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունը: 1979թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 1965-73թթ եղել է Հայաստանի կույրերի միավորման կենտրոնական վարչության նախագահը: 1974թ-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում, 1978թ-ից՝ ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող: Հեղինակել է շուրջ 100 գրականագիտական և հայագիտական ուսումնասիրություններ` նվիրված հատկապես հայ հին գրականության չլուծված խնդիրներին: Երկերից են՝ «Ավետիք Իսահակյան. վաղ տարիներ. 1875-98թթ» (1983թ., մենագրություն), «Դարի հայ մատենագրության ժամանակագրական խնդիրներ» (1996թ.), «Հայ եկեղեցու և հայոց պետության փոխհարաբերությունները 5-րդ դարի հայ մատենագրության մեջ» (2000թ., «Հայոց եկեղեցի և պետություն»), «Սուրբ գիրքը հայերեն թարգմանելու հանգամանքները և Մեսրոպ Մաշտոցի համառոտ աստվածաշունչը» (2002թ., «Հայ գրականությունը և քրիստոնեությունը»), «Մովսես Խորենացու դարը» (2008թ., մենագրություն), «Տիգրան Մեծը Մովսես Խորենացու և հունա-հռոմեական աղբյուրների գնահատմամբ» (2011թ.)։ Գերմաներենից հայերեն է թարգմանել Վ.Գյոթեի, Ա.Վեգների, Հ.Հայնեի ստեղծագործություններից: 1996թ-ից բանասիրական գիտությունների դոկտոր է, 1998թ-ից` Բնական և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ: 2009թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի և Մանուկ Աբեղյանի անվան արծաթե մեդալի, 2010թ.՝ ԵՊՀ ոսկե մեդալի, 2016թ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար