ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

22 օգոստոս, 1947 - 25 հունիս, 2008

Ծնվել է ՀՀ Նոյեմբերյան քաղաքում: Ավարտել է Ստեփանավանի գյուղատնտեսական տեխնիկումը: 1967-68թթ աշխատել է Այրումի պահածոների գործարանում, 1969-75թթ՝ Նոյեմբերյանի շրջանային «Ծիածան» թերթում նախ որպես գրական աշխատող, ապա՝ նամակների բաժնի վարիչ: 1978թ. ավարտել է (հեռակա) Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1972թ-ից եղել է Հայաստանի ժուռնալիստների, 1984թ-ից` գրողների միությունների անդամ: 1976-82թթ եղել է «Սովետական Հայաստան» թերթի սեփական թղթակիցը Հայաստանի տարբեր շրջաններում, 1980-82թթ՝ Նոյեմբերյանի շրջանային «Ծիածան» թերթի գլխավոր խմբագիրը, 1982-90թթ՝ ՀԳՄ «Գրական թերթի» պատասխանատու քարտուղարը, 1990-91թթ՝ ՀՀ իրավաբանների միության «Ձայն օրինաց» շաբաթաթերթի, 1991-92թթ` ՀՀ իրավաբանների միության «Իրավաբանական թերթ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրը: 1992-94թթ աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթում՝ որպես գլխավոր խմբագրի տեղակալ: 1994թ. եղել է «Առավոտ» օրաթերթի հիմնադիր գլխավոր խմբագիրը, 1995-96թթ՝ Դիլիջան քաղաքի ՆԳ բաժնի պետը, 1996-98թթ՝ Հայաստանի գրողների միության նախագահի օգնականը: 2000թ. հիմնադրել է Նովոսիբիրսկի հայկական ազգային մշակութային ինքնավարության «Կռունկ» թերթը: 2001-03թթ եղել է Հայաստանի գրողների միության գործադիր տնօրենը, 2003-05թթ` Հայաստանի գրողների միության «Սևան» ստեղծագործական տան տնօրենը, 2003-07թթ՝ «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության «Եզերք» թերթի գլխավոր խմբագիրը: Հեղինակել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, մեկ տասնյակից ավելի գրքեր, այդ թվում՝ վավերագրական վիպակներ, որոնք նվիրված են հայ ազգային-ազատագրական պայքարի նորագույն էջերին: «Գեղամ կամ ընդհատված թռիչք» (1994թ.) գրքույկում, «Վիրավոր լեռան ճիչը» (2005թ.), «Մարտնչող լեռնահովիտ» (2006թ.) վեպերում անդրադարձել է արցախյան ազատագրական պատերազմին: Հրատարակվել են նրա «Հանդի հացը» (1978թ.), «Երկնաքարեր» (1985թ.), «Հիշողության կղզիներ» (1987թ.), «Մեթերհեմ բանտի կալանավորը» (1989թ.), «Ֆիդայիներ» (1990թ.), «Եղերական լուսաբաց» (1991թ.), «Եղերական լուսաբաց» (վավերագրական վիպակ, 1992թ.), «Գեղամ կամ ընդհատված թռիչք» (1993թ.), «Ոգեկանչ» (1996թ.), «Վայրի մեղր» (1999թ.), «Հայրենիքից հեռու, հայրենիքի հետ» (2001թ.), «Մանկության սարերի կանչը» (2002թ.), «Գնչուհի Լելան», «Արծաթե եզերք» (վեպ, 2003թ.), «Վիրավոր լեռան ճիչը» (2005թ.), «Մարտնչող լեռնահովիտ» (2006թ.), «Արծիվների երկինք» (2006թ.), «Երկիր ծննդավայր» (2007թ.), «Տոհմականչ» (2008թ.), «Ոսկեպարի Սոսեն» (2008թ.), «Հեռավոր զանգերի կանչը» (2008թ.) գրքերը: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ուկրաիներեն: Ռուսերենից հայերեն է թարգմանել Վ.Կոչևսկու, Պ.Անտոկոլսկու, Վ.Կովդայի, Մ.Լոմոնոսովի մի շարք ստեղծագործություններ: 1997թ. «Ֆիդայիներ» և «Եղերական լուսաբաց» գրքերի համար արժանացել է «Հայ գրականության բարեկամներ» մշակութային բարեգործական միության մրցանակին: 2002թ. արժանացել է Երևան քաղաքին նվիրված լավագույն բանաստեղծության, դրանից մեկ տարի առաջ` Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելու 1700-ամյակի առթիվ հայտարարված լավագույն բանաստեղծության մրցանակներին, իսկ 2007թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար