ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ

Հայոց գրերի հեղինակ

361 - 17 փետրվար, 440

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Եղել է հայկական գրի ստեղծողն ու հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորողը (Սահակ Պարթևի հետ), հայ գրչության, հայագիր (հայկական) դպրոցի հիմնադիրն ու հայերենի առաջին ուսուցիչը, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, Հայաստանի եկեղեցու վարդապետ։ Նրա կյանքի ու գործի վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը, նաև՝ Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ)։ Եղել է կիսազնվական Վարդանի որդին։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապեւոել է հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Մոտ 389թ. հաստատվել է Արշակունյաց մայրաքաղաք Վաղարշապատում և երկրի հազարապետ Առավանի ղեկավարությամբ պաշտոնավարել արքունիքում որպես ատենադպիր, ապա անցել զինվորական ծառայության։ 394թ. թողել է զինվորական ծառայությունը և աշխարհիկ կյանքը, դարձել վանական։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո եղել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։ Նրա ճգնավայրերից մեկը եղել է Հայաստանի Երնջակ գավառի Մեսրոպավանիս (այժմ՝ Նախիջևանի Մսրավանիս) գյուղի մոտակայքը։ Նա աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ: Նախ եղել է Գողթն գավառում, որտեղ, ինչպես և Հայաստանի այլ վայրերում պահպանվում էր հեթանոսական կրոնը։ Տեղի իշխան Շաբիթից ստանալով գործելու ազատ հնարավորություն՝ Գողթնում հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր։ Այդ առաքելության ժամանակ սկսել է լրջորեն մտահոգվել երկրի վիճակով։ Թեև քրիստոնեությունը Հայաստան արդեն մուտք էր գործել և 301թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր քրիստոնյա, երկրում եղած Աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հունարեն կամ ասորերեն էին, ընթերցումները, ժամերգություններն ու ծեսերը կատարվում էին ժողովրդի մեծ մասի համար անհասկանալի այդ լեզուներով։ Նա, Աստվածաշունչը հրապարակորեն կարդալիս, անմիջապես բանավոր թարգմանում էր հայերեն՝ ժողովրդին հասկանալի դարձնելու համար։ Գողթնում կատարած քարոզչությունը նրա մեջ հաստատեց հայերեն գիր ու գրականություն ունենալու հրատապ կարևորությունը։ Կային այդ որոշումն ընդունելու նաև այլ ծանրակշիռ պատճառներ։ 387թ. երկու մասի բաժանված Հայաստանի արևելյան և արևմտյան հատվածները միմյանցից օտարանում էին։ Պարսից գերիշխանության տակ գտնվող արևելյան մասում թեև պահպանվում էր հայոց թագավորությունը, բայց պարսկական ազդեցությունն օրավուր մեծանում էր. արքունական գրագրությունը կատարվում էր պարսկերեն։ Այդ լեզուն ավելի ու ավելի էր թափանցում ժողովրդի բանավոր խոսքի մեջ։ Երկրի արևմտյան մասում, որը միացված էր Բյուզանդիային, վերացված էր հայոց թագավորությունը, եկեղեցին ենթակա էր հունական եպիսկոպոսությանը, եկեղեցու և պետական լեզուն հունարենն էր։ Հայաստանի երկու մասերի միմյանցից օտարացումը սպառնում էր երկրի և ժողովրդի ամբողջությանը, վերահաս էր դառնում հայության ձուլման վտանգը, ամբողջ երկրում դպրոցների, համալսարանների լեզուն հունարեն էր, մասամբ՝ ասորերենը, եկեղեցականների զգալի մասը հույներ և ասորիներ էին, հայ հոգևորականության որոշ մասը հունախոս էր։ Արևմտյան շատ գավառներում հունարենն ու հունական կենցաղը արմատանում էին հայ ընտանիքներում։ Արքունիքում պաշտոնավարելիս և հետո նա կանխազգացել է հայկական ինքնուրույն պետության մոտալուտ անկումը։ Նրա համար հայ դպրության հրատապ ստեղծումն ուներ հետևյալ նպատակները. 1. հայացնել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարողությունները կատարել հայերեն, 2. ստեղծել ու զարգացնել մայրենի լեզվով գրականություն, 3. հայությունը փրկել ձուլումից և դա ապահովել հետագայի համար, 4. ամրացնել երկրի քաղաքականապես երկու մասի բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը, որը քաղաքական միասնության հիմք պիտի դառնար երկրի պետական անկախությունը վերականգնելու հնարավորության դեպքում։ Նրա այս ծրագիրը ձևավորվեց Գողթնում ունեցած գործունեությունից հետո։ 387թ. կաթողիկոս դարձած Սահակ Պարթևը, որ միշտ եղել է ազգակենտրոն քաղաքականության առաջամարտիկ և Մաշտոցի գլխավոր հենարանը նրա գործունեության սկզբից ևեթ, ունեցել է նույն մտահոգությունները։ Գալով Վաղարշապատ (այժմ՝ Էջմիածին), Մաշտոցը կաթողիկոսին հայտնում է իր ծրագիրը և անմիջապես ստանում նրա լիակատար հավանությունը։ Գումարվում է ժողով՝ նվիրված հայերեն գիր ունենալու հարցին։ Վռամշապուհ թագավորը հավանություն է տալիս նպատակին՝ հայտնելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն գրեր կան։ Ժողովի խնդրանքով թագավորը հայ գրերի նախանձախնդիր մի իշխանի՝ Վահրիճ անունով, ուղարկում է Դանիելի մերձակից Հաբել երեցի մոտ։ Վերջինս Դանիելից առնելով գրերը՝ Վահրիճի հետ բերում է Հայաստան։ Այստեղ հիմնվում են դպրոցներ, Մաշտոցն ստանում է վարդապետի (ուսուցչի) կոչում և սկսում մանուկներին հայոց լեզու ուսուցանել բերված գրերով։ Սկիզբ է դրվում հայերեն դպրությանը։ Մոտ երկու տարվա (ըստ ոմանց՝ երկու ամսվա) դասավանդումից հետո պարզվում է, որ դանիելյան նշանագրերը ժամանակի հայերենն արտահայտելու համար անբավարար են ու անհարմար լեզվի վանկարկման և ուսուցման տեսակետից։ Դանիելյան նշանագրերի մասին բանասերները հակադիր ենթադրություններ են արել, բացառված չէ, որ դրանցով ինչ-որ ժամանակ գրվել է հայերեն, իսկ Մաշտոցի օրոք դրանք չեն բավարարել հայերեն դասավանդելու, թարգմանելու և հայոց դպրություն ստեղծելու համար։ Սահակ Պարթևի երաշխավորությամբ, թագավորի հրամանով այս անգամ նա իր աշակերտ-օգնականների հետ, մի խումբ մանուկներ առած, ուղևորվում է Ասորիք։ Լինում է Ամիդ, ապա՝ Եդեսիա քաղաքներում, հայոց գրերի մասին խորհրդակցում ասորի հոգևորականների հետ, բայց՝ ապարդյուն։ Մանուկների մի մասին ասորական կրթության է տալիս Եդեսիայում, մյուսին ուղարկում ավելի հյուսիս՝ Սամոսատ, հունարեն կրթության։ 405թ. ստեղծել է հայերենի հնչյունական համակարգը ճշգրտորեն արտահայտող, ուսուցանելու, թարգմանելու և դպրություն ստեղծելու նպատակին լիովին հարմար նշանագրեր։ Եդեսիայում նորագյուտ տառերը դասավորել է՝ օգտվելով հունարեն այբուբենի հերթականությունից, տառերին տվել է անուններ (այբ, բեն), որոշել է նրանց թվային արժեքները (Ա=1, Ժ=10, Ճ=100)։ Ապա անցնելով Սամոսատ՝ հմուտ հունագետ Հռոփանոսի օգնությամբ կատարելագործել է նորագյուտ տառերի գծագրությունը, նոր տառերն ուսուցանել իր օգնականներին և այդտեղ հունարեն կրթություն ստացող մանուկներին, իր աշակերտներ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ սկսել է նոր գրի օգնությամբ Աստվածաշնչից հայերեն թարգմանել Սողոմոնի առակները, որոնց սկիզբն է՝ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ». սրանք մեսրոպատառ գրված առաջին բառերն են։ Հայոց գրերը ստեղծելիս՝ նա պետք է լուծեր մի շարք բարդ խնդիրներ, որոնցից էին՝ Հայաստանի ավելի քան 300 հազար կմ տարածքում խոսվող բարբառների պայմաններում միասնական գրական հայերենի համար հնչյունական կանոնի որոշումը, գրության ձախից աջ (ինչպես հունարենում) և աջից ձախ (ինչպես ասորերենում) եղած տարբերակներից մեկն ընտրելը, ձայնավորների համար տառեր ունենալու թե չունենալու և կամ ձայնավորները հավելանշումներով (դիակրիտիկ նշաններով) արտահայտելու հարցի լուծումը և այլն։ Հայերենի հնչյունական համակարգը որոշելիս առավելապես նկատի է առել արքունիքում, նախարարական որոշ տներում, հոգևորականության շրջանում ձևավորված ծառայողական (ատենական) հայերենը, որը հենված էր արարատյան (ըստ այլ կարծիքների՝ Տարոնի) խոսվածքի վրա և ինքը գործածում էր Սուրբ գիրքը բանավոր թարգմանելիս ու քարոզելիս։ Շրջանցելով խոսվածքային նեղ առանձնահատկությունները՝ որոշել է բառակազմիչ հնչյունների (հնչույթների) իրական քանակը, հայերենի համար բացասել վանկային և ձայնավորներ չունեցող գրային համակարգերը, առաջնորդվել մեկ հնչյունին (հնչույթին) մեկ գիր սկզբունքով, հայերենի յուրաքանչյուր հնչյունի համար ստեղծել մեկ նշանագիր (բացառություն էր ու հնչյունը, եթե այն երկբարբառային արտասանություն չուներ)։ Մաշտոցն իրավացիորեն հրաժարվել է տառերի ձայնային արժեքը փոփոխող կետերից ու գծիկներից՝ յուրաքանչյուր դեպքում գերադասելով ունենալ առանձին տառ։ Այդպես ստեղծել է 36 տառ, որոնց կիրառությունը ճշտել է Սողոմոնի առակները թարգմանելիս՝ որդեգրելով գրելու հորիզոնական աջընթաց հարմարագույն եղանակը, դրել հայերենի ուղղագրության հիմքը (օրինակ՝ թեև ստեղծել էր ը տառը, բայց, նկատի առնելով համապատասխան հնչյունի հաճախակի գործածությունը հայերենում, ը տառի գրությունը սահմանափակող կանոն հաստատեց)։ Նրա ստեղծած գիրը և ուղղագրությունը դարձան ամենից լիարժեքը ժամանակի մյուս գրային համակարգերի շարքում և չհնացան անցած մոտ 1600 տարիներին։ Միջնադարում նրա այբուբենին ավելացան միայն օ և ֆ տառերը։ Հետագայում արվել են մի քանի ուղղագրական փոփոխումներ (հատկապես արևելահայերենի համար՝ 1922թ., 1940թ.)։ Մաշտոցը նորաստեղծ գրերով վերադարձել է հայրենիք։ Երկրում ծավալվել է թարգմանչաց շարժումը, որը լուսավորական-կրթական ընդարձակ ու երկարատև գործունեություն էր (երկրի բոլոր մասերում հայկական դպրոցների հիմնադրում, թարգմանական ծավալուն աշխատանք, հայ դպրության ստեղծում, եկեղեցու և քարոզչության հայացում, հայ գրչության կենտրոնների ու գրադարանների հիմնում)։ Սահակ Պարթևի ու իր աշակերտների հետ սկսել է Աստվածաշնչի թարգմանությունը՝ մի մասն ասորերենից, մյուսը՝ հունարենից։ Իսկ նախքան այդ, իր քարոզչական գործունեության ժամանակ, բազմիցս բանավոր թարգմանած լինելով Աստվածաշնչի առանձին հատվածներ, դրանց զգալի մասն անգիր գիտեր, և մնում էր ստուգել ու գրի առնել նորագյուտ տառերով։ Կարճ ժամանակում Սուրբ գրքի հիմնական մասը թարգմանվել է հայերեն և բազմացվել գրչությամբ։ Այդ ընթացքում թարգմանվել են նաև փիլիսոփայական, ժամանակագրական, բնագիտական և այլ բնույթի երկեր։ Տառերի գյուտից հետո նա իր օգնականների հետ շրջագայել է Հայաստանում, հավաքագրել աշակերտներ, հիմնել դպրոցներ (Մեսրոպյան դպրոցներ), ինքը տվել հայերենի դասավանդման առաջին օրինակը, հիմնադրել է վանքեր, որոնք դարձել են ուսման, գրչության ու գիտության կենտրոն և օրինակ՝ հետագա դարերում նորերը հիմնելու։ Առաջին երեք շրջագայությունները կատարել է Արևելյան Հայաստանում, չորրորդը՝ Արևմտյան Հայաստանում։ Այստեղ Անատոլիս կուսակալը, Մաշտոցին պատիվներով ընդունելուց հետո, նրա մտադրությունները հայտնել է Բյուզանդիայի Թեոդոս 2-րդ կայսրին, ով Մաշտոցին շնորհել է Ակումիտ (տքնող, արթուն հսկող) պատվավոր տիտղոսը, սակայն զրկել է գործունեության իրավունքից, և Մաշտոցն, օգնականների մի մասին թողնելով Փոքր Հայքի Մելիտենե (Մալաթիա) քաղաքում, մնացածների հետ մեկնել է Կ.Պոլիս, բանակցել կայսրի և հունաց Ատտիկոս պատրիարքի հետ, ստացել հայ երեխաներին մայրենի լեզվով կրթելու և հայ հոգևորականների դասեր հաստատելու կայսերագիր իրավունք։ Վերադառնալով Արևմտյան Հայաստան՝ այստեղ նույնպես հիմնել է հայկական դպրոցներ, մշակութային կենտրոններ։ Ըստ Կորյունի, Արևելյան Հայաստանում կատարած երրորդ շրջագայության ժամանակ, «սկսեց Տիրոջից իրեն շնորհվածի համեմատ նշանագրեր հորինել վրացերեն լեզվի համար»։ Արևելյան Հայաստանում կատարած իր մի այլ (հինգերորդ) շրջագայության ժամանակ այցելել է Բուն Աղվանք (Կուր գետի ձախ ափին), ամենաբազմամարդ ցեղի՝ գարգարացիների լեզվի համար տեղացի Բենիամին երեցի օգնությամբ ստեղծել տառեր, հիմնել դպրոցներ, սկիզբ դնել թարգմանական գործին։ 431թ. նրա աշակերտներ Ղևոնդ Վանանդեցին, Կորյունը, Եզնիկ Կողբացին և Հովսեփ Պաղնացին Կ.Պոլսից բերել են Աստվածաշնչի Յոթանասնից կոչվող հունարեն թարգմանության ստուգված օրինակը, եկեղեցական երկու ժողովների կանոնները և այլ գրականություն։ Սկիզբ է առել Աստվածաշնչի նախնական շտապ (փութանակի) կոչվող թարգմանության համեմատական խմբագրումը, չեղած հատվածների թարգմանումը, որով ստեղծվել է Աստվածաշնչի հայտնի Սահակ-Մեսրոպյան հայերեն թարգմանական բնագիրը։ Շարունակելով թարգմանական և խմբագրական աշխատանքը՝ Սահակ Պարթևի հետ կազմել է հայ եկեղեցու Պատարագամատույցի, Ծիսարանի («Մաշտոցի»), ժամագրքի նախնական տարբերակները։ Մաշտոցը գրել է նաև քարոզներ, ճառեր, ուղերձներ, կազմել է հունական երկերի մի ժողովածու, որը հետո ինքը թարգմանել է հայերեն, ըստ որոշ տվյալների՝ խմբագրել է Գրիգոր Լուսավորչի «Յաճախապատում» քարոզների ժողովածուն։ Մաշտոցը եղել է ժամանակի խոշոր հայ բանաստեղծը։ Ըստ տեղեկությունների, ճգնակյաց կյանքի տարիներից սկսած նա հոգևոր բանաստեղծություններ է հորինել։ Տառերի գյուտից հետո, երբ ծառացավ եկեղեցու ծեսերը, երգեցողությունը հայացնելու խնդիրը, նրա ստեղծած երգերը որդեգրվեցին եկեղեցու կողմից, իսկ հետագայում մտան Շարակնոցի մեջ։ Ըստ բազում վկայությունների՝ շարակնոցներում Ապաշխարության կարգի երգերը նրանն են. ուսումնասիրողները ստուգապես նրանն են համարում դրանց մի մասը՝ շուրջ 130 բանաստեղծություն, այդ թվում՝ Հարց, Տէր երկնից, Ողորմեա շարքերից։ Դրանք մեսրոպյան տառերով գրված առաջին չափածո երկերն են, որոնցով Մաշտոցը դարձել է հայ գրավոր բանաստեղծության հիմնադիրը։ Նրա բանաստեղծությունները խորապես քնարական են, կրում են հեղինակի խոր ներշնչանքի կնիքը։ Ստեղծել է նաև հայ գրավոր բանաստեղծության առաջին չափերն ու հանգերի տարրերը։ Նրա բանաստեղծական արվեստը ազդել է Գրիգոր Նարեկացու, Ստեփանոս Սյունեցու, Ներսես Շնորհալու և միջնադարի այլ բանաստեղծների վրա։ Սահակ Պարթևի հետ հիմնադրել է հայ մասնագիտական երաժշտությունը, նրանք կարգավորել են հայոց բանավոր ժողովրդական ու հոգևոր ձայնեղանակները և օգտագործել եկեղեցական երաժշտության մեջ՝ հայ մասնագիտական երաժշտության ելևէջումը պայմանավորելով հայոց լեզվի հնչերանգով։ Եղել է նաև հայ երգի առաջին դպրոցական ուսուցիչը, հայ մանկավարժության առաջամարտիկը։ Մշակել է հայոց լեզվի, հայ երաժշտության և հայկական նորաստեղծ դպրոցներում ուսուցվող մյուս առարկաների դասավանդման սկզբունքները, որոշել հայկական դպրոցի լեզվական հիմունքը՝ դասավանդումն սկսել մեսրոպյան տառերի և հայերենի, որպես միակ մայրենի լեզվի, ուսուցմամբ, հանրակրթական առարկաները դասավանդել հայերեն, օտար լեզուները՝ հայոց լեզվի հիման վրա։ Մաշտոցյան այս հիմունքը հետագա դարերում ավանդական է դարձել հայկական դպրոցների համար՝ թե հայրենիքում, թե նրանից դուրս։ Նրա մանկավարժական հայացքների կարևոր մի կողմն է դպրոցում դասավանդումը աշակերտներին լիովին հասկանալի լեզվով կատարելը։ Հայաստանի դպրոցներում հունարեն և ասորերեն դասավանդումը ամբողջությամբ հայերենով փոխարինելը, հիմնական նպատակից բացի, նաև մանկավարժական այս խորհուրդն է ունեցել։ Նրա աշխարհայացքին բնորոշ է մարդու ինքնաճանաչման և կատարելագործման գաղափարը, մարդը իր ոչ կատարյալ լինելը, ներքին անմաքրություններն ու արատավոր արարքները գիտակցում է Կատարյալը ճանաչելու և Նրա հետ շփվելու շնորհիվ, որը մարդուն մղում է դեպի խոր զղջում՝ ապաշխարություն և ճանապարհ բացում Կատարյալին մոտենալու ու ձուլվելու, ներքնապես մաքրվելու և համընդհանուր սիրով լցվելու։ Մաշտոցի հասարակական հայացքների մեջ կարևոր է ժողովրդին մայրենի լեզվով լուսավորելու, հայությունն ու հայրենիքը քրիստոնեական եկեղեցու և հայոց լեզվի ու հայ մատենագրության միջոցով միավորելու, ժողովրդի ազգային ինքնությունը պահպանելու գաղափարները։ Մահացել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին), թաղված է ՀՀ Օշական գյուղում: Նրա մահից հետո հազարապետ Վահան Ամատունին և զորավար Հմայակ Մամիկոնյանը մեծ բազմությամբ նրա մարմինը տեղափոխել են Օշական, որտեղ երեք տարի անց Վահան Ամատունին տաճար է կառուցել, աճյունը տեղափոխել այնտեղ։ Նրա հիշատակը հարգելու համար Հովսեփ կաթողիկոսը հանձնարարել է Կորյունին գրելու Մաշտոցի կյանքն ու գործը։ Հայ եկեղեցին, նկատի ունենալով Մաշտոցի ժողովրդականությունը, նրան դասել է իր սրբերի շարքը։ Տոնացույցում նրա անունը հիշատակվում է 3 շարժական տոներում: 1962թ-ից Մաշտոցի անունն է կրում հայկական ամենահարուստ ձեռագրատունը՝ Երևանի Մատենադարանը։ Օշականի ճանապարհին կանգնեցվել է մաշտոցյան այբուբենին նվիրված հուշակոթող։ Հետագայում նրա մասին գրվել են գիտական աշխատություններ, գեղարվեստական ստեղծագործություններ: Մաշտոցի անունով են կոչվել նաև պողոտա, համայնք, ուսումնական հաստատություններ Երևանում, փողոցներ, դպրոցներ, հիմնարկներ ու կազմակերպություններ: Սահմանվել են ՀՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշաններ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար