ՄԱՐԻԵՏԱ ՇԱՀԻՆՅԱՆ

Գրող, հրապարակախոս, թարգմանիչ

21 մարտ, 1888 - 20 մարտ, 1982

Ծնվել է Մոսկվայում: Եղել է գրականագետ, թարգմանիչ Հակոբ Խաչատրյանցի կինը: 1912թ. ավարտել է Մոսկվայի Գերյեի կանանց բարձրագույն դասընթացների պատմափիլիսոփայական ֆակուլտետը։ 1914թ. մեկնել է Հայդելբերգ (Գերմանիա)՝ մագիստրոսական դիսերտացիա պաշտպանելու, սակայն, պատերազմը սկսվելուն պես, որպես ռուսահպատակ, ներկալվել է և արտաքսվել երկրից, անցել է Շվեյցարիա, վերադարձել Ռուսաստան, բնակություն է հաստատել Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով), կոնսերվատորիայում դասավանդել արվեստի պատմություն և գեղագիտության ներածություն: 1909թ. լույս է տեսել նրա «Առաջին հանդիպումներ» բանաստեղծությունների գիրքը։ Սակայն նրան ճանաչում է բերել «Orienta-15а» (1913թ.) բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն, որն աչքի է ընկնում անկեղծ քնարականությամբ։ Գրողի ստեղծագործության վաղ շրջանը կապված է սիմվոլիստների կրոնափիլիսոփայական կոնցեպցիաների հաղթահարման հետ, որն արտացոլված է նրա «Օ՜, ունեորի երանություն։ Զ.Հ.Գիպիուսի պոեզիան», «Երկու բարոյականություն» գրքերում, չափածո պիեսներում։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել 1906-19թթ «Պրիազովսկի կրայ», «Կավկազսկոյե սլովո», «Բաքու» թերթերին աշխատակցելը, որտեղ նա դեմոկրատական դիրքերից լուսաբանել է գրական կյանքի իրադարձությունները։ «Իմ ճակատագիրը» (1916թ., լրիվ հրտ.՝ 1923թ.) վեպով, որը պատկերում է այդ տարիների «Ճգնաժամային տրամադրությունները», փաստորեն ավարտվել է գրողի ստեղծագործության նախահեղափոխական փուլը։ Գրողը Հոկտեմբերյան հեղափոխությունն ընդունել է խանդավառությամբ։ Այդ ժամանակ լինելով Դոնում՝ նա ստեղծել է Ռուսաստանի հարավում հեղափոխության ու քաղաքացիական պատերազմի իրադարձություններին նվիրված «Փոփոխություն» (1922-23թթ) վիպակը։ Դրան է հաջորդել «Բարձր դասի տիկնոջ արկածները» (1923թ.) գիրքը, որը պատկերում է, թե ինչպես է ընկալել հեղափոխությունը «այն կողմի» մարդը։ 1922թ. գործուղվել է Հայաստան, գրել «Սովետական Հայաստան» (1923թ.) գիրքը։ 1924-25թթ Ջիմ Դոլլար կեղծանունով սկսել է լույս ընծայել «Մեսս-Մենդ» (կինոնկար՝ 1926թ., հայերեն հրտ.՝ 1971թ.) առաջին սովետական հակաֆաշիստական արկածային վիպակների շարքը («Յանկին Պետրոգրադում», «Լորի Լեն, մետաղագործ», «Բաղդադ տանող ճանապարհը»), որոնք տպագրվել են արտասահմանյան կոմունիստական մամուլում։ 1927թ. վերջից հաստատվել է Հայաստանում՝ Զոլագերանում, որտեղ կառուցվում էր Ձորագէսը։ 1930-31թթ հրատարակել է «Հիդրոցենտրալ» վեպը՝ սովետական գրականության մեջ սոցիալիստական շինարարության, մարդկանց նոր փոխհարաբերությունների մասին «արդյունաբերական վեպի» առաջին նմուշներից մեկը։ Այդ գրքի համար գրողը պարգևատրվել է ՀՀ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1942թ. գործուղվել է Ուրալ, գրել կրքոտ հոդվածներ ու ակնարկներ, որոնք ամփոփվել են «Ուրալը պաշտպանության մեջ» (1944թ.) գրքում։ Ետպատերազմյան ուղևորությունների արգասիքն են նրա «Հնգամյակի ուղիներով» (1947թ.), «Ճանապարհորդություն Սովետական Հայաստանում» (1950թ., ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1951թ., հայերեն հրտ.՝ 1952թ.) ակնարկների ժողովածուները, որոնցում հետազոտել է ժամանակակից կյանքի կարևոր երևույթները։ «Արտասահմանյան նամակներ» (1964թ.) ակնարկների գրքում ետպատերազմյան Եվրոպան է՝ գաղափարական պայքարի ամբողջ բարդությամբ։ Նրա գրչին են պատկանում Գյոթեի, Նիզամիի, Շևչենկոյի, Հաշեկի, Կռիլովի, Մ.Նալբանդյանի, Ա.Շիրվանզադեի և «Կալևալա» էպոսի մասին մենագրություններ, հոդվածներ՝ գրականության ու արվեստի՝ սովետական և օտարերկրյա գործիչների մասին։ Լույս են տեսել գրողի «Գրական օրագիրը» (1923թ.), «Գրականության և արվեստի մասին» (1958թ.), «Հայ գրականության և արվեստի մասին» (1961թ.) գրքերը։ 1964թ. հրատարակվել է 18-րդ դարի չեխ կոմպոզիտոր Յ.Միսլիվեչեկի մասին «Հարություն՝ մեռյալներից» վիպակ-ուսումնասիրությունը, որի համար պարգևատրվել է Չեխիայի Հանրապետության ոսկե մեդալով։ Գրողի ստեղծագործության մեջ առանձնակի տեղ է գրավում լենինյան թեման: «Ուլյանովների ընտանիքը» (1938թ.) վեպ-ժամանակագրությունը, «Առաջին համառուսականը» (1965թ.), «Պատմության հարցատոմսը» (1970թ.) վեպի էսքիզը և «Չորս դաս Լենինից» (1970թ.) ակնարկների համար 1972թ. արժանացել է Լենինյան մրցանակի։ Նա հանգամանորեն ներկայացրել է 19-րդ դարի 70-ական թթ Ռոաաստանի պատմությունը, ցույց տվել լենինիզմի՝ որպես պատմական երևույթի, խոր հիմնավորվածությունը, վերստեղծել մարդ և մտածող Լենինի կենդանի կերպարը։ Նրա «Մարդը և ժամանակը» (1980թ.) հուշագրությունը մարդու ձևավորման մասին պատմող խոր ու ճշմարտացի գիրք է։ Հայերենից ռուսերեն է թարգմանել Հ.Թումանյանի, Հ.Հովհաննիսյանի, Ա.Ծատուրյանի, Ս.Շահազիզի, ադրբեջաներենից՝ Նիզամիի, անգլերենից՝ Ու.Քոլինզի առանձին ստեղծագործություններ։ Նրա գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ 1946թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1934թ-ից եղել է ԽՍՀՄ գրողների միության, 1950թ-ից՝ ՀՀ ԳԱ թղթակից անդամ։ Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի 3, Ժողովուրդների բարեկամության և այլ շքանշաններով: 1976թ. արժանացել է ԽՍՀՄ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Մահացել է Մոսկվայում, թաղված է տեղի հայկական պանթեոնում: