ԳԵՂՈՒՆԻ ՉԹՉՅԱՆ

Կոմպոզիտոր

Ծնվել է 1929թ. օգոստոսի 30-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 1950թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային և կոմպոզիցիայի բաժինները, 1953թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը` Գրիգոր Եղիազարյանի դասարանը: 1953թ-ից եղել է Երևանի Կ.Սարաջևի անվան երաժշտական դպրոցի ստեղծագործական դասարանի հիմնադիր-ղեկավարը: 1971թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1990թ-ից` պրոֆեսոր): 1986թ-ից եղել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության հաշվիչ հանձնաժողովի անդամ, 1981-89թթ` ՀԵԿՄ կուսկազմակերպության առաջին քարտուղարը, 1989թ-ից` Հանրապետական Կանանց խորհրդի նախագահության հիմնադիր-անդամ և Հայաստանի հանրային ռադիոյի գեղարվեստական խորհրդի անդամ: Գրել է Բալետային սյուիտ (1954թ.), «Յոթ մանկական սիմֆոնիկ պատկերներ» (1964թ.), «Բարի լույս» նախերգանքը (1967թ.), «Հայաստան» կամերային սիմֆոնիան (1988թ.), կոնցերտներ` ձայնի (1963թ.), ջութակի (1976թ.), դաշնամուրի (1981թ., երեքն էլ` նվագախմբի հետ) համար, «Հայկական խորաքանդակներ» դաշնամուրային շարքը (1972թ.), կանտատներ երգչախմբի համար («Իմ Հայաստան», 1959թ., «Տարվա եղանակներ», 1973թ.), «Անհայտ զինվորը» պոեմ-ռեքվիեմը (1975թ.), խմբերգեր, սոնատներ, ռոմանսներ, 9 վոկալ շարքեր (Հ.Շիրազի, Ս.Կապուտիկյանի, Պ.Սևակի, Ա.Իսահակյանի, Վ.Դավթյանի, Ե.Չարենցի և այլոց խոսքերով), մանկական, երգեր, պիեսներ: Հայ երաժշտական արվեստը ներկայացրել է ԱՄՆ-ում, Կանադայում, Անգլիայում, Լեհաստանում, Բուլղարիայում: Ունեցել է հեղինակային կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունների համերգներ Երևանում, Հայաստանի քաղաքներում, Մոսկվայում, Սան Ֆրանցիսկոյում, Ռիգայում: Մամուլում հանդես է եկել հոդվածներով, գրախոսականներով, հուշերով: Արժանացել է մի շարք պատվոգրերի, մրցանակների, 1970թ.` Մոսկվայի համամիութենական մրցույթի 1-ին մրցանակի դափնեկրի, 1980թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2009թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2011թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: