Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ՄԻՔԱՅԵԼ ՉԱՄՉՅԱՆ

Պատմաբան, լեզվաբան

4 դեկտեմբեր, 1738 - 30 նոյեմբեր, 1823

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա սովորել Սբ. Ղազար կղզու Մխիթարյան վարժարանում։ Տիրապետել է բազմաթիվ հին և նոր լեզուների (հունարեն, լատիներեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, եբրայերեն, սանսկրիտերեն, ասորերեն, պարսկերեն, թուրքերեն և այլն)։ 1762թ-ից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ 1769թ. օծվել է վարդապետ, նշանակվել Բասրայի ու Բաղդադի հայ կաթոլիկական համայնքի հոգևոր առաջնորդ։ 1776-89թթ վարել է Սբ. Ղազարի, 1789-91թթ՝ Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս քաղաքի հայկական վարժարանների վերատեսչի, 1795-1823թթ՝ Կ.Պոլսի Մխիթարյանների մեծավորի պաշտոնները։ Եղել է Մխիթարյան միաբանության վարչական մարմնի խորհրդական։ Ծավալել է հայագիտական բուռն գործունեություն։ 1779թ. հրատարակել է «Քերականութիւն Հայկազեան լեզուի» աշխատությունը, որը 1801-59թթ ունեցել է 15 հրատարակություն (որոշ բարեփոխումներով) և մեծ դեր խաղացել հայոց լեզվի ուսուցման գործում՝ շուրջ մեկ հարյուրամյակ օգտագործվել որպես գրաբարի քերականության լավագույն դասագիրք։ Նշելով լեզվի հասարակական հաղորդակցման դերը՝ լեզվական փոփոխությունները համարել է հետագա աղավաղումներ, քերականությանը վերապահել այդ աղավաղումները կանխողի և կարգավորողի դեր։ Ի տարբերություն տրամաբանական-ռացիոնալիստական ուղղության ներկայացուցիչների, նա դեմ է եղել լեզվի կառուցվածքի «բնական» փոփոխություններին։ Իր քերականությամբ մերժել է լատինաբան հեղինակների նորամուծությունները, որոնք, կաղապարվելով լատիներենին, չէին ներկայացնում գրաբարի քերականության իրական նկարագիրը։ Լեզվաբանը վկայություններ է բերել միմիայն 5-7-րդ դարերի հայ լավագույն մատենագիրներից, որով ավելի է արժեքավորվում աշխատությունը։ Քննադաաելով լատինաբանների, այդ թվում Մխիթար Սեբաստացու քերականությունները, նա մեծ դեր է խաղացել աղճատված հայերենի քերականության նախնական ու հարազատ վիճակը վերականգնելու և հայերենը խորթ ու օտար տարրերից մաքրելու գործում։ Նրա քերականության առաջին բաժինը նվիրված է խոսքի մասերի («մասանց բանի») քննությանը։ Նա գրաբարի համար ընդունում է ութ խոսքի մաս և տասը հոլով։ Զգալի տեղ է հատկացրել բայի խոնարհման եղանակներին ու ժամանակներին։ Երկրորդ բաժինն ունի տեսական բնույթ և նվիրված է խոսքի մասերի «որպիսութեանը»։ Ըստ նրա, քերականությունը մարդուն սովորեցնում է ուղիղ խոսել, քանի որ խոսքը կազմված է բառերից, բառերը կարգավորվում են կանոններով։ Երրորդ բաժինը նվիրված է խոսքի մասերի համաձայնությանը։ Նա համաձայնություն ասելով հասկանում է խոսքի մասերի կապակցությունը, խոսքի ութ մասերին համապատասխանեցնում է ութ տեսակ կապակցություն։ Աշխատությանը կցել է նաև «Համառօտութիւն քերականութեան» բաժինը՝ որպես բուն նյութի շարունակություն, որի մեջ ավելի համառոտ, հերթականությամբ շարադրել է քերականության կանոնները։ Նրա հայագիտական գործունեության մեջ ամենաարժեքավորը «Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչե ցամ տեառն 1784» (հ.1-3, 1784-86թթ) պատմական երկասիրությունն է, որը Հայաստանի և հայ ժողովրդի քննական պատմություն ստեղծելու առաջին փորձն է հայ պատմագրության մեջ։ Ի տարբերություն հայ ավանդական պատմագրության, մշակել է ժամանակագրություն, փորձել պարբերացնել հայոց պատմությունը՝ հիմք ընդունելով թագավորների և թագավորական հարստությունների, Տիեզերական ժողովների և այլ կարևոր իրադարձությունների տարեթվերը, առաջադրել պատմության ըմբռնման նոր սկզբունքներ (պատմությունն ունի գործնական նշանակություն, պետք է նպատակաուղղի անհատի գործունեությունը, հասարակությանը օգնի դժվարին պահերին ճիշտ կողմնորոշվելու և այլն)։ Սակայն ունենալով կրոն, պատմահայեցողություն՝ պատմական իրադարձությունները դիտել է «գերաշխարհիկ» էակի կամքի արտահայտություն, նախախնամության հետևանք, նույնացրել ժողովրդի և եկեղեցու պատմությունը, գերագնահատել անհատի դերը։ «Պատմութիւն Հայոց»-ը ընդգրկում է աշխարհաշինության մասին աստվածաշնչյան ավանդությունից մինչև 18-րդ դարի վերջին քսանամյակը։ Օգտվելով հայ մատենագիրների ձեռագիր գործերից (որոնք դեռես չէին հրատարակվել), պատմաբանը համեմատել է դրանք և սրբագրել բնագրային աղճատումները, ապա համադրելով օտար աղբյուրների հետ՝ ստուգել նաև նկարագրված դեպքերի ճշմարտացիությունը։ Նյութը շարադրելիս՝ գրքի լուսանցքում նշել է աղբյուրը։ Եռահատոր երկը, ըստ ժամանակաշրջանների, բաժանված է 6 գրքի. 1. նահապետների և Հայկազունների, 2. Արշակունյաց թագավորության, 3. մարզպանների, արաբական ոստիկանների և հայոց նախարարների տիրապետության, 5. Ռուբինյանների թագավորության, 6. անիշխանության։ Հայ ժողովրդի պատմությունը նա սկսել է Ադամից, հայերին համարելով նախամայր ժողովուրդ, Հայաստանը՝ մարդկության և քաղաքակրթության նախնական օրրան։ Նրա կարծիքով Աստվածաշնչի Ծննդոց գրքում նկարագրված անցքերը տեղի են ունեցել Հայաստանում, որտեղ գտնվել է դրախտը։ «Պատմութիւն Հայոց»-ի առաջին գիրքը տոգորված է ազգային-ռոմանտիկական հայեցողությամբ և արժեքավոր է միայն այնքանով, որ հետաքրքրություն է առաջացրել հայ ժողովրդի ծագման հարցի շուրջ։ Երկրորդ գրքում արժեքավոր է հայկական գրերի գյուտին, Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի և նրանց աշակերտների լուսավորական, մատենագիտական և թարգմանչական գործունեությանը տրված գնահատականը։ Երրորդ գրքում հանգամանորեն նկարագրված են հայ ժողովրդի ազատագրական պատերազմները պարսկական, բյուզանդական, արաբական զավթիչների դեմ, սակայն ազգային-ագատագրական պայքարին տրված է կրոնական բովանդակություն։ Չորրորդ գրքում շարադրված է հայկական պետականության վերականգնման, հինգերորդում՝ Կիլիկյան Հայաստանի պատմությունը։ Վեցերորդ գրքի այն մասը, որը վերաբերում է 17-18-րդ դարերի պատմությանը, փաստորեն սկզբնաղբյուրի արժեք ունի, որովհետև նկարագրված դեպքերից շատերը չեն հանդիպում այլ աղբյուրներում։ Այս գրքում հեղինակը 16-18-րդ դարերի հայ ազատագրական միտքն ու գաղափարախոսությունը, հայ ազատագրական գործիչների դեգերումները Եվրոպայում ներկայացրել է կաթոլիկ եկեղեցու շահախնդրության տեսանկյունից։ «Պատմութիւն Հայոց»-ի ամենաէական թերությունը ժողովրդի ներքին կյանքի, սոցիալական շարժումների և սոցիալ-տնտեսական հարաբերությունների պատմության բացակայությունն է։ Հայաստանում և Թուրքիայում ապրող հայերի համար գրել է («Պատմութիւն Հայոց»-ի համառոտ խմբագրմամբ) «Խրախճան պաամութեան Հայոց» աշխատությունը (1811թ.), որը թարգմանվել և հրատարակվել է նաև թուրքերեն (1812թ.) և անգլերեն (1827թ.)։ Հայ մեկնողական գրականության գլուխգործոց է նրա «Մեկնութիւն սաղմոսաց» (հ.1-10, 1815-23թթ) երկասիրությունը։ Սաղմոսների հայերեն թարգմանությունը համեմատելով ասորական, հունական, լատինական, եթովպական, արաբական թարգմանությունների և եբրայերեն բնագրի հետ՝ ճշգրտել է դրանք, վերացրել թարգմանական աղճատումները, մեկնաբանել սաղմոսների գեղարվեստական, իմաստասիրական, գեղագիտական արժեքները։ Անտիպ են նրա նույն եղանակով մեկնված Հովհաննես առաքյալի Ավետարանը («Մեկնութիւն Ավետարանին Ցովհաննու»), լատիներեն-հայերեն բառարանը, «Ուղեգրութիւնները» (պահպանվում են Սբ. Ղազարի մատենադարանում)։ Կ.Պոլսի լուսավորչական և կաթոլիկական հայկական համայնքների միջև ընթացող սուր պայքարը հարթելու նպատակով գրել է (1776-1815թթ) «Վահան հաւատոյ, յորում հաստատի ուղղափառութին Հայաստանեայց եկեղեցւոյ սկսեալ ի սրբոյն Գրիգորէ Հայաստանեայց Լուսավորչէ մինչե ցայսօր» ծավալուն (1000 էջ) դավանաբանական երկը, որը Հռոմի հավատաքննության գերագույն ատյանի 1819թ. մայիսի 5-ի որոշմամբ ճանաչվել է հերետիկոսական և ոչնչացվել (համառոտ տարբերակը հրատարակվել է 1873թ., Կալկաթայում՝ «Վահան հաւատոյ ուղղափառութեան Հայաստանեայց եկեղեցւոյ» վերնագրով)։ Մշակել է հայկական դպրոցների ուսումնական և բարոյակրթական կանոններ ու ծրագրեր, անհրաժեշտ համարելով հայկական դպրոցը եվրոպականացնել, կապել կյանքին, ծառայեցնել ժողովրդի շահերին։ Դասավանդվող առարկաների ծրագրում գերակշռությունը տվել է հայագիտությանը։ Կ.Պոլսի հայ համայնքները միաբանելու նպատակով` բանակցություններ է վարել Կ.Պոլսի հայոց պատրիարքներ Հովհաննես Չամաշրճյանի և Պողոս Գրիգորյանի հետ, հրավիրել է խորհրդակցություններ, պատրաստել «Հրավեր սիրո» հատուկ շրջաբերականը, սակայն նախաձեռնությունը դատապարտել են թե' Էջմիածինը, թե' Վատիկանը: Մահացել է Կոստանդնուպոլսում: