ՅԱԿՈՎ ԽԱՉԻԿՅԱՆ

Գրականագետ, փիլիսոփա

17 հուլիս, 1921 - 20 մարտ, 2015

Ծնվել է ՀՀ Ջալալօղլի (այժմ` Ստեփանավան) քաղաքում: 1949թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը, սովորել է նաև ասպիրանտուրայում։ 1942-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1953թ-ից աշխատել է ՀՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի սեկտորում, 1962-69թթ ղեկավարել է սեկտորի գեղագիտության խումբը։ 1969-73թթ եղել է ՀՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի տնօրենի տեղակալը, 1973-76թթ` տնօրենը, 1976թ-ից` ՀԿԿ Կենտկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչը։ Եղել է նաև Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի ռեկտորը, փիլիսոփայություն է դասավանդել երևանյան մի շարք բուհերում: Գիտական աշխատությունները նվիրված են գեղագիտության տեսության և պատմության, արվեստի իմացաբանական հարցերին, բուրժուական արվեստի քննադատությանը, գեղագիտական դաստիարակությանը։ Նրա նախաձեռնությամբ և մասնակցությամբ կազմվել են «Էսթետիկայի հարցեր» (հ.1-2, 1967-72թթ), «Հայ էսթետիկական մտքի պատմությունից» (հ.1-2, 1974-76թթ)։ Հեղինակել է նաև «Հայ գեղագիտական մտքի պատմության մեթոդաբանական հարցեր» (ռուսերեն, 2001թ.) գիրքը, եռահատոր հուշագրություն (2002-05թթ) և եղել է համահեղինակ «Հայ կերպարվեստագետներն արվեստի մասին» (ռուսերեն, 2004թ.) ժողովածուի: 1969թ. ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1970թ-ից` պրոֆեսոր): Մասնակցել է մի շարք միջազգային կոնգրեսների, հեղինակել է ավելի քան 30 գիրք և թեմատիկ ժողովածուներ: 1971թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Անդամակցել է նաև Հումանիզմի հիմնախնդիրների (1989թ.), Հայոց փիլիսոփաների (2000թ.), Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային (2000թ.), ՌԴ մանկավարժական և սոցիալական գիտությունների (2004թ.) ակադեմիաներին: 1985թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման, 2000թ.` ԵՊՀ ոսկե, 2003թ.` Վ.Վեռնանդսկու, 2004թ.` «Ֆրիտյոֆ Նանսեն» միջազգային հիմնադրամի ոսկե մեդալների, 2005թ.` Ստեփանավանի պատվավոր քաղաքացու կոչման, 2012թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար