Եղիա Մուշեղյան

Դիվանագետ, բանահավաք

Մադաթ Պետրոսյան

Արձակագիր

Արմեն Օհանյան

Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Արա Բեքարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Արթուր Ասատրյան

Երաժիշտ, պրոդյուսեր

 

 

 

 

ԱԶԱՏ ՂԱՐԻԲՅԱՆ

Բալետի արտիստ, պարուսույց

25 հուլիս, 1923 - 14 մայիս, 1988

Ծնվել է Երևանում: Եղել է պարուհի Թերեզա Գրիգորյանի ամուսինը: 1940թ. ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը: Մեկ տարի սովորել է Լենինգրադի պարարվեստի ուսումնարանում, իսկ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին աշխատել է Անդրկովկասի զինվորական օկրուգի պարի անսամբլում` ելույթներ ունենալով զինվորների համար: 1948թ. ավարտելով Լենինգրադի պարարվեստի ուսումնարանը` ընդունվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ աշխատել է որպես մենակատար, պարուսույց, բալետմեյստեր: Հանդես է եկել Բ.Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (Նուրալի), Ա.Խաչատրյանի «Գայանե» (Կարեն), Ա.Սպենդիարյանի «Խանդութ» (Աշուղ), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Բազիլ) և այլ բալետներում: Բեմադրել է Գ.Հախինյանի «Ախթամար», «Ուռենի», «Լոռեցի Սաքոն», Բ.Սակիլարիի «Չոփչոփիկը», Հ.Մուրադյանի «Կարմիր գլխարկը», Ի.Մորոզովի «Բժիշկ Այբոլիտը», պարեր Ա.Սպենդիարյանի «Ալմաստ», Ա.Տիգրանյանի «Անուշ», Տ.Չուխաճյանի «Արշակ Բ» և այլ ներկայացումներ: 1962թ. եղել է Հայաստանի Պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բալետմեյստերը, 1963-83թթ` Երևանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գլխավոր բալետմեյստերը: 1959թ. նրա նախաձեռնությամբ Երևանի պարարվեստի ուսումնարանում բացվել է ժողովրդական պարի բաժին, որը ղեկաավարել է երկար տարիներ` ստեղծելով հայկական պարի ուսուցման ծրագիր: Մասնակցել է նաև Կիրովականի (այժմ` Վանաձոր) և Արցախի պարի պետական անսամբլների ստեղծմանը, Կանադայում կազմակերպել է պարային համույթ: 1976թ. հանդիսացել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժնի ստեղծման նախաձեռնողներից մեկը: 1986թ. ստեղծել է «Կռունկ» պարային համույթը, որի համար բեմադրել է լավագույն պարային համարներ` Ա.Բաբաջանյանի երաժշտությամբ «Էլեգիա», Կոմիտասի «Մոկաց հարսներ», Խ.Ավետիսյանի «Հուշեր», Մ.Փրիդոնյանի «Հայոց աղջիկներ», ժողովրդական երաժշտությամբ «Հարսանիք», մեկ գործողությամբ «Քաջ Նազար» բալետը, Սայաթ-Նովայի երաժշտությամբ զուգապար, ազգագրական պարերի շարաններ: 1956թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1980թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: