Թեոդոր Աման

Գեղանկարիչ

Արազի

Արձակագիր, թարգմանիչ

Սերգեյ Շաթիրյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Հրանտ Ստեփանյան

Գեղանկարիչ

Սաղաթել Հարությունյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Գոհար Գրիգորյան

Ճարտարապետ

Արմեն Աղալյան

Ճարտարապետ

Աշոտ Ալեքսանյան

Ճարտարապետ

Արեգ Լուսինյան

Կոմպոզիտոր

Բաբկեն Սիմոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Համլետ Ղուշչյան

Հաղորդավար, լրագրող

Անուշկա

Երգչուհի, դերասանուհի

Կարինե Աշուղյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սոնա Առուստամյան

Բալետի արտիստ, պարուսույց

Աննա Դավթյան

Դերասանուհի

 

 

 

 

ՍՈԿՐԱՏ ԽԱՆՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

Ծնվել է 1930թ. հունվարի 22-ին, Արցախի Հադրութի շրջանի Աղբուլաղ (այժմ` Ակնաղբյուր) գյուղում։ 1944թ. ավարտել է տեղի յոթնամյա դպրոցը, այնուհետև` հարևան Էդիլլու (այժմ՝ Ուխտաձոր) գյուղի միջնակարգ դպրոցը։ 1947-48թթ աշխատել է հայրենի գյուղում` որպես կոմերիտ-կազմակերպության քարտուղար և մշակույթի տան վարիչ։ 1949-53թթ սովորել է Բաքվի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում։ 1950թ. «Կոմունիստ» թերթում տպագրվել է նրա առաջին բանաստեղծությունը` նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ավագ եղբոր` բանաստեղծ Սուրեն Խանյանի հիշատակին։ 1953-62թթ աշխատել է Բաքվում հրատարակվող «Կոմունիստ» հայերեն հանրապետական թերթի խմբագրությունում` որպես լրագրող։ 1958թ. դարձել է ԽՍՀՄ, 1994թ.` Արցախի, 2002թ.` Հայաստանի գրողների միության անդամ։ 1959թ. տպագրել է բանաստեղծությունների առաջին ժողովածուն` «Կարկաչ» խորագրով։ Այնուհետև լույս են տեսել «Բարեկամություն» (1963թ.), «Սիրտս ձեզ հետ է» (1966թ.), «Արևսար» (1968թ.), «Լեռների երգը» (1972թ.), «Իմ նվերը» (1973թ.), «Քո անունից» (1980թ.), «Կանաչ ծփանք» (1981թ.), «Կարոտի կրակներ» (1991թ.), «Արցախյան ղողանջներ» (1991թ.), «Արցախի արծիվը» (1995թ.), «Մհեր» (1995թ.), «Իմ ծիածանը» (2000թ.), «Նահատակ լուսո» (2005թ.), «Սիրո ճամփա» (2007թ.), «Տարիներս» (2010թ.) գրքերը: 1962-65թթ սովորել է Բաքվի պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում` «Հայ գրականություն» մասնագիտության գժով։ Միաժամանակ դասավանդել է հայոց լեզվի և գրականության բաժնում։ 1965թ. ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզ` «Նաիրի Զարյանի դրամատուրգիան» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1969թ. տեղափոխվել է Ստեփանակերտ և շարունակել դասախոսական աշխատանքը Արցախի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնում` որպես դոցենտ (1991թ-ից՝ պրոֆեսոր)։ 1974-88թթ եղել է Արցախի պետական համալսարանի ուսանողական գիտական խորհրդի նախագահը։ 1975-76թթ եղել է մարզային «Գիտելիք» ընկերության նախագահը։ 1978-81թթ վարել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետի դեկանի պաշտոնը։ 1984-2007թթ եղել է ԱրՊՀ նախ` հայոց լեզվի և գրականության, ապա` գրականության և լրագրության ամբիոնի վարիչը, 1985-90թթ` Խաղաղության պաշտպանության Արցախի մարզային կոմիտեի նախագահը։ 2002թ. ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է թեզ` «Հայրենիքի ճակատագիրը հայ պոեզիայում (1950-90-ական թթ) թեմայով և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 2004թ. ՀՀ ԲՈՀ-ի կողմից ստացել է պրոֆեսորի դիպլոմ` գրականագիտության գծով։ Որպես գրականագետ հրատարակել է հետևյալ աշխատությունները՝ «Պոեզիայի ուժն ու հմայքը» (Ե.Չարենցի մասին, 1987թ.), «Թաթուլ Հուրյանի սխրանքը» (1991թ.), «Ցավի և սիրո պոեզիա» (Վ.Հակոբյանի ստեղծագործությունը, 1991թ.), «Բոգդան Ջանյանի ստեղծագործությունը» (1997թ.), «Գ.Գաբրիելյանի աշխարհը» (1997թ.), «Արցախյան պատերազմը և հայ պոեզիան» (1998թ.), «Տաղանդի լույսը-Ժան Անդրյան» (1998թ.), «Նվարդ Ավագյանի պոեզիան» (2000թ.), «Հայրենիքի ճակատագիրը հայ պոեզիայում» (1950-90-ական թթ, 2001թ.), «Ազգային ճակատագիրը և հայ պոեզիան» (2003թ.), «Հրաչյա Բեգլարյանի քնարերգությունը» (2004թ.), «Պոեզիայի զարգացման միտումներն Արցախում (1950-90-ական թթ)» (2005թ.), «Հրանտ Մաթևոսյանի գրական հայացքները» (2006թ.), «Հանճարեղ բանաստեղծն ու ազնիվ քաղաքացին - Եղիշե Չարենց» (2007թ.), «Հայրենի եզերքի և սիրո ծարավը» (Ա.Հովհաննիսյանի քնարերգությունը, 2007թ.), «Մաքսիմ Հովհաննիսյան. Լեռնաղբյուրի վիպաշխարհը» (2007թ.), «Կյանք բեմի վրա - ժողովրդական դերասաններ Մամիկոն Միքայելյանի և Նվարդ Ասատրյանի մասին» (2008թ.), «Հայ հին և միջնադարյան գրականության պատմություն» (2009թ.), «Արտեմ Հարությունյանի պոեզիան» (2014թ.): Պարգևատրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «Աշխատանքային գերազանցության համար» (1978թ.), ԽՍՀՄ բարձրագույն դպրոցի «Աշխատանքային գերազանց հաջողությունների համար» (1990թ.) մեդալներով: 1992թ. արժանացել է Արցախի Եղիշեի անվան մրցանակի, 1998թ.՝ Արցախի ԳՄ Մուրացանի անվան մրցանակի, 2001թ.՝ Արցախի «Վաչագան Բարեպաշտ», 2003թ.՝ «Մայրական երախտագիտության հայ քաջորդիներին» մեդալների, 2005թ.` Արցախի գիտության վաստակավոր գործչի կոչման, 2010թ.` Արցախի «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: