ԱՐԱՄ ԹՈՓՉՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ

Ծնվել է 1962թ. սեպտեմբերի 13-ին, Երևանում: Գրականագետ Էդուարդ Թոփչյանի թոռն է, գրող, գրականագետ Ստեփան Թոփչյանի որդին, արձակագիր Ալեքսանդր Թոփչյանի եղբորորդին, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի եղբայրը: 1979թ. ավարտել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցը, 1983թ.` Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1983-90թթ աշխատել է միջնակարգ դպրոցներում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1988թ-ից աշխատում է Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում, 2001թ-ից` որպես ավագ գիտաշխատող: 2001թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Մովսես Խորենացու հունական աղբյուրների խնդիրը» թեմայով: 2001թ-ից «Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերության» (AIEA-«Association Internationale des Études Arméniennes») անդամ է: 2014թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Վիլյամ Շեքսպիրի «Համլետը»-ն արևմտյան գրականագիտության» մեջ թեմայով: Հրավիրվել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների, մասնակցել միջազգային գիտական ծրագրերի` համագործակցելով հեղինակավոր գիտական հաստատությունների հետ. 1996-97թթ` Մայնի Ֆրանկֆուրտի Մաքս Պլանկի անվան ինստիտուտի, 1999-2002թթ, 2005-07թթ` Երուսաղեմի Եբրայական համալսարանի (որտեղ նաև 2004թ. «Հայ պատմագրությունը 5-11-րդ դարերում» թեմայով անգլերեն դասախոսություն է կարդացել), 2001-04թթ, 2005-07թթ Ժնևի համալսարանի, 2008-09թթ` Գրացի համալսարանի և 2007-12թթ` Նեբրասկայի համալսարանի հետ: Այդ համագործակցության արդյունքում հրատարակել է մենագրություններ, հոդվածներ ու թարգմանություններ Հայաստանում և արտերկրում, հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն ու հունարեն լեզուներով: 2006թ. նրա «Մովսես Խորենացու հունական աղբյուրների խնդիրը» աշխատությունն անգլերեն լույս է ընծայել բելգիական «Peeters» հայտնի հրատարակչությունը, Դավիթ Անհաղթի «Արիստոտելի «Անալիտիկայի» մեկնության» նրա անգլերեն թարգմանությունը` առաջաբանով ու ծանոթագրություններով, տպագրել է մեկ այլ հեղինակավոր հրատարակչություն` հոլանդական Brill-ը (2010թ.): Արձակ և չափածո թարգմանություններ է արել անգլերենից և հին հունարենից հայերեն (Հեսիոդոս, հին հունական քնարերգություն, Պինդարոս, Էսքիլոս, Սոփոկլես, Եվրիպիդես, Լոնգոս, Մարլո, Շեքսպիր), ինչպես նաև` հայերենից անգլերեն: 1991թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 2014թ. թարգմանական վաստակի համար արժանացել է ՀԳՄ «Կանթեղ» մրցանակին, իսկ Վ.Շեքսպիրի «Համլետ» գրքի համար` Թեքեյան կենտրոնի «Հայկաշեն Ուզունյան» մրցանակի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար