ՀՐԱՆՏ ԴԻՆՔ

Գրող, լրագրող

15 սեպտեմբեր, 1954 - 19 հունվար, 2007

Ծնվել է Թուրքիայի Մալաթիա քաղաքում: 7 տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ սովորել է Պեզճյան վարժարանում, այնուհետև` Սուրբ Խաչ դպրեվանքում: 1978թ. ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության, 1987թ.` փիլիսոփայության ֆակուլտետները: Զինվորական ծառայությունից հետո աշխատել է որպես լրագրող: 1996թ. Ստամբուլում հիմնադրել է «Ակոս» երկլեզու (հայերեն և թուրքերեն) թերթը` նպատակ ունենալով ներկայացնել թուրքահայության ծայրահեղ մեկուսացվածությունը, դառնալ նրա խոսափողն ու իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակ լինել հայ և թուրք ժողովուրդների միջև: Հայոց ցեղասպանության (1915թ.) հարցում հակադրվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին` ըստ որի` 1915թ. տեղի ունեցածը պատերազմական ժամանակների բախումների հետևանք էր և ոչ թե նպատակային կոտորած, բազմիցս հալածվել է: 2005թ. դատապարտվել է 6-ամսյա պայմանական բանտարկության: 2005թ. արժանացել է Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության խոսքի և խղճի ազատության ամենամյա, 2006թ.` Գերմանիայի «Շտեռն» ամսաթերթի հիմնադիր Հենրի Նաննենի Մամուլի ազատության և լրագրողական խիզախության, Նորվեգիայի Մարդու իրավունքների պաշտպանության Բյոռնսի անվան, 2007թ.` հետմահու` ՀՀ նախագահի և այլ մրցանակների: Սպանվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում` թերթի խմբագրատան առաջ` թուրք ազգայնամոլի հրազենի գնդակից: Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում և արտերկրում և «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» կարգախոսով հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ` ի պաշտպանություն գրողին: 2007թ. ստեղծվել է Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամ, որի ջանքերով լույս է ընծայվել նրա «Երկու հարևան ժողովուրդներ» գիրքը: Դինքի անունով Ֆրանսիայի Մարսել քաղաքում կոչվել է փողոց, իսկ Փարիզում` դպրոց:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար