ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

20 մարտ, 1962 - 22 հունիս, 2019

Ծնվել է Հայաստանի Արարատի շրջանի (այժմ՝ մարզ) Տափերական գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետը, ապա` ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան: Աշխատել է նույն ինստիտուտում՝ որպես հայ փիլիսոփայության պատմության բաժնի կրտսեր գիտաշխատող, ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթում և որպես լրագրող՝ տարբեր լրատվամիջոցներում: 1998-2008թթ եղել է «Արարատ» մարզային թերթի գլխավոր խմբագիրը: 1980-ական թվականներից հանրապետական մամուլում հանդես է եկել բանաստեղծություններով, թարգմանություններով և հրապարակախոսական հոդվածներով: 1996թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Խմբագրել է «Գրական տապան» միջազգային գրական փառատոնի ամենամյա մի քանի ժողովածուներ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, պարսկերեն, հոլանդերեն, լեհերեն, անգլերեն, թուրքերեն և այլ լեզուներով: Հրատարակվել են նրա «Բանաստեղծություններ» (1995թ.), «Առաքելություն» (հրապարակախոսություն, «Ավետաբերները» ժողովածու, 1997թ.), «Հմայիլներ» (2006թ.), «Փորձեր» (2007թ.), «Մի ճամպրուկ ճակատագիր» (2014թ.), «Փիլիսոփայական և գեղարվեստական միտքը 13-14-րդ դարերի քերականության հայ մեկնություններում» (2015թ.) գրքերը: Ռուսերենից թարգմանել է Մարինա Ցվետաևայի, Աննա Ախմատովայի «Բանաստեղծություններ» (2003թ.), Նաթելլա Լալաբեկյանի «Բազմակետ» (2011թ.), Վահան Հովհաննիսյանի «Մանդելիոն» (2014թ.) գրքերը: «Հմայիլներ» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Պարույր Սևակի մրցանակի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով: 2016թ. արժանացել է ՀՀ ՊՆ և ՀԳՄ համատեղ ամենամյա մրցանակին: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար