ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Բանաստեղծ

Ծնվել է 1979թ. դեկտեմբերի 13-ին, ՀՀ Արարատի մարզի Սուրենավան գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 2007թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Նույն թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ Ուսմանը զուգահեռ 2001-02թթ հայ ժողովրդական բանահյուսություն և արտասահմանյան գրականություն է դասավանդել Վարդենիսի մանկավարժական ինստիտուտում: Բացի բանաստեղծություններից, մամուլում հանդես է եկել հարյուրավոր մշակութային հոդվածներով և ակնարկներով։ Մասնակցել է ՀԳՄ «Գրաթերթ» երիտասարդական ամսաթերթի ստեղծմանը։ 2006-07թթ եղել է «Մեծ ֆուտբոլ» ամսագրի պատասխանատու քարտուղարը, 2007-08թթ` «Պրոֆֆուտբոլ» շաբաթաթերթի հատուկ թղթակիցը։ Միաժամանակ թղթակցել է ավելի քան մեկ տասնյակ պարբերականների։ 2010թ. հայոց լեզու և գրականություն է դասավանդել ՀՀ Արարատի մարզի Նոյակերտ գյուղի միջնակարգ դպրոցում: 2011թ-ից հայոց լեզու է դասավանդում Հայաստանի Մխիթարեան կենտրոնում, ինչպես նաև խմբագրել է «Մարզաշխարհ» շաբաթաթերթը։ Նույն թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի սփյուռքահայ գրականության ուսումնասիրության բաժնում։ 2012-13թթ աշխատել է Հայաստանի հանրագիտարան հրատարակչությունում։ Հանդիսանում է «Գրանիշ» հանդեսի համախմբագիրներից։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ֆրանսերեն, պարսկերեն, վրացերեն, անգլերեն։ Հրատարակել է «Հրեշտակները ասեղի ծայրին» (2001թ.), «Հավատացեք, քանի որ չեք հավատալու» (2004թ.), «Գրպանի բանաստեղծություններ» (2012թ.) գրքերը: 2000թ. Երևանի քաղաքապետարանի և Ա.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի կողմից արժանացել է երիտասարդ կատարողների և ստեղծագործողների Ավետիք Իսահակյանի անվան հանրապետական 7-րդ մրցույթի գրական ստեղծագործությունների 2-րդ կարգի դիպլոմի, 2006թ.` Երևանի պետական համալսարանի երիտասարդ ստեղծագործողների մրցույթի և «Ապագան մերն է» խորագրով փառատոնի շրջանակներում անցկացված բանաստեղծությունների մրցույթի առաջին մրցանակներին։ Նույն թվականին ստացել է Համազգային հայ կրթական և մշակութային միության «Հակոբ Կարապենց» կրթաթոշակ։ 2009թ. արժանացել է Պարույր Սևակիանվան և «Գրեթերթ»-ի պոեզիայի մրցանակներին, 2010թ.` «Գրեթերթ»-ի թարգմանության մրցանակին` Ռուբոկո Սյոյի էրոտիկ թանկաների թարգմանության համար, իսկ 2011թ.` Թբիլիսիի Վաժա Փշավելայի անվան երիտասարդ բանաստեղծների համակովկասյան առաջին մրցանակին։ Հեղինակել է «Լիտոպեդիա» բանասիրության հանրագիտարանը: 2013թ. «Գրպանի բանաստեղծություններ» ժողովածուի համար արժանացել է Իրինա Գյուլնազարյանի (ԱՄՆ) անվան բարեգորածական հիմնադրամի երիտասարդ բանաստեղծների երկրորդ կարգի մրցանակի: 2016թ-ից «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրն է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար