ԱՐՄԵՆ ԱԴԱՄՅԱՆ

Կիթառահար, երգիչ

16 հոկտեմբեր, 1965 - 20 օգոստոս, 2013

Ծնվել է Երևանում: Եղել է կիթառահար Սուրեն Ադամյանի որդին: 1972թ. ընդունվել է Երևանի Կիրովի անվան ռուսական միջնակարգ դպրոց, սակայն ավարտել է թիվ 69 միջնակարգ դպրոցը: 1978թ-ից սկսել է նվագել կիթառ, որը սովորել է հորից: Հետագայում ընկերների հետ հիմնել է «Դյուցազն» խումբը, որտեղ նվագել է Լևոն Ասայանի, Արմեն Աղաբեկյանի (Բեկ) հետ: Մի փառատոնից հետո խումբը միացել է «Հրաշք» խմբին, որից հետո խումբը անվանվել է «Տարերք»: 1982թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: 1985թ., ավարտելով ծառայությունը Խորհրդային բանակում, շարունակել է ուսումը: Այդ տարիներին խմբի կազմով մասնակցել է ՈւՀԱ առաջնություններին: 1980-ականների վերջերին համերգային ելույթներով հանդես է եկել Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում, մասնակցել մի շարք ռոք փառատոների: 1989թ. Լեհաստանում մասնակցել է ռոք փառատոնի: 1991-93թթ աշխատել է Երևանի ոսկերչական գործարանում, ապա` մի շարք ռեստորանային համալիրներում, որտեղ բացի ռոքից, կատարել է նաև շանսոն երգեր: 1990-ականներին ծանոթացել է երգահան Էդվին Գևորգյանի հետ, որի գրած ստեղծագործություններից է կատարել և նկարահանել մի քանի տեսահոլովակ: Առաջիններից է եղել «Օրհնյալ է Ձեր անունը» հոլովակը (Շ.Պետրոսյանի, Է.Պետրոսյանի և Տ.Պետրոսյանի հետ համատեղ), որը 2003թ. մասնակցել է Երևանի «Սայաթ-Նովա» և Մոսկվայի «Տաշիր» երգի փառատոներին: Դուետներով հանդես է եկել Շուշան Պետրոսյանի, Ֆորշի, Անահիտ Մանուկյանի և այլ երգիչների հետ: Մասնակցել է գրեթե բոլոր կառավարական համերգներին, մի շարք հեռուստանախագծերի` «Ռետրո 22:30», «Մենք ու մենք», «Երգ երգոց», «Երկրի գանձերը», «Rockesse» և այլն: 2011թ. ձայնագրվել է Ա.Սուքիասյանի «Թափառում» ռոք-օպերայում (գլխավոր դերակատար Ա.Հարությունյանի երգի կատարում): 2013թ. աշխատել է Երևանի Ավան համայնքի դպրոցներից մեկում` որպես կիթառի ուսուցիչ և նկարահանել է իր վերջին «Ամեն մեկին չես տա դու երազ» երգի տեսահոլովակը, իսկ «Երկիրը կլոր է» երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է մահվանից հետո: Մահացել է Երևանում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար