ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Բանասեր, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ

Ծնվել է 1971թ. հունվարի 21-ին, Երևանում: Գրականագետ Հենրիկ Բախչինյանի որդին է: 1988թ. ավարտել է Երևանի թիվ 126 միջնակարգ դպրոցը: 1988-93թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 1993-96թթ` ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրայում: 1996թ. պաշտպանել է ատենախոսություն և արժանացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճանի: 1996-97թթ գիտական գործուղմամբ եղել է Ուփսալայի համալսարանում (Շվեդիա): 1997-99թթ աշխատել է ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում` որպես գրական կապերի բաժնի գիտաշխատող, 1998-2000թթ` Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղում` որպես «Արվեստ և մշակույթ», «Արևելք-Արևելք», «Գրադարաններ» և «Հրատարակչական գործ» ծրագրերի համակարգող, 2002-03թթ` Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնում` որպես վերլուծաբան: 2010-ից ՀՀ ԳԱԱ պատմւոթյան ինստիտուտի գիտաշխատող է՝ «Հայ գաղթավայրեր և սփյուռք» բաժնում։ 2005-12թթ Վենետիկի «Կա Ֆոսկարի» համալսարանի ամառային խտացյալ դասընթացում դասավանդել է «Հայ կատարողական արվեստներ» առարկան: Նույն առարկան 2011թ. մեկ տարեշրջան դասավանդել է նաև Միչիգանի (Էնն Արբոր) համալսարանի հայագիտական ծրագրում։ 1987թ-ից մամուլում հանդես է եկել հոդվածներով և թարգմանություններով: Առաջին անգամ տպագրվել է «Պիոներ» հանդեսում, ապա` «Գարուն», «Գեղարվեստ», «Անդրադարձ», «Առագաստ», «Հայրենիքի ձայն», «Բանբեր Երևանի համալսարանի», «Հայկազյան հայագիտական հանդես» և այլ պարբերականներում: Զբաղվել է մասնավորապես հայ մշակույթի միջազգային առնչությունների և համաշխարհային քաղաքակրթության մեջ հայազգի գործիչների ներդրած նպաստի վերհանմամբ և ուսումնասիրությամբ (հատկապես կինոարվեստի բնագավառում): Այդ թեմային են նվիրված նրա կազմած «Ծագումով հայ են» (1993թ.) և «Հայազգի գործիչներ. հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» (2002թ.) կենսագրական բառարանները: Հեղինակել է նաև «Նապոլեոն Բոնապարտը և հայերը» (2003թ.) գիրքը, մի քանի անտիպ աշխատություն: Կատարել է նաև թարգմանություններ (հիմնականում անգլերենից և շվեդերենից հայերեն և հակառակը), որոնք ընդգրկվել են տարբեր գրքերում և լազերային ձայնասկավառակներում: Չափածո ստեղծագործություններ է հրատարակել «Բնագիր» հանդեսում, արձակ գործեր՝ հայ մամուլում: 2004թ-ից աշխատակցել է «Հայ Սփյուռք» հանրագիտարանին և այլ գրքերի: 1996թ-ից Կինոգետների և կինոլրագրողների միջազգային ընկերակցության հայկական մասնաճյուղի անդամ է, 2001թ-ից` փոխնախագահը: Որպես ժյուրիի անդամ մասնակցել է մի քանի միջազգային հանդիպումների և կինոփառատոների: 2001-09թթ որպես երգիչ հանդես է եկել «Հովեր» կամերային երգչախմբում, մասնակցել երգչախմբի հինգ ձայնասկավառակների ձայնագրմանը և հյուրախաղերին (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Լեհաստան, ԱՄԷ): 2016թ. լույս է տեսել նրա «Հայերը համաշխարհային պարարվեստում» գիրքը, որը ներկայացնում է 19-րդ դարից մինչև մեր օրերը աշխարհի մոտ քառասուն երկրներում գործած և գործող 740-ից ավելի հայ և հայազգի պարող-պարուհիների, պարադիրների, պարուսույցների և պարարվեստին առնչվող այլ մասնագիտությունների գործիչների: Հեղինակել է նաև «Armenia-Sweden: Historical and Cultural relations» (2006թ.), «Շամախեցի պարուհին. Արմեն Օհանյանի կյանքը և ստեղծագործությունը» (2007թ.), «Սառա Բեռնարը և հայերը» (հայերեն և ֆրանսերեն, 2007թ.), «Հայերը սկանդինավյան երկրներում. հայ-սկանդինավյան պատմամշակութային առնչությունները» (2010թ.), «Հայ կինո-100» (հայերեն, անգլերեն և ռուսերեն, 2012թ.), «Հայերը Չինաստանում. Հայ-չինական պատմամշակութային առնչությունները» (2017թ.), «Հայ-ճապոնական պատմական և մշակութային առնչությունները» (2017թ., 2018թ.) աշխատությունները։ Կազմել է մի շարք գրքեր՝ Մարիամ Թումանյանի «Իմ համառոտ կենսագրությունը եւ իմ հիշողությունները» (2003թ.), «As Hard as Walnuts, as Soft as Music. World Writers about Armenia and Armenians» (2007թ.), «Հենրիկ Բախչինյան. Կենսամատենագիտություն» (2008թ.), «Էլդա Գրին, Ձեռքերը։ Պատմվածք 35 լեզուներով» (նաև անգլերեն թարգմանության հեղինակ և շվեդերեն թարգմանության համահեղինակ, 2010թ.), «Hovhanness I. Pilikian, The Sea-Scene on my Mother’s Day. An English Poem and its Translation into 19 Languages» (նաև հայերեն եւ ռուսերեն թարգմանությունների հեղինակ, 2012թ.), «Գրիգոր Սիւնի, Խմբերգեր - Grikor Suni, Choral Songs» (հայերեն տեքստի հրատարակող, անգլերեն թարգմանության հեղինակ, 2013թ.), «Մենք պարից չենք հագենում... Պատմում են Նորայր և Արսեն Մեհրաբյանները» (2016թ.) գրքերը։ Գրել է նաև գեղարվեստական ստեղծագործություններ, առանձին հատորներով լույս են տեսել «Ձնծաղիկները ֆուտբոլի դաշտում» պատմությունների ժոողվածուն (2014թ.) և «Այլաստանցի Մուչիկ Հայաստանցին» վեպը (2017թ., 2018թ.)։ Նրա թարգմանությամբ անգլերենից լույս են տեսել Ջորջ Բուռնությանի «Հայ ժողովրդի համառոտ պատմություն» (հայերեն՝ 2012թ., ռուսերեն՝ 2014թ.), Ջինի Հենսոնի «Ամպերի ներքո» բանաստեղծությունների ժողովածուն (Լոնդոն, 2014թ.), Հելեն Դավենպորտ Գիբոնսի «Տարսոնի կարմիր գորգերը» (2015թ.)։ Կնոջ՝ Աշխեն Բախչինյանի հետ շվեդերենից թարգմանել է Յունաս Յունասսոնի «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ» վեպը (2014թ.), անգլերենից՝ Նապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքը (2016թ.)։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար