ՍԱՀԱԿ ԲԱԶՅԱՆ

Գրականագետ

13 հունվար, 1914 - 26 հունիս, 1985

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Շատախի Ճընուկ գյուղում։ 1921թ. տեղափոխվել է Արևելյան Հայաստան։ Յոթնամյա կրթությունն ստացել է Վերին Արտաշատ գյուղում, ապա ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում և 1932թ. ավարտել է ինդուստրիալ բաժինը։ 1934թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետի 3-րդ կուրս` հանձնելով նախորդ կուրսերի քննությունները։ 1936թ. ավարտել է համալսարանը, 1939թ.՝ ասպիրանտուրան։ Սկզբում ստորագրել է Սարգսյան (պապի եղբոր անունով), ապա վերընդունել է տոհմական Բազիկյան ազգանունը, որից էլ կազմել է Բազյան ազգանունը։ Աշխատանքային գործունեությունն սկսել է պատանեկան հասակից։ 1930-34թթ եղել է Երևանի կոմերտմիության քաղկոմի բաժնի վարիչը, Հայկինոյում` քաղլուսբաժնի վարիչը և կինոմեթոդիստը, Անդրկովկասի հեռակա ֆինանսական ինստիտուտի Երևանի կոնսուլբյուրոյի վարիչն ու ժամանակավոր տնօրենը։ 1936-39թթ ուսուցչություն է արել Երևանի մանկավարժական տեխնիկումում։ 1937-41թթ հայ գրականություն է դասավանդել Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում, 1945-48թթ` Երևանի բարձրագույն կուսակցական դպրոցում։ 1947-51թթ եղել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1939-85թթ դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ 1941-44թթ գլխավորել է համալսարանի լեկտորիումը և Երևանի լուսքաղկոմի ագիտբրիգադը։ 1945-51թթ եղել է համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալը, 1951-57թթ` դեկանը, 1950-53թթ` համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչի տեղակալը։ 1942թ. «Ստեփան Ոսկան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1968թ. «Աբովյանի գրական ժառանգությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և 1969թ. ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1970թ-ից՝ պրոֆեսոր)։ Ստեղծագործել սկսել է բանաստեղծությամբ: 1931թ. գրել է «Ետ տուր արցունքներս» պոեմը։ Հետո անցել է գրականագիտությանը։ 1939թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակվել են նրա «Երեք ուրվագիծ» (Ն.Զարյան, Հ.Սիրաս, Գ.Սարյան, 1941թ.), «Միքայել Նալբանդյան» (1955թ.), «Աբովյանի գրական ժառանգությունը» (1966թ.), «Աբովյանի բանաստեղծական աշխարհը» (1977թ.) գրքերը: 1970թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար