Միքայել Թումանով

Հրապարակախոս, բանաստեղծ

Հակոբ Հարությունյան

Փիլիսոփա, երաժշտագետ, գրականագետ, լեզվաբան

Ադամ Մաշինյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Գրետա Գալստյան

Դերասանուհի

Տիգրան Մխիթարյան

Դերասան, բեմադրիչ

Արայիկ Բաբաջանյան

Դերասան, երգիչ

Լևոն Ախայան

Գեղանկարիչ

Արտյոմ Այրումյան

Ջութակահար

Էմմա Հոռոփյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՀՐԱՉՅԱ ՔՈՉԱՐ

Արձակագիր

19 հունվար, 1910 - 2 մայիս, 1965

Հրաչյա Գաբրիելյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բագրևանդ գավառի Նպատ լեռան ստորոտում գտնվող Գումլուպուճախ գյուղում: Հայոց Ցեղասպանության (1915թ.) տարիներին գաղթել է Արլևելյան Հայաստան, ապաստանել Վաղարշապատի (այժմ՝ Էջմիածին) մոտակա գյուղերում։ Գաղթի ճանապարհին մահացել է մայրը, իսկ 1918թ.` հայրը` հայտնի խմբապետ Քոչոն, ով կռվել է Անդրանիկի ջոկատում: Հոր անունը դարձրել է գրական անուն: Ալավերդու հանքերում եղել է գառնարած, հանքափոր: 1927թ. բնակություն է հաստատել Երևանում։ 1929-31թթ սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Աշխատել է «Ավանգարդ», «Խորհրդային Հայաստան» թերթերի խմբագրություններում։ 1934թ. խմբագրել է «Ռյա թազա» թերթը, 1946-51թ.՝ «Սովետական գրականություն», 1954թ.՝ «Ոզնի» ամսագրերը։ 1939թ. կուսակցական տույժ ստանալուց հետո, մնացել է անաշխատանք, ապա Մարտիրոս Սարյանը նրան տեղավորել է իր ղեկավարած Պատմական հուշարձանների պահպանության կոմիտե: Ոտքով շրջել ու ուսումնասիրել է հայկական վանքերի ու մատուռների վիճակը, և այդ աշխատանքներն ամփոփել «Գորիսի և Սիսիանի շրջանների ալբոմ-ուղեցույց»-ի մեջ: 1941-45թթ մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին, եղել է ռազմաճակատային թերթերի թղթակից։ 1946-51թթ եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Տպագրվել է 1920-ական թվականների վերջերից։ Առաջին պատմվածքը` «Խաջե», լույս է տեսել 1931թ., «Նոր ուղի» ամսագրում։ «Վահան Վարդյան» (1934թ.) և «Օգսեն Վասպուրի ճանապարհորդությունը» (1937թ.) վիպակներում բացահայտել է սոցիալիստական կյանքի և սովետական մարդու բարոյականության ձևավորման բարդ ընթացքը։ Պատմական անցյալի ու ներկայի կապն է դրսևորում «Ժամանակներ» (1941թ.) խորագիրը կրող վիպակների, պատմվածքների ու հեքիաթների ժողովածուն, որտեղ հեղինակն անդրադառնում է նաև երիտասարդության դաստիարակության, գյուղի վերափոխման, նոր կյանքի ու կենցաղի խնդիրներին։ Գրողի գրական գործունեության հաջորդ տասնամյակն սկսվել է պատերազմի դաշտում, որտեղից գրած թղթակցությունները հիմք են ծառայել «Հերոսների ծնունդը, նամակներ գործող բանակից» (1942թ.), «Նախօրյակին, նամակներ գործող բանակից» (1943թ.), «Սրբազան ուխտ» (1946թ.), «Բարեկամություն» (1950թ.), «Վիպակներ ու պատմվածքներ» (1956թ.) ժողովածուների համար։ Այս գործերում վավերական ճշգրտությամբ ներկայացված է սխրանք գործող հասարակ մարդկանց կյանքի պատմությունը։ «Գեներալի քույրը» (1945թ.) պատմվածքում մարմնավորված է հեղինակի ստեղծագործության հիմնական մոտիվը՝ հայրենասիրությունը։ Հետագայում այս պատմվածքը թարգմանվել է աշխարհի 24 լեզուներով, ներառվել խորհրդահայ դասագրքերի ծրագրերում: «Մեծ տան զավակները» (հ.1-2, 1952-59թթ) վեպում ստեղծել է պատերազմական կյանքի տարեգրությունը։ Դա հայկական ճակատային զորամասերից մեկի պատմությունն է։ Գրողը վիպական հյուսվածքի մեջ է առել բազմաթիվ դեպքեր, կերտել բազմազգ հերոսների մի պատկերաշար։ Նրա ստեղծագործական նվաճումը «Սպիտակ գիրքը» (1965թ.) ժողովածուն է, որի մեջ զետեղված են «Նահապետ» (ՀՀ Պետական մրցանակ, 1967թ.) վիպակը, պատմվածքներ և «Մայրենի լեզու» շարքի գործերը։ Գրքում քննվում է հայ ժողովրդի մոտ անցյալի ծանր պատմությունը։ Նրա ողբերգության ու կորստի, հարության ու վերագտնումի ճակատագիրն են մարմնավորում Նահապետի և մյուսների կերպարները։ Գրել է նաև հրապարակախոսական («Մեծ տարեգրության էջերից, փաստեր և խոհեր», 1957թ.), գրաքննադատական («Գրականություն և կյանք», 1949թ.) հոդվածներ ու ուսումնասիրություններ, ուղեգրություններ, ինչպես և «Հյուսիսային ծիածան» (1961թ., «Հայֆիլմ») կինոնկարի սցենարը։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Մահացել է Երևանում: Քոչարի անունով Երևանում կոչվել է փողոց:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար