ՄԿՐՏԻՉ ԿՈՐՅՈՒՆ

Առակագիր, բանաստեղծ

19 մայիս, 1913 - 20 դեկտեմբեր, 1984

Կորյուն Մկրտչյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում։ Հայոց ցեղասպանության (1915թ.) տարիներին ընտանիքի հետ գաղթել և բնակություն է հաստատել Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ 1929թ. ավարտել է տեղի յոթնամյա դպրոցը։ 1932թ. հրատարակվել է նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն` «Տեմպերի հերոսները» վերնագրով։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական բաժին։ 1937թ. ավարտել է համալսարանը և նվիրվել մանկավարժությանն ու մանկական գրականությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, նոր եռանդով շարունակել է գրական գործունեությունը։ 1947թ. ՀԳԱ Մ.Աբեղյանի անվան ինստիտուտում դիսերտացիա է պաշտպանել` «Հասկերը որպես մանկական գրական ամսագիր» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Հրատարակել է շուրջ հինգհարյուր առակ, որոնցից են` «Մարդն ու առյուծը», «Խոզն ու կարապը», «Տհասը», «Մեղուն», «Մարդու կոչումը», «Ագռավն ու իր ճուտը», «Ծիծեռնակն ու կկուն», «Աշխատասեր մրջյունը» և այլն: Եղել է բազմաժանր և բեղմնավոր հեղինակ։ Հետաքրքիր են կարդացվում նաև նրա հեքիաթները, որտեղ պարզ արտահայտվում է մեր ազգային կոլորիտը։ 1948թ. հրատարակվել է նրա «Դպրոցական թատրոն» հեքիաթ-պիեսների ժողովածուն։ Հեղինակը մատուցման հետաքրքիր ձև է գտել իր «Մեսրոպ Մաշտոցը ու հայոց տառերը» պոեմ-պիեսի համար, ուր տառերը հանդես են գալիս որպես գործող անձինք։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։ Թարգմանել է Ալիշեր Նավոյի, Խետագուրովի, Կռիլովի, Մարշակի, Լերմոնտովի, Չուկովսկու, Մայակովսկու, Նեկրասովի շատ գործեր, կալմիկական «Ջանգար» էպոսը։ Հրատարակվել են նրա «Հատընտիր» (բանաստեղծություններ, 1976թ.), «Անմեղ կատակներ» (առակներ, 1980թ.), «Առակներ» (1973թ.), «Դպրոցական թատրոն» (պիեսներ, 1984թ.), «Թոռան և պապի աչքերով» (բանաստեղծություններ, 1986թ.), «Իմ ընթերցարանը» (առակներ և հեքիաթներ, 1971թ.), «Կամո» (վիպակ, 1958թ.), «Հանելուկներ» (1970թ.), «Մանկական աշխարհ ժողովածու» (1982թ.), «Վարք Մաշտոցի» (պոեմ-պիես, 1989թ.) գրքերը: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար