ԳԵՎՈՐԳ ԱԲԳԱՐՅԱՆ

Բանասեր, գրականագետ, պատմաբան

14 սեպտեմբեր, 1920 - 15 մայիս, 1998

Ծնվել է ՀՀ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Էջմիածնում և Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1937-41թթ սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1942թ. վիրավոր վիճակում գերի է ընկել, հրաշքով ողջ է մնացել, վերադարձել տուն, որից հետո վերընդունվել է համալսարան և այն ավարտել 1946թ.։ Հետագայում սովորել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1940թ-ից (որոշ ընդմիջումներով) աշխատել է Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի բնագրերի ուսումնասիրության և հրատարակության բաժնում։ Եղել է նաև ձեռագրագետ, աղբյուրագետ, թարգմանիչ: 1965թ. «Սեբեոսի պատմությունը և Անանունի առեղծվածը» թեմայով թեկնածուական դիսերտացիա է պաշտպանել, որի համար նրան միանգամից շնորհվել է դոկտորի աստիճան։ 1947թ. ձերբակալվել է, առանց դատավարության դատապարտվել 10 տարվա ազատազրկության։ 1955թ., ժամկետից շուտ, ազատվել է կալանքից և արդարացվել։ Աստվածաշնչի «Աիրաքի գրքի» հայերեն թարգմանության մի քանի գլուխներ դեռևս 12-րդ դարում անհետ կորել են և փոխարինվել նշված դարում կատարված նոր թարգմանությամբ։ Բանասերը 1966թ. Մատենադարանի ձեռագրերից մեկում հայտնաբերել և հրատարակել է 5-րդ դարում թարգմանված և դարեր շարունակ անհույս կորած համարված գլուխները։ 1975-76թթ հայ թարգմանական մատենագրության պատմություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում։ Նրա աշխատությունները նվիրված են հայ միջնադարյան գրականությանը, ձեռագրագիտությանը, հայ-հունական, հայ-վրացական, հայ-սլավոնական, հայ-ֆրանսիական, հայ-գերմանական մատենագրական առնչություններին, եվրոպական հայագիտության պատմությանը։ Գիտական հրատարակության է պատրաստել հույն մատենագիր Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոն»-ի գրաբար և գերմաներեն թարգմանությունները, Փավստոս Բուզանդի «Հայոց պատմությունը», Սեբեոսի պատմության գրաբար բնագիրը, միջնադարյան արձակի նմուշներ։ Կազմել է «Հայկական աղբյուրները Աբխազիայի և աբխազների մասին» ռուսերեն ժողովածուն։ Գերմաներենից հայերեն է թարգմանել Յո.Մարկվարտի, Հանս Վալտեր Պոլի, Լինոս Բենակիսի և այլոց հայագիտական ուսումնասիրությունները։ Նրա «Մատենադարան» գիրքը լույս է տեսել ռուսերեն, անգլերեն (Երևան, 1962թ.) և լեհերեն (Վարշավա, 1965թ.) լեզուներով։ Առանձին հոդվածներ է նվիրել բազմաթիվ հին ու նոր գրողների և բանաստեղծների՝ Մովսես Խորենացի, Գրիգոր Նարեկացի, Ներսես Լամբրոնացի, Հովհաննես Թլկուրանցի, Կարապետ Վիպող, Խաչատուր Աբովյան, Րաֆֆի, Ավետիք Իսահակյան, Դանիել Վարուժան, Ֆրանց Վերֆել, Վիգեն Խեչումյան և այլք։ Աջակցել է «Սասունցի Դավթի» էստոներեն թարգմանությանը։ Նրա գրչին է պատկանում նաև եվրոպական և ամերիկյան հայագետներին ու հայագիտության պատմությանը նվիրված հոդվածների շարք։ 1985թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար