ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

5 դեկտեմբեր, 1953 - 3 սեպտեմբեր, 2016

Ծնվել է Երևանում: Եղել է գրականագետ Հրանտ Թամրազյանի որդին: 1971թ. ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1976թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1977թ. աշխատանքի է անցել Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող: 1988-91թթ աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում` որպես գլխավոր խմբագիր, իսկ 1991-93 թթ զբաղեցրել է «Նաիրի» հրատարակչության տնօրենի պաշտոնը: 1986թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1993թ. նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչության պետ, իսկ 1995-97թթ ղեկավարել է ՀՀ տեղեկատվության նախարարությունը: 1997-2007թթ համատեղությամբ աշխատել է որպես «Նաիրի» հրատարակչության տնօրեն և Մատենադարանի ավագ գիտաշխատող: 1999թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2007թ-ից եղել է Երևանի Մատենադարանի տնօրենը, 2014թ-ից՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ: Հեղինակել է բազմաթիվ մենագրություններ և գիտական հոդվածներ ու ուսումնասիրություններ: Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության` մասնավորապես նարեկացիագիտության բնագավառին: Աշխատություններում Գրիգոր Նարեկացու մատենագրությունը դիտարկում է Նարեկյան դպրոցի գրական-փիլիսոփայական համատեքստում` որպես դպրոցի սկզբնավորման և զարգացման ընթացքի բարձրագույն արդյունք, նաև իր մեծ նախորդների` Խոսրով Անձևացու և Անանիա Նարեկացու հետ ունեցած փոխառնչությունների տեսանկյունից: Հրատարակվել են նրա «Եթե կարոտը կյանքի նշան է» (1982թ.), «Ապակե քաղաք» (1985թ.), «Ձայների կղզի» (1989թ.), «Նոր տոմար» (1991թ.), «Աղեղնավոր» (1993թ.), «Լռության ծես» (1995թ.), «Պաշարված ամրոց» (1999թ.), «Զվարթ գիտություն» (2001թ.), «Հարասություններ» (2003թ.), «Ars poetica» (2007թ.), «Ասացող երկիր» (2007թ.), «Մայր հղացք» (2008թ.), «Բանաստեղծություններ, էսսեներ, գրական դիմանկարներ, հոդվածներ» (2010թ.), «Սրբազան խավար» (2011թ.) բանաստեղծական ժողովածուները: Նրա թարգմանությամբ առանձին ժողովածուներով լույս են տեսել Ս.Եսենինի, Վ.Մայակովսկու, Բ.Պաստեռնակի ստեղծագործությունները, «20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծությունը» ժողովածուն: Գրական-թարգմանչական գործունեության համար արժանացել է մի շարք պետական պարգևների և մրցանակների: 1984թ. արժանացել է «Ավանգարդ» թերթի մրցանակի, 1985թ.`«Գարուն» թերթի մրցանակի, 1991թ.` ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի` «Նոր տոմար» բանաստեղծական ժողովածուի համար, 2003թ.` տարվա լավագույն բանաստեղծական ժողովածուի մրցանակի` «Զվարթ գիտություն» գրքի համար և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մրցանակի, 2005թ.` ՀԳՄ Լևոն Մկրտչյանի անվան մրցանակի, 2007թ.` ՀԳՄ «Գրական վաստակի համար» շքանշանի, 2010թ.` Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակին` «Մայր հղացք» բանաստեղծական ժողովածուի համար: 2011թ. արժանացել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի, 2012թ.՝ ՀՀ նախագահի մրցանակին։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար