ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Քաղաքական գործիչ

17 ապրիլ, 1932 - 27 հոկտեմբեր, 1999

Ծնվել է Երևանում: Միջնակարգ կրթությունն ստացել է Երևանի 26 կոմիսարների անվան դպրոցում: 1949թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետ, որը գերազանցությամբ ավարտել է 1954թ.` ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն: 1954-55թթ աշխատել է Լենինգրադի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, 1955թ-ից` Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում: Եղել է նախ տեխնոլոգ, ապա՝ արտադրամասի ավագ վարպետ, պետ, կուսկոմիտեի քարտուղար, գլխավոր ճարտարագետ, տնօրեն: 1961թ. ավարտել է ԽՄԿԿ կենտկոմին առընթեր Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը: 1964-72թթ եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1972-74թթ` ՀԿԿ կենտկոմի քարտուղար, ապա` առաջին քարտուղարը, 1991-99թթ` «Հայէլեկտրամեքենա» բաժնետիրական ընկերության նախագահը և գործադիր տնօրենը: 1967-89թթ ընտրվել է ՀԽՍՀ, 1974-79թթ` ԽՍՀՄ Գերագույն խորհուրդների պատգամավոր: Նրա ղեկավարության տարիներին (1974-88թթ) հանրապետությունում շահագործման են հանձնվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» և սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի 1-ին հերթը, Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, կառուցվել են Արփա-Սևան ջրատարը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, գրապալատը, Մասիս-Նուռնուս և Աղստաֆա-Իջևան-Հրազդան-Սևան-Մարտունի երկաթուղային մայրուղիներ և այլ շինություններ: 1975թ. ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից դատապարտել է Հայոց Մեծ եղեռնի կազմակերպիչներին: Նրա ջանքերով 1978թ. ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը, 1980թ. կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան` Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Մեղրի-Քաջարան ավտոմայրուղին, Գորիս-Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը: 1998թ. հիմնադրել է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), 1999թ. ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ՀԺԿ և Հանրապետական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահը (Վազգեն Սարգսյանի հետ): 1999թ. եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը: Զոհվել է Երևանում` ՀՀ Ազգային ժողովի դահլիճում կատարված ոճրագործության ժամանակ: Կարեն Դեմիրճյանի անունով են կոչվել Երևանի մետրոպոլիտենը, Մարզահամերգային համալիրը, Երևանի թիվ 139 միջնակարգ դպրոցը, փողոցներ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում: 2004թ-ից Երևանում գործում է Կարեն Դեմիրճյանի թանգարանը: 1999թ. հետմահու արժանացել է ՀՀ Ազգային հերոսի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար