Տիգրան Պոլատ

Գեղանկարիչ

Ցոլակ Խանզադյան

Գրականագետ, թարգմանիչ

Արիստակես Վարդանյան

Լեզվաբան, բանասեր

Արմիս

Գեղանկարիչ

Գևորգ Սանամյան

Կինոօպերատոր

Աթանես Սենալ

Բանաստեղծ

Ներսես Կագրամանով

Թատերագետ, լրագրող

Լևոն Տոնականյան

Գեղանկարիչ

Արտաշես Մաթևոսյան

Հայագետ, պատմաբան, ձեռագրագետ

Գառնիկ Ադդարյան

Բանաստեղծ, հրապարակախոս

Հրաչ Ավանեսյան

Գեղանկարիչ

Կարեն Գասպարյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆ

Ճարտարապետ

16 մարտ, 1878 - 20 փետրվար, 1936

Ծնվել է Եկատերինոդարում (այժմ` Կրասնոդար): Եղել է հայ նոր ճարտարապետության հիմնադիրը: 1904թ. ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը: 1917թ. եղել է Ռուսաստանի գեղարվեստական ակադեմիայի խորհրդի նախագահը` փոխնախագահի իրավունքներով: 1904-06թթ հեղինակել է առաջին գործը` Պետերբուրգի Սբ. Կատարինե հայոց եկեղեցու վերակառուցումը (1779թ., ճարտարապետ` Յու.Ֆելտեն): Հետևելով Նիկողայոս Մառի Անիի պեղումներին` 1908թ. նախագծել է Անիի թանգարանը, որը չի իրականացվել: 1907-13թթ կառուցված շենքերից ուշագրավ են Կոչուբեյի առանձնատունը Ցարսկոյե Սելոյում (1911-12թթ), Շչերբատովի տունը Մոսկվայում (1911-13թթ, Մոսկվայի քաղաքային դումայի ոսկե մեդալ, 1914թ.), Յարոսլավլի հոբելյանական ցուցահանդեսի փայտաշեն համալիրը (1913թ.), Մոսկվա-Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը Պրոգորովկայում (այժմ` Կրատովո, 1913-17թթ), որոնցում կիրառված են դասական և 18-19-րդ դարերի ռուսական ճարտարապետական ձևերը: 1919թ. տեղափոխվել է Երևան, 1921թ.` Իրան: 1923թ. հրավիրվել է Հայաստան: Եղել է ԺԿԽ գերագույն տեխնիկական բաժնի նախագահը, 1923թ-ից` պետպլանի փոխնախագահը, 1924թ-ց` Հուշարձանների պահպանության կոմիտեի, ապա` Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահը: Հայաստանում նրա ճարտարապետական առաջին գործը խորհրդային քաղաքաշինությունը սկզբնավորող երևույթներից էր` Երևանի գլխավոր հատակագիծը (150 հազար բնակչի համար, հաստատվել է 1924թ.), որի գաղափարները դարձել են ՀՀ մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը: 1934թ. սկսել է «Մեծ Երևանի» (500 հազար բնակչի համար) հատակագծումը, որը մնացել է անավարտ: 1925-33թթ կազմել է Գյումրիի, Վաղարշապատի, Ստեփանակերտի, Նոր Բայազետի (այժմ` Գավառ), Ախտայի (այժմ` Հրազդան) և այլ բնակավայրերի հատակագծերը: Նախագծել ու Երևանում կառուցել է` բժշկական ինստիտուտի անատոմիկումը (1926-33թթ), աստղադիտարանը (1930-33թթ), ԵԱԱԻ, ԵՊԻ (1927-33թթ), հանրային գրադարանի (1932-38թթ) շենքերը և այլն: Որպես ճարտարապետության խոշոր վարպետ, ճանաչվել է Երևանի գլխավոր հատակագծով, Երջրէկի (1923-26թթ), ՀՀ կառավարական տան (առաջին հերթը` Հողժողկոմատ, 1926-29թթ, հետագայում` կառավարական տուն, 1932-41թթ, ԽՍՀՄ Պետական մրցանակ` 1942թ., հետմահու), օպերայի և բալետի թատրոնի և մեծ համերգասրահի (1926-53թթ, սկզբնական նախագծերում` Ժողովրդական տան թատրոն) շենքերով: Կառավարական տունը և օպերային թատրոնի ու համերգասրահի շենքը կանխորոշել և պայմանավորել են Երևանի քաղաքաշինական կարևորագույն հանգույցների լուծումները, առաջինը` Հանրապետության հրապարակի անսամբլի (Հայաստանի Պետական մրցանակ` 1970թ., հետմահու), երկրորդը` թատրոնի (նախագիծը` 1937թ. Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի ոսկե մեդալ) շրջակա տարածության և հիմնական, մայրուղիներից մեկի` Հյուսիսային պողոտայի կառուցապատումը: 1914թ. արժանացել է Ճարտարապետության ակադեմիկոսի, 1926թ.` Հայաստանի ժողովրդական ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: Թամանյանի անունով են կոչվել Երևանում փողոց` հուշարձանով (1974թ.), շինարարական տեխնիկումը (1953թ.), Հայաստանի Ճարտարապետների միության տունը (1978թ.), թանգարան-ինստիտուտը (2001թ.): 2001թ. Հայաստանի ճարտարապետների միությունը սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ: