Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆ

Կինոռեժիսոր

30 սեպտեմբեր, 1925 - 14 մարտ, 1988

Ծնվել է Վրաստանի Թելավ քաղաքում: Եղել է դերասան Դավիթ Մալյանի եղբորորդին: Միջնակարգ կրթությունն ստացել է Թիֆլիսում: 1942թ., դպրոցն ավարտելուց հետո, աշխատել է տեղի թիվ 31 գործարանում` որպես փականագործ: 1945-51թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում` Լևոն Քալանթարի արվեստանոցում: 1951-53թթ աշխատել է Արտաշատի, Կիրովականի (այժմ` վանաձոր), Կապանի թատրոններում: 1951թ. բեմադրել է Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», 1952թ.` Կ.Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ», 1953թ.` Հ.Պարոնյանի «Պաղտասար ախպար», Ա.Չեխովի «Արջը» ներկայացումները: 1953թ. սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսորական բարձրագույն դասընթացներում: 1954թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, սկզբում` որպես ռեժիսորի ասիստենտ, ապա` ռեժիսոր: 1960թ. Հենրիկ Մարգարյանի հետ համատեղ նկարահանել է «Նվագախմբի տղաները» կինոնկարը: 1961-62թթ «Մոսֆիլմ» կինոստուդիայում ստաժավորում է անցել ռեժիսորներ Կալատոզովի և Բոնդարչուկի մոտ: 1963թ. Լևոն Իսահակյանի հետ համատեղ նկարահանել է «Ճանապարհ դեպի կրկես» կինոնկարը, իսկ 1964թ.` «Կեղծ լրտեսը» կարճամետրաժ ֆիլմը: 1967թ. ստեղծել է «Եռանկյունի» կինոնկարը, որի համար 1975թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, իսկ 1968թ. արժանացել է Անդրկովկասի և Ուկրաինայի հանրապետությունների «Մեծ Պրոմեթևս» գլխավոր մրցանակին, ինչպես նաև` Լենինգրադի համամիութենական կինոփառատոնի երկրորդ մրցանակին: 1969թ. նկարահանել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարը, որը 1976թ. Սան Ռեմոյի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է «Տարվա լավագույն հեղինակային ֆիլմ»: 1971թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում: 1972թ. նկարահանել է «Հայրիկ» կինոնկարը: 1975թ. նշանակվել է մանկավարժական ինստիտուտի ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի վարիչ, ապա ստացել պրոֆեսորի կոչում: 1977թ. նկարահանել է «Նահապետ» կինոնկարը և ստացել է դոցենտի գիտական աստիճան: 1980թ. ստեղծել և գլխավորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի թատրոն-ստուդիան, ուր բեմադրել է «Հեքիաթներ», «Դեկամերոն», «Իմ անունն Արամ է», «Քաջ Նազար» ներկայացումները: 1981թ. նկարահանել է «Կտոր մը երկինք» կինոնկարը, որը Վիլնյուսի համամիութենական կինոփառատոնում արժանացել է լավագույն ռեժիսուրայի համար սահմանված մրցանակին: Գրել է մի շարք սցենարներ վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի համար` «Նահապետը», «Մուսալեռցիները», «Տասնմեկը և մեկը», «Գիքորը» և այլն: Գրել է «Երկխոսություն երրորդի համար» գիրքը: Ռեժիսորի նկարահանած ֆիլմերը ցուցադրվել են Հնդկաստանի, Անգլիայի, Ֆիլիպինների միջազգային կինոփառատոներում: 1971թ. պարգևատրվել է ՀՀ Պատվո նշան շքանշանով: 1967թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1977թ.` Հայաստանի, 1982թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: