ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆ

Ճարտարապետ

18 մարտ, 1864 - 1 մարտ, 1934

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Շապին-Գարահիսար քաղաքում: 1888-93թթ սովորել է Կ.Պոլսի գեղարվեստի վարժարանի ճարտարապետության բաժնում: Աշխատել է որպես նախագծող ճարտարապետ: 1895թ. մեկնել է Բուլղարիա, 1900թ. տեղափոխվել Ռումինիա: Եղել է Պարսկաստանում, Սիրիայում, Եգիպտոսում, Հունաստանում, Իտալիայում, 1902թ.` Փարիզում, 1903թ. Անիում` ճարտարապետական հուշարձանների ալբոմ կազմելու մտադրությամբ: 1904թ-ից սկսել է Զվարթնոց տաճարի հետազոտությունը, ղեկավարել Խաչիկ վարդապետի նախաձեռնած պեղումները: 1905թ. ավարտել է Զվարթնոց եռաստիճան տաճարի վերակազմության նախագիծը` հայկական ճարտարապետության ուսումնասիրման բարձրագույն նվաճումը, և հրատարակելով «Զվարթնոց եկեղեցին» (1905թ.)` հիմք դրել հայկական ճարտարապետության գիտությունների գրականությանը: 1904-12թթ Անիում մասնակցել է Նիկողայոս Մառի պեղումներին, ուսումնասիրել ու չափագրել է հուշարձանները, ստեղծել վերակազմության նախագծեր: Նրա աշխատությունները` «Էջմիածնի տաճարը» (1910թ.), «Տեկորի տաճարը» (1911թ.) և այլն, ըստ 1912թ. Կայսերական հնագիտական հանձնաժողովի, համաշխարհային ճարտարապետության պատմության մեջ առաջ են բերել հեղաշրջում: Եվրոպական գիտությունը, որը չէր ընդունում ինքնուրույն հայկական ճարտարապետության գոյությունը, շնորհիվ նրա աշխատությունների` ճանաչել է հայ հին ճարտարապետության գոյությունը: 1913թ. մասնակցել է Վիեննայի համալսարանի գիտական նստաշրջանին և արվեստի լավագույն աշխատանքի համար արժանացել գլխավոր մրցանակին: Նրա ուղարկած 1000-ից ավելի գծագրերի ուսումնասիրությունների և այլ նյութերի հիման վրա Յո.Ստրժիգովսկին Վիեննայում 1918թ. հրատարակել է «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» գերմաներեն երկհատորյակը: 1914-18թթ կորսված (նաև Վիեննայում) հրատարակության պատրաստ 10-ից ավելի աշխատություններն ու մեծաթիվ այլ նյութեր հնարավորինս վերականգնվել են «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության» (1942-48թթ) գրքում: Արևելյան Հայաստանի սահմանափակ տարածքի նյութերով կարողացել է հայտնագործել հայ ճարտարապետության պարբերացումը, ծագման ակունքները, փոխազդեցությունները և զարգացման գրեթե բոլոր փուլերի հատկանիշները, ոճական ամբողջականությունը` հայկական ճարտարապետությանը բերելով միջազգային ճանաչում: Նրա գործերը սկզբնաղբյուր են դարձել ուսումնասիրողների համար: 1933թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան 1969թ. սահմանել է Թորոս Թորամանյանի անվան մրցանակ, որը շնորհվում է հայ ճարտարապետության պատմությանը նվիրված լավագույն աշխատությունների հեղինակներին: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար