
Նորայր
Գրականագետ, հրապարակախոս

Արկադի Հայրապետյան
Կինոռեժիսոր

Անատոլի Գրիգորյան
Գեղանկարիչ

Ռաֆֆի Արմենյան
Դիրիժոր, կոմպոզիտոր

Հրանտ Կարախանյան
Գեղանկարիչ

Կարեն Միրիջանյան
Դերասան

Մագդա Մկրտչյան
Օպերային երգչուհի

Գևորգ Մարտիրոսյան
Երգիչ

Մերի Հովհաննիսյան
Բալետի արտիստ
ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆ

23 մարտ, 1886 - 19 սեպտեմբեր, 1935
Ծնվել է Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր): Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: 1905թ. ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1912թ.՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Մոսկվայում իր դասընկերների` Վահան Տերյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի և Լազարյան ճեմարանի իրենց նախկին ուսուցիչ Կարապետ Կուսիկյանի հետ հրատարակել է նշանավոր «Գարուն» ալմանախը: Ալմանախի երրորդ գրքում հանդես է եկել իր անդրանիկ գրականագիտական ուսումնասիրությամբ: Բաքվում աշխատակցել է «Գործ» ամսագրին և «Բաքվի ձայն» թերթին, մասնակցել տեղի հայկական համայնքի գրական-մշակութային կյանքին: 1921թ. հրավիրվել է Երևան, նշանակվել նորաստեղծ համալսարանի հասարակական ֆակուլտետի դեկան, ապա եղել է ռուս և անտիկ գրականության ամբիոնի վարիչը: 1910-ական թվականներին ազնիվ զայրույթով լի իր ձայնն է բարձրացրել ընդդեմ ժամանակի այն հրապարակախոս-քննադատների, ովքեր փորձել են ստվեր գցել Հովհաննես Թումանյանի վրա: Գրական պրոցեսին բուռն մասնակցություն է ունեցել 1910-20-ական թվականներին՝ հիմնականում հանդես գալով մարքսիստական գրականագիտության դիրքերից: Այս շրջանում է գրել «Ակամա Հերոստրատները» (1913թ.), «Րաֆֆիի գեղարվեստական հայացքները» (1913թ.), «Քննադատության իրավունքը» (1913թ.), «Ռեալիզմը թատրոնում» (1913թ.), «Ալեքսանդր Ծատուրյան» (1917թ.), «Միքայել Նալբանդյանի «Դիվանի» առթիվ» (1933թ.) և այլ հոդվածներ (մի մասը՝ «Գրասեր» կեղծանվամբ), որոնք կարևոր ներդրում են հայ գրականագիտության մեջ: Րաֆֆու, Նալբանդյանի, Ծատուրյանի, Թումանյանի ստեղծագործություններին տրված նրա բնութագրումները հայ գրականագիտական մտքի լավագույն արտահայտություններից են: Թարգմանել է Վ.Լենինի «Ագրարային հարցի թեորիան» (1935թ.), «Ի՞նչ են ժողովրդի բարեկամները» (1935թ.), «Ի՞նչ անել» (հրտ.՝ 1939թ.), «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» (հրտ.՝ 1939թ.) աշխատությունները: 1928թ. Հայաստանից մեկնելիս Մաքսիմ Գորկին իրեն ուղեկցող Պողոս Մակինցյանին ասել է, որ իր հետ տանում է Հայաստանի հիասքանչ բնության, հայկական ժողովրդական հուզիչ պարերի, երգերի և Ցոլակ Խանզադյանի` իր մասին կարդացած հրաշալի զեկուցման տպավորությունները: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: