ՄԱՐԻԱՄ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ

Գեղանկարչուհի

20 հոկտեմբեր, 1907 - 16 հուլիս, 2006

Ծնվել է Կարսի մարզի Բաշ-Շիրակ գյուղում (Գյումրիից ոչ հեռու): Եղել է նկարչուհի Երանուհի Ասլամազյանի քույրը: Դպրոցական տարիներին քրոջ` Երանուհու հետ լույս է ընծայել պատի թերթ, կատարել ձևավորման աշխատանքներ, ապա` կրթությունը շարունակել Լենինականի նորաբաց գեղարվեստի դպրոցում: 1926-29թթ սովորել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումում (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան)` աշակերտելով Սեդրակ Առաքելյանին, Ստեփան Աղաջանյանին, Արա Սարգսյանին, Միքայել Արուտչյանին: Այնուհետև սովորել է Մոսկվայի բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական ինստիտուտում և Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում` ուսանելով ժամանակի կերպարվեստի ամենահայտնի վարպետներին` Ս.Գերասիմով, Կ.Իստոմին, Վ.Մուխինա, Կ.Պետրով-Վոդկին, Ա.Սավինով, Ն.Ուդալցովա, Ս.Դրեվին: 1933թ. ավարտել է նաև ասպիրանտուրան: Նկարչուհու արդիական թեմայով գեղանկարչական կոմպոզիցիաներում առկա է կերպարվեստի ազգային նկարագիրը` «Հերոսի վերադարձը» (1943թ.), «Հերոսի երգը» (1944թ.): 1939-44թթ ստեղծել է ծեր կանանց բազմաթիվ դիմանկարներ` «Տատիկը», «Հիվանդ բաջին», «Լուրեր ռազմաճակատից», «Եղեռնի զոհը», «Զարդարի դիմանկարը» և այլն: Ստեղծել է հայկական կենցաղը, բնությունը պատկերող կոմպոզիցիաներ, բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, կիրառարական իրեր և այլն: Հեղինակել է` «Կոլտնտեսուհի Ծաղիկը» (1956թ., Էստոնիայի կերպարվեստի թանգարան, Տալլին), «Գառնիի բնանկար» (1956թ., Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), «Հյուրընկալություն» (1957թ., Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա), «Հայուհի» (1959թ., Սանկտ Պետերբուրգ), «Հին հայկական պղնձե ամանեղեն» (1982թ.), «Մանուշակներ և հին հայկական սպասք» (1984թ.), «Ինքնանկար կարմիր զգեստով» (1985թ.) և այլ կտավներ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում (1958թ., 1997թ.), Լենինգրադում (1958թ.): 1973թ. արժանացել է Ջ.Ներուի, 1976թ.` Գ.Նասերի անվան մրցանակների: 1965թ. արժանացել է Հայաստանի, 1990թ.` ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար