
Սիմեոն Ապարանցի
Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան
Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան
Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան
Քանդակագործ, գեղանկարիչ

Զուլում Գրիգորյան
Գեղանկարիչ

Երվանդ Ղազանչյան
Բեմադրիչ

Զավեն Սարգսյան
Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան
Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան
Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան
Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան
Հաղորդավար, լրագրող
ՍՊԻՐԻԴՈՆ ՄԵԼԻՔՅԱՆ

18 նոյեմբեր, 1880 - 4 մայիս, 1933
Ծնվել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին): 1902թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը և մինչև 1905թ. դասավանդել այնտեղ, եղել Կոմիտասի օգնական-խմբավարը: 1905-08թթ Բեռլինում Ռ.Շմիդտի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտության տեսություն, խմբավարություն, մշակել է ձայնը, համալսարանում ունկնդրել փիլիսոփայություն և երաժշտության պատմություն: 1908-09թթ որպես երգեցողության ուսուցիչ և խմբավար աշխատել է Շուշիի թեմական դպրոցում, 1909-21թթ՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որտեղ զգալիորեն բարձրացրել է երաժշտական ուսուցման և խմբերգեցողության մակարդակը: Թիֆլիսում ծավալել է երաժշտահասարակական ու լուսավորական գործունեություն՝ նախաձեռնողն ու եռանդուն մասնակիցն է եղել Հայոց երգչախմբային ընկերության (1917թ.), հանդես է եկել հրապարակային դասախոսություններով, հրատարակել է երգեցողության դասագրքեր: 1921թ-ից աշխատել է Հայաստանի դպրոցներում, 1924-33թթ Երևանի կոնսերվատորիայում եղել է տեսական առարկաների դասախոս և խմբավար (1930-31թթ՝ նաև ռեկտոր, 1931-32թթ՝ ուսումնական մասի վարիչ), 1927թ. կոնսերվատորիայի երգչախմբի համերգներով մեծ հաջողությամբ հանդես է եկել Մոսկվայում, ԽՍՀՄ ժողովուրդների արվեստի ցուցահանդեսում: 1926թ-ից ընտրվելով Հայաստանի գիտության և արվեստի ինստիտուտի իսկական անդամ, զբաղվել է նաև ժողովրդական երգեր հավաքելով: Ստեղծագործություններից են՝ «Ախթամար» (ըստ Հ.Թումանյանի) բալլադը երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար և Ա.Իսահակյանի բանաստեղծություններով երգեր (անտիպ), ժողովրդական երգերի մշակումներ («Մեներգեր և խմբերգեր», 1955թ.), որոնցից մի քանիսը՝ «Թխկոնդա», «Պիլիբի», «Ծամթել», «Քելեր, ցոլեր», հաստատուն տեղ են գրավել երգչախմբային երկացանկերում: Երաժշտապատմական և տեսական աշխատություններում («Հունական ազդեցությունը հայ երաժշտության տեսականի վրա» (1914թ.), «Հայ ժողովրդական երգի գամմաներ» (1930թ.), «Կոմիտասի ստեղծագործությունների անալիզը» (1932թ.) տեղ են գտել մեթոդաբանական և Փաստական էական վրիպումներ: Հայ երաժշտության ամբողջական զարգացումն ամփոփելու մի փորձ է «Ուրվագիծ հայ երաժշտության պատմության» (1935թ.) աշխատությունը: Նրա երաժշտագիտական ժառանգության կարևորագույն հատվածը ժողովրդական երգերի ժողովածուներն են՝ «Շիրակի երգեր» (1917թ., հավաքված 1914թ.՝ Ա.Տեր-Ղևոնդյանի մասնակցությամբ) և «Հայ ժողովրդական երգեր և պարեր» (հատոր 1-2, 1949-52թթ), որոնց նյութերը բազմիցս օգտագործել են կոմպոզիտորներն ու երաժշտագետները: Կազմել և իր առաջաբանով հրատարակել է իր աշակերտ Գ.Գարդաշյանի գրառած «Վանա ժողովրդական երգեր»-ը (պրակ 1-2, 1927-28թթ): Գործնական անգնահատելի նշանակություն է ունեցել նրա կողմից Կոմիտասի «Ազգագրական ժողովածու»-ի հրատարակումը (1931թ.), որը Կոմիաասի հանձնարարությամբ նա արտագրել էր 1904թ., իսկ բնագիրը համարվում էր կորած: Կոմպոզիտորի երաժշտական-ազգագրական, կատարողական և մանկավարժական գործունեությունը նշանակալից ներդրում էր հայ երաժշտության զարգացման մինչսովետական վերջին և սովետական շրջանի առաջին տասնամյակների մեջ: 1933թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: