ԶԱՐԵՀ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Բալետի արտիստ, պարուսույց

20 նոյեմբեր, 1913 - 18 դեկտեմբեր, 1979

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում: Եղել է դերասան Էդուարդ Մուրադյանի եղբայրը: 1927-35թթ սովորել է Երևանի պարարվեստի ստուդիայում, ապա` ԽՍՀՄ Մեծ թատրոնի պարարվեստի պետական ուսումնարանում` Վ.Սեմյոնովի արվեստանոցում: 1972թ. էքստերն կարգով ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1935-38թթ եղել է Մոսկվայի Մեծ թատրոնի, 1938-57թթ` Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի արտիստ: Որպես բալետի դերասան հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում` Պ.Չայկովսկու «Շելկունչիկ», «Եվգենի Օնեգին», «Կարապի լիճ», Բ.Ասաֆևի «Բախչիսարայի շատրվան» (Նուրալլի), «Կովկասի գերին», Ժ.Բիզեի «Կարմեն», Ռուբենշտեյնի «Դևը», Բորոդինի «Իշխան Իգոր», Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ», Ս.Պրոկոֆևի «Մոխրոտը», Ա.Տեր-Ղևոնդյանի «Անահիտ», Ա.Խաչատրյանի «Գայանե» (Կարեն), «Երջանկություն» (Ավետ), Ա.Սպենդիարյանի «Խանդութ» (Գուսան), Գ.Հախինյանի «Լոռեցի Սաքոն» և այլն: Երևանի օպերայի և բալետի, ԽՍՀՄ երկրների, Եվրոպայի և Ասիայի բազմաթիվ թատրոններում բեմադրել է մի շարք պարային համարներ՝ Ա.Սպենդիարյանի «Խանդութ» (1956թ., Ա.Վարկավիցկու հետ), Է.Հովհաննիսյանի «Մարմար» (1957թ., Ի.Արբատովի հետ), Խաղագործյանի «Սոնա» (1958թ., Ա.Ղարիբյանի հետ) բալետները, պարեր ազգային և դասական օպերաներում (Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին», Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր» և այլն): Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, մի շարք հոբելյանական և պետական տոներին: Հեղինակել է «Քաջ Նազար» ֆիլմի պարային կատարումը: 1938-42թթ եղել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը: 1935-38թթ դասավանդել է Մոսկվայի Կամերային, 1938թ.` Ե.Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոններում, ապա` Մոսկվայի Մեծ թատրոնի պարարվեստի ակադեմիայում, Երևանի օպերայի և բալետի թատրոնում, Պարարվեստի պետական ուսումնարանում, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Եղել է Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, պրոֆեսոր: Արժանացել է բազմաթիվ պետական պարգևների, մրցանակների, մեդալների, դարձել է մի շարք մրցույթների դափնեկիր: 1961թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար