ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Կինոռեժիսոր

Ծնվել է 1981թ. նոյեմբերի 19-ին, Ստեփանակերտում: 1998թ. ավարտել է Ստեփանակերտի Հ.Թումանյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցը: 1998-99թթ հաճախել է Հայաստանի հանրային հեռուստատեսության ռեժիսորական կուրսերի: 2002-07թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմի ռեժիսուրայի ֆակուլտետում: 1996-97թթ աշխատել է Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում, 1998-99թթ` Ստեփանակերտի հեռուստատեսությունում` որպես լուսային ձևավորող, ապա` հեռուստահաղորդումների ռեժիսոր, 2003-09թթ` «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում` որպես հեռուստա‎ֆիլմերի և հեռուստահաղորդումների ռեժիսոր: 2009թ-ից «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորն է: Նկարահանած խաղարկային ֆիլմերից են` «Առաջին իմ սեր» (1999թ.), «Պատրանք» (2001թ.), «Աննկատ կյանք» (2006թ.), «Արևածագն Արցախում խաղաղ է» (2007թ.), «Գտնված հեքիաթ» (2010թ.), «Ընդհատված մանկություն» (2013թ.), «Թևանիկ» (2014թ.), «Վերջին բնակիչը» (2016թ.), վավերագրական ֆիլմերից են` «Քամուն ընդառաջ» (2004թ.), «Սեփական պատմության արահետներով» (2005թ.), «Թաքուն հայեր» (2009թ.), «Փրոմոշն ֆիլմեր» (2009թ.), «Մխացող պատրույգ» (2009թ.),  «Պրոտոկոլային ծուղակ» (2010թ.), «Կենսական շարժումներ» (2010թ.), «Քառատված խաչ» (2010թ.), «Բաժանված զույգը» (2010թ.), «Փրկված բեկոր» (2010թ.), «Թշնամի մուրճը» (2010թ.), «Հայերը` Մռավից Արաքս» (2011թ.), «Ղարաբաղ թաքնված գանձ» (2011թ.), «Ճանապարհ դեպի…» (2012թ.): Մասնակցել է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորներն առանց սահմանների» ֆիլմերի  նախագծերի շնորհանդես-սեմինարի (2006թ., 2007թ., 2013թ.), Թբիլիսիի Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Պատերազմ և մամուլ» գործնական թրեյնինգների և մրցույթի (2009թ.): 2005թ. «Քամուն ընդառաջ» ֆիլմով մասնակցել է Երևանի «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնին և արժանացել դիպլոմի, «Ծայրահեղություններ» հաղորդաշարով` «Միր» հեռուստաընկերության կազմակերպած «Համագործակցության լավագույն ծրագրեր» միջազգային փառատոնին (Ալմա-Աթա) և դարձել դափնեկիր: 2006թ. «Աննկատ կյանք» ֆիլմով մասնակցել է Գերմանիայի Հաննովեր քաղաքի «Up-and coming» միջազգային կինոփառատոնին, 2007թ.` «Արևածագն Արցախում խաղաղ է» ֆիլմով Իտալիայի «Ischia» միջազգային կինոփառատոնին, 2008թ.` Չեխիայի Ջիհլավա քաղաքի «Արևելքի արծաթ» վավերագրական ֆիլմերի փառատոն-շուկային: 2007-08թթ և 2013թ. «Աննկատ կյանք», «Արևածագն Արցախում խաղաղ է» և «Ընդհատված մանկություն» ֆիլմերով մասնակցել է «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոներին. վերջին ֆիլմի համար արժանացել Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակի: 2013թ. «Ընդհատված Մանկություն» ֆիլմով և «Թևանիկ» ֆիլմի նախագծով մասնակցել է Կաննի 66-րդ միջազգային կինոփառատոն-շուկային: Նույն թվականին Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության` «Լավագույն գիտական և ստեղծագործական աշխատանքի» համահայկական մրցանակաբաշխության ժամանակ «Մեր սահմանը» վավերաֆիլմի սցենարի համար արժանացել է մրցանակի` որպես լավագույն սցենար:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար