ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԵՆՑ

Գեղանկարիչ

10 ապրիլ, 1910 - 7 մայիս, 1967

Հարություն Խարմանդարյան

Ծնվել է Թուրքիայի Կյուրին քաղաքում: Եղել է գեղանկարչուհի Արմինե Կալենցի ամուսինը: 1915թ. Հայոց Մեծ եղեռնի ժամանակ զրկվել է ծնողներից: 1918թ. ապաստանել է Հալեպի որբանոցում, որի կրթարանում 1923թ. աշակերտել է նկարիչ­ Օննիկ Ավետիսյանին: 1927-30թթ աշխատել է ֆրանսիացի նկարիչ Կլոդ Միշլեի արվեստանոցում և համատեղ ցուցահանդեսներ կազմակերպել Լիբանանում ու Սիրիայում: 1930թ. հաստատվել է Բեյրութում, եղել Լիբանանի արվեստագետների միության հիմնադիրներից, բացել սեփական արվեստանոցը: 1930-40թթ աշխատել է հաստոցային գեղանկարչության, դեկորատիվ որմնանկարչության և գրաֆիկայի բնագավառներում: Մասնակցել է Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսին, որտեղ Լիբանանի տաղավարի հարթաքանդակների համար արժանացել է Պատվո դիպլոմի: 1946թ. տեղափոխվել է Երևան: 1950-60թթ եղել է նկարչի ստեղծագործության ծաղկուն շրջանը: Ստեղծել է բազմաթիվ դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ, որոնք աչքի են ընկել կառուցվածքային ամբողջականությամբ, թափանցիկ ու նուրբ երանգներով: Նկարչի նշանավոր գործերից են` գրող Վիվան Չիթեջյանի, պարուհի Մայա Պլիսեցկայայի, նկարչուհի Քնարիկ Հովհաննիսյանի, դերասանուհի Վալենտինա Խմարայի դիմանկարները, «Աշու­նը Զանգվի ձորում», «Սևանա կղզու Սուրբ Կարապետ եկեղեցին», «Աշունը բուսաբանական այգում», «Գարունը մեր բակում» բնանկարները, «Նատյուրմորտ. մրգեր», «Նատյուրմորտ» և այլ կտավներ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բեյրութում, Մոսկվայում, Լենինգրադում, Երևանում: Նրա գործերից  պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում, մասնավոր հավաքածուներում: 1965թ. արժանացել Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման, 1967թ.` Հայաստանի Պետական մրցանակ (հետմահու): Մահացել է Երևանում: Նրա անունով Երևանում կոչվել է փողոց: 2009թ. ստեղծվել է «Կալենց» մշակութային հիմնադրամը: 2010թ. Հարություն Կալենցի 100 և Արմինե Կալենցի 90-ամյակի կապակցությամբ Երևանում բացվել է Կալենց թանգարանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար