ՎԱՀԱԳՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1981թ. ապրիլի 20-ին, Երևանում: 1997թ. ավարտել է Երևանի թիվ 120 միջնակարգ դպրոցը: Մասնագիտական գործունեությունն սկսել է 1998թ., Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում: Աշխատել է «Այգ» հեռուստաընկերության լրատվական ծրագրում, «Արմենակոբ» հեռուստաընկերությունում հեղինակել է «Մեր կինոն» և «Երևանի գիշերներում» հաղորդաշարերը: «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրում աշխատել է որպես հեռուստալրագրող: 2004թ. հեղինակել և վարել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Մշակութային Հայաստան», «Մեր մեծերը», «Անդրադարձ», «Հայերն աշխարհում» և «Գաղտնի թղթապանակ» հաղորդաշարերը: Բարձրագույն մասնագիտական կրթություն է ստացել Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանում, սովորել է Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրայում: 2005թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան, 2014թ.՝ դոցենտի գիտական կոչում: Մասնագիտական վերապատրաստում է անցել Ռուսաստանի հեռուստատեսության և ռադիոյի մասնագետների որակավորման բարձրացման ինստիտուտում (ИПК) և Փարիզի լրագրության միջազգային դպրոցում (CFJ): 2008թ-ից համագործակցում է մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության հետ` հեղինակելով մեդիագրագիտության թեմայով սոցիալական հոլովակների շարք, ինչպես նաև կատարելով հեռուստատեսային և ռադիո ոլորտի գիտական ուսումնասիրություններ: Նրա հեռուստատեսային ֆիլմերը մի շարք հեղինակավոր միջազգային փառատոներում արժանացել են մրցանակների և դիպլոմների: 2006թ-ից Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում դասավանդել է «Հեռուստալրագրության հիմունքներ», «Լրագրողի աշխատանքը եթերում» և «Մուլտիմեդիա լրագրություն» առարկաները, 2013-15թթ ղեկավարել է նույն համալսարանի լրագրության ամբիոնը: 2011թ-ից Մերձավոր Արևելքի երկրների «Վանա ձայն» ռադիոկայանի հայաստանյան թղթակցային կետի ղեկավարն է: Հեղինակել և վարել է «Երևանյան անդրադարձ» և «Հայրենիքի շաբաթը» ռադիոհաղորդումները: 2012-14թթ Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում դասավանդել է «Հեռուստառադիոլրագրություն» և «Լրագրության հիմունքներ» առարկաները: Նույն թվականին հրատարակել է «Հայկական հեռուստատեսություն. հայկական հեռուստատեսության և հեռուստալրագրության զարգացման փուլերը» ուսումնամեթոդական ձեռնարկը: 2014թ-ից Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասավանդում է «Հեռուստալրագրողի վարպետություն» առարկան: Նույն թվականից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի PR մենեջերն է: 2012թ-ից Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է: Հեղինակել է մի քանի ուսումնամեթոդական ձեռնարկ և ավելի քան 30 գիտական հոդված: Նախաձեռնել և կազմակերպել է հեռուստատեսությանն ու առցանց լրագրությանն առնչվող մի շարք գիտաժողովներ: Նրա գիտական ուսումնասիրության շրջանակում է նաև մշակութային PR-ին առնչվող նյութերը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար