ՀԱՅՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Երգիչ, բանահավաք

3 մայիս, 1905 - 22 դեկտեմբեր, 1999

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Շատախի գավառի Ջնուկ գյուղում: Հարևան գյուղի ավագ քահանան, ով կրթվել և դաստիարակվել էր Հայրիկ Խրիմյանի բարոյական շնչի ներքո, փոքրիկին մկրտել է Ջնուկ գյուղի Սուրբ Եռախորան եկեղեցում՝ նրան կնքելով Հայրիկ անվամբ՝ Խրիմյան Հայրիկի պատվին: Սովորել է Վանի դպրոցում: Աշակերտել է ուսուցիչներ Բարունակ Կապուտիկյանին, աշխարհագրագետ Մատիր Խերանյանին, երգեցողության դասատու պարոն Սենեքերիմին: 1915թ. Մուրադյանների 54 անձից բաղկացած գերդաստանը Շատախից գաղթել է Իրանի Սալմաստ քաղաք, հետո վերադարձել Վան, ապա կրկին` Իրան և, վերջապես, հասել Իրաքի անապատներ: Միայն Հայրիկը, նրա մայրը, եղբայրն ու հորեղբայրն են կարողացել ողջ մնան այդ փորձություններից հետո: 1921թ. տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել Վերին Արտաշատում: Սկզբում աշխատել է որպես բատրակ: Միաժամանակ ավարտել է միջնակարգ դպրոցը, ապա և Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Համալսարանում շփվել է հայտնի մտավորականների՝ Հրաչյա Աճառյանի, Յուրի Ղամբարյանի, Արսեն Տերտերյանի, Գուրգեն Սևակի, Մկրտիչ Մկրյանի և ուրիշներ հետ: Հետագա տարիներին Հայաստանի տարբեր շրջաններում ծավալել է ղեկավար բնույթի աշխատանքներ: Այդ ժամանակաշրջանում ծանոթացել և շփվել է տարբեր գյուղերի հայ գեղջուկների հետ, որոնցից էլ սովորել և գրի է առել հայկական ֆոլկլորին հարազատ ազգագրական երգեր: 1937թ. հայազգի այլ մտավորականների նման հայտնվել է բանտում: Նրան մեղադրել են որպես Խանջյանի դրածո: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ), պարգևատրվել է «Հայրենական պատերազմի շքանշանով», «Պատվո նշանով» և երեք մարտական մեդալներով: 1965թ. առաջին անգամ եթեր արձակվեց նրա ձայնը: Նրա և իր դուստր Մարոյի ջանքերով 1980թ. հիմնադրվել է «Ակունք» ազգագրական համույթը (Ռադիոյի և հեռուստատեսության Պետական կոմիտե), որը հետագայում մեծ ճանաչում է ստացել հանրապետությունում և նրա սահմաններից դուրս և «Վան» ազգագրական համույթը (Պոլիտեխնիկական ինստիտուտ): Բազմաթիվ այլ ազգագրական համույթներ (այդ թվում՝ ուսանողական, մանկական) է ստեղծել և գլխավորել, որոնցից ամենահայտնին «Հայրիկ Մուրադյան» ազգագրական երգի ու պարի համույթն էր: Նրա կատարած ժողովրդական երգերը հուզական յուրահատուկ գունավորում են տվել «Հայֆիլմի» նկարահանած «Երգ Հայրենի» (1972թ.), «Պետրոս Դուրյան» (1973թ.), «Վասպուրականի պարեր» (1973թ.) վավերագրական ֆիլմերին: Նրա կատարման ձայնագրություններով է ձևավորվել Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնի՝ Վ.Սարոյանի «Խաղողի այգին» ներկայացումը (1971թ.): Նրա երգած երգերից երկուսը տեղ են գտել Փարիզում (1971թ.) լույս տեսած «Աշխարհի ժողովուրդների ֆոլկլորը» ծրագրված շարքի չորս ձայնասկավառակներից առաջինում՝ Հայաստան բաժնում: Ձայնագրվել է շուրջ 200 երգ՝ ՀՀ ազգային ռադիոյի ձայնադարանում, «Հայրենի երգեր» ժողովածուում (1980թ.) և այլն: Թողել է հոգևոր, մշակութային և գրական մեծ ժառանգություն: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար