ԳՈՒՐԳԵՆ ԲՈՐՅԱՆ

Դրամատուրգ, բանաստեղծ

20 հունիս, 1915 - 15 ապրիլ, 1971

Ծնվել է Շուշիում: Ավարտել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը: 1936թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1938-41թթ և 1950-54թթ՝ միության պատասխանատու քարտուղարը: 1938-41թթ եղել է «Գրական թերթ»-ի խմբագիրը, Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին՝ զինվորական թերթի թղթակից: 1958-62թթ խմբագրել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագիրը։ 1968-71թթ եղել է Հայաստանի մշակույթի նախարարի առաջին տեղակալը։ 1930թ-ից տպագրվել է: 1937թ. լույս է տեսել բանաստեղծությունների առաջին ժողովածուն: Հրատարակել է «Ճանապարհ դեպի ծով» (1940թ.), «Մարտիկի երդումը» (1941թ.), «Կրակե լեզվով» (1942թ.), «Հրացոլք» (1945թ.), «Երևանյան լուսաբաց» (1947թ.), «Հատընտիր» (1953թ.) ժողովածուները, որոնք արտահայտում են սովետական մարդու առօրյան, ապրումներն ու հոգսերը։ Գրել է նաև մանուկների համար («Մանկական բանաստեղծություններ», 1942թ., «Ծաղկեփունջ», 1946թ., «Այո և ոչ», 1955թ.)։ Հեղինակել է մի շարք պիեսների։ «Բարձունքներում» (1949թ.), «Հրաշալի գանձ» (Հ.Ղափլանյանի հետ համատեղ), «Կամուրջի վրա» (1961թ.) պիեսները բեմադրվել են Հայաստանի և ԽՍՀՄ այլ թատրոններում։ «Նույն հարկի տակ» (1947թ.) պիեսի մոտիվներով 1966թ. գրել է «Սարոյան եղբայրներ» կինոսցենարը, որի համար 1970թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով: Պարգևատրվել է Կարմիր աստղի, Աշխատանքային կարմիր դրոշի և այլ շքանշաններով: 1971թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: