Պողոս Օտյան

Պետական գործիչ, մանկավարժ

Գրիգոր Օտյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Հակոբ Օշական

Արձակագիր, դրամատուրգ

Հակոբ Խաչատրյանց

Գրականագետ, թարգմանիչ

Բագրատ Ուլուբաբյան

Պատմաբան, բանաստեղծ, արձակագիր

Կարո Սարաֆյան

Կիթառահար

Ալեքսանդր Չաուշյան

Թավջութակահար

Արթուր Ավանեսով

Դաշնակահար, կոմպոզիտոր

Ժիրայր Ոսկանյան

Հաղորդավար

 

 

 

 

ՀԱԿՈԲ ՄԱՆԱՆԴՅԱՆ

Պատմաբան, բանասեր

10 նոյեմբեր, 1873 - 4 փետրվար, 1952

Ծնվել է Ախալցխայում: 1883-93թթ սովորել է Թիֆլիսի առաջին դասական գիմնազիայում, 1893-97թթ՝ Ենայի, Լայպցիգի, Ստրասբուրգի համալսարաններում, մասնագիտացել փիլիսոփայության, արևելագիտության, լեզվաբանության մեջ: 1897թ. Ենայի համալսարանում պաշտպանել է դիսերտացիա և ստացել փիլիսոփայության դոկտորի աստիճան: 1898թ. էքստեռն կարգով ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը և ստացել հայ-պարսկական բանասիրության թեկնածուի առաջին կարգի դիպլոմ, իսկ 1909թ.՝ Յուրևի (Դորպատ) համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1900-05թթ դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1905-07թթ՝ Թիֆլիսի առաջին և երկրորդ արական գիմնազիաներում, 1906-07թթ՝ Ներսիսյան դպրոցում, 1911-13թթ՝ Բաքվի ժողովրդական համալսարանում, 1915-19թթ՝ առևտրական դպրոցում: Աշխատակցել է պարբերական մամուլին («Արարատ», «Արշալույս», «Գործ» և այլն): Խմբագրել է «Արմենիշե Ցայտշրիֆտ» («Агmenische Zeitschrift», 1901-04թթ), «Արշալույս» (1906թ.), «Բաքու» («Баку», 1917թ.) պարբերականները: 1909-19թթ Բաքվում զբաղվել է փաստաբանությամբ: Եղել է Երևանի համալսարանի հիմնադիր դասախոսներից և առաջին ռեկտորը (1921թ.), արևելագիտական, ապա՝ պատմագրական ֆակուլտետների դեկանը (1921-23թթ), հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչը (1921-25թթ, 1925թ-ից՝ պրոֆեսոր): 1925թթ ընտրվել է Գիտության և արվեստի ինստիտուտի անդամ, վարել է նույն ինստիտուտի պատմահասարակագիտական բաժնի գիտնական քարտուղարի պաշտոնը, 1930թ. հաստատվել է ՀՀ Գիտությունների ինստիտուտի առաջին կազմում: 1945թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1931թ-ից ընդհատել է մանկավարժական աշխատանքը և զբաղվել միայն գիտահետազոտական գործունեությամբ: Թողել է հայերեն, ռուսերեն, գերմաներեն ավելի քան 100 աշխատություն՝ նվիրված հայ ժողովրդի հին և միջնադարյան պատմությանն ու բանասիրությանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական հարաբերություններին, քաղաքներին, առևտրին ու քաղաքային կյանքին, Հայաստանի և Անդրկովկասի պատմական աշխարհագրությանը, առևտրական ճանապարհների ու ռազմական արշավանքների երթուղիների ուսումնասիրությանը, չափագիտությանը, վիմագրությանը և այլն: Հայագիտության մեջ մուտք է գործել որպես բանասեր: 1902թ., Հրաչյա Աճառյանի աշխատակցությամբ, 2 հատորով հրատարակել է 12-16-րդ դդ հայկական վկայաբանական գրականության հայտնի բոլոր բնագրերը (մեկ տարի անց լույս տեսավ նույնի քննաբաղդատական գիտական հրատարակությունը): Զբաղվել է հունական իմաստասիրական երկերի հայերեն թարգմանությունների, հայոց մատենագիտության, հունաբան դպրոցի գործունեության, վերջինիս լեզվի, առանձին երկերի, հատկապես՝ Դավիթ Անհաղթի իմաստասիրական ժառանգության ուսումնասիրությամբ: Այս բնագավառում կատարած նրա աշխատանքների հանրագումարն էր «Հունաբան դպրոցը և նրա զարգացման շրջանները» (Վիեննա, 1928թ.) ընդհանրացնող մենագրությունը, որտեղ պատմաբանը պարզել է հունաբան դպրոցի առաջացման պատճառներն ու զարգացման շրջանները, հունարենից կատարված թարգմանական իմաստասիրական ու քերականական գրականության ժամանակագրությունը, ցույց է տվել հունաբան դպրոցի դերը հայոց աշխարհիկ բանաստեղծության, հայոց լեզվի ձևաբանության, շարահյուսության և բառապաշարի զարգացման գործում: Հետագայում ևս, տարբեր առիթներով, դարձյալ անդրադարձել է հունաբան դպրոցի առանձին երկերի ուսումնասիրությանը՝ հրատարակելով Թեոն Ալեքսանդրացու և Հերմես Եռամեծի իմաստասիրական երկերի հայերեն թարգմանությունների բնագրերը: Զբաղվել է նաև Մովսես Խորենացու Պատմության գրության ժամանակի խնդրով («Խորենացու առեղծվածի լուծումը», 1934թ.): Տուրք տալով հայագիտության մեջ արտահայտված այն սխալ տեսակետին (Լա Կրոզ, Գուտշմիտ, Կարիեր, Խալաթյանց, Մառ և այլն), ըստ որի, «Աշխարհացոյց»-ը պատկանում է Խորենացու գրչին՝ նա նույնպես փորձել է ապացուցել, թե իբր Մովսես Խորենացու Պատմությունը և «Աշխարհացոյց»-ը գրված են 9-րդ դարում միևնույն անձնավորության ձեռքով: Այդուհանդերձ, խիստ բարձր է գնահատել Խորենացու երկի նշանակությունը Հին Հայաստանի պատմության ամենատարբեր հարցերի ուսումնասիրության բնագավառում: «Մեսրոպ Մաշտոցը և հայ ժողովրդի պայքարը մշակութային ինքնուրույնության համար» (1941թ., ռուսերեն) աշխատության մեջ բացահայտել է հայ գրերի պատմության հետ կապված մի շարք առեղծվածներ և հանգել այն եզրակացության, որ մաշտոցյան գրերը ստեղծվել են 392-393թթ ընթացքում: Մեծ արժեք են ներկայացնում նրա աշխատությունները («Արմավիրի հունարեն արձանագրությունները նոր լուսաբանությամբ» (1946թ.), «Գառնիի հունարեն արձանագրությունը և Գառնիի հեթանոսական տաճարի կառուցման ժամանակը» (1946թ.))՝ նվիրված Հայաստանում հայտնաբերված հունարեն վիմագիր արձանագրությունների վերծանմանն ու ուսումնասիրությանը: Եղել է սովետահայ պատմական գիտության հիմնադիրներից: Նրա առաջին հետազոտություններն այս բնագավառում նվիրված էին շինականների դրության, արքունի հարկերի, հողատիրության ձևերի, առևտրի և քաղաքների ուսումնասիրությանը: «Հայաստանի առևտրի և քաղաքների մասին» (1930թ., ռուսերեն) մենագրության մեջ գիտականորեն ուսումնասիրել է Հայաստանի քաղաքների պատմությունը, խաղացած դերը համաշխարհային առևտրի մեջ, նրանց առաջացման, զարգացման ու անկման հարցերը: Հայաստանի սոցիալ-տնտեսական հարաբերություններին նվիրված ուսումնասիրություններում հայթայթված տվյալները հիմք հանդիսացան նրա «Ֆեոդալիզմը Հին Հայաստանում» (1934թ.) մենագրության համար, ուր լուսաբանված են Հայաստանում ֆեոդալիզմի ծագման, զարգացման, կազմալուծման ու անկման խնդիրները, վերլուծված են հողատիրության ինստիտուտները, ավատական աստիճանակարգությունը, նախարարությունների ներքին կառուցվածքը, շինականների իրավական ու տնտեսական դրությունը և այլն: Այստեղ, ինչպես նաև այլ աշխատություններում, փորձել է ապացուցել, թե Հայաստանը ստրկատիրական հասարակական-տնտեսական ֆորմացիա չի ապրել, տոհմատիրական կարգերի քայքայումից անմիջապես հետո տիրապետել են ֆեոդալական հարաբերությունները: «Տիգրան Բ և Հռոմը» (1940թ.) գործում փաստական և աղբյուրագիտական հարուստ նյութերի հիման վրա պատմաբանը առաջին անգամ վեր է հանել Տիգրան Բ-ի ժամանակաշրջանի գիտական-քննական պատմությունը: Վերագնահատելով Տիգրան Բ-ին և նրա ժամանակաշրջանին նվիրված բոլոր սկզբնաղբյուրներն ու առկա գրականությունը՝ ժխտել է բուրժուական պատմագրության (Մոմզեն, Ռեյնաք, Ֆեռերո) այն տեսակետը, որի համաձայն, Տիգրան Բ Մեծի պայքարը Հռոմեական Հանրապետության դեմ ոչ այլ ինչ էր, եթե ոչ «բարբարոս Արևելքի» պայքարը «քաղաքակիրթ Արևմուտքի» դեմ: Հեղինակը ցույց է տվել այս տեսակետների հակագիտական ու միտումնավոր բնույթը, բացահայտել Հռոմի զավթողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, համոզիչ փաստերով ապացուցել Տիգրան Բ-ի մասին հռոմեական սկզբնաղբյուրներում պահպանված վկայությունների գունազարդված, միակողմանի բնույթը: Վեր է հանել նաև հռոմեական նվաճողների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի մինչ այդ չլուսաբանված դրվագները: 1940-ական թվականներից ձեռնարկել է «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» բազմահատոր աշխատությունը, ուր քննաբար լուսաբանվելու էր հայ ժողովրդի՝ մ.թ.ա. 6-րդ դարից մինչև մ.թ. 16-րդ դարի ամբողջական պատմությունը: Աշխատության 1-ին հատորը (1945թ.) ընդգրկում է հայ ժողովրդի ծագումից մինչև Արշակունյաց հարստության հաստատումը (66թ.), 2-րդ հատորի 1-ին մասը (1957թ.) նվիրված է Արշակունյաց հարստության ժամանակաշրջանին (66-428թթ), իսկ 2-րդ մասը, որն ընդգրկելու էր մարզպանության, Արաբական խալիֆայության և Բագրատունյաց հարստության պատմաշրջանները, մնացել է անավարտ: 3-րդ հատորը (1952թ.) նվիրված է սելջուկյան, Զաքարյանների իշխանապետության, մոնղոլական ու թուրքմենական ցեղերի տիրապետության ժամանակաշրջաններին: Այս աշխատությամբ հեղինակը փորձել է ընդհանրացնել և հանրագումարի բերել նաև իր նախորդ աշխատություններում շոշափած խնդիրները: Ուշադրությունն առավելապես կենտրոնացնելով Հայաստանի քաղաքական պատմության թերի կամ բոլորովին չլուսաբանված հարցերի ու ժամանակաշրջանների վրա՝ նա մասնակիորեն է անդրադարձել երկրի սոցիալտնտեսական հարաբերություններին, օտար տիրապետությունների դեմ հայ ժողովրդի ազատագրական, ինչպես նաև դասակարգային ու ներդասակարգային պայքարի ու մշակույթի պատմության հարցերին: Նրա սույն աշխատությունը կարևոր դեր է խաղացել Հայաստանի հին և միջնադարյան քննական պատմությունն ստեղծելու գործում: Դա առաջին փորձն էր պատմության մատերիալիստական ըմբռնման դիրքերից լուսաբանելու, գիտական ամուր հիմքերի վրա դնելու նշված ժամանակաշրջանների պատմության ուսումնասիրությունը: Նրա աշխատություններից շատերը գիտական կարևոր ավանդ են ոչ միայն Հայաստանի, այլև Անդրկովկասի ու Մերձավոր Արևելքի երկրների պատմության ուսումնասիրման ու լուսաբանման գործում: 1938թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1939թ-ից եղել է ԽՍՀՄ, 1943թ-ից` Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: 1935թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար