ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

5 մայիս, 1939 - 27 հոկտեմբեր, 2016

Ծնվել է Երևանում: 1956թ. ավարտել է ՀՀ Հոկտեմբերյան (այժմ՝ Արմավիր) քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1956-57թթ աշխատել է տեղի հաստոցաշինական գործարանում: 1962թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: 1962-64թթ որպես երկրաբան աշխատել է Թուրքմենստանի Կարակումի անապատում: 1965-66թթ եղել է «Ավանգարդ» թերթի արվեստի և գրականության բաժնի վարիչը, 1966-69թթ` «Գրական թերթ»-ի շրջիկ թղթակից, 1970-74թթ` «Սովետական գրականություն» ամսագրի արձակի բաժնի վարիչը: 1968թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1974-75թթ սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում: 1975-76թթ աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում` որպես երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիր, 1976-79թթ` «Եթերում է Երևանը» թերթի խմբագրությունում: 1980-81թթ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում` որպես գրական-գեղարվեստական գրականության բաժնի վարիչ: 1981-82թթ եղել է «Սովետական գրող» հրատարակչության գեղարվեստական գրականության (ժամանակակից արձակ և պոեզիա) խմբագրության վարիչը, 1982-87թթ` «Սովետական գրող» (այժմ` «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիրը, 1988-89թթ` Հայաստանի գրողների միության քարտուղարը: 1989թ-ից եղել է «Նորք» հանդեսի խմբագիրը, 1988թ-ից` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Հրատարակվել են նրա «Ճիչ» (1975թ.), «Ամենատաք երկիրը» (1977թ.), «Երկար, հրաշալի օր» (1980թ.), «Ճայերը» (1981թ., 2009թ.), «Որդան Կարմիր» (1984թ.), «Ծիրանի ծառերի տակ» (2006թ.) գրքերը: 1975թ. Մոսկվայի «Պրոգրես» հրատարակչությունը ռուսերեն, հայերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն և գերմաներեն լույս է ընծայել նրա «Երևան» ֆոտոալբոմը: 1983թ. «Սովետական գրող» հրատարակչությունը ռուսերեն լույս է ընծայել «Ամենատաք երկիրը» խորագրով գիրքը, որն ամփոփում է գրողի լավագույն պատմվածքներն ու «Որդան կարմիր» վիպակը: 1985թ. «Ժամանակակից հայկական պատմվածք» մատենաշարով «Սովետական գրող» հրատարակչությունը լույս է ընծայել գրողի «Ապրիլ» ժողովածուն: Նրա սցենարով նկարահանվել է «Հնձան» (1973թ.), «Ամենատաք երկիրը» (1983թ.), «Ապրիլ» (1985թ.), «Կարոտ» (1990թ.) ֆիլմերը: Գրել է նաև սցենար` Ս.Զորյանի «Խնձորի այգին» ստեղծագործության հիման վրա (1985թ.): Ռուսերենից հայերեն է թարգմանել Գ.Մարկեսի, Լ.Տոլստոյի, Ա.Չեխովի ստեղծագործությունները։ 2000-07թթ եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր: 1980թ. «Որդան կարմիր» վիպակի համար արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի: 2006թ. «Ծիրանի ծառերի տակ» վեպի համար արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին: 2009թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2010թ.՝ ՀԳՄ Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի, 2014թ.՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար