Ռուբեն Զարդարյան

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան

Ճարտարապետ

Հոբոս Ապեր

Մանկագիր, բանաստեղծ

Բակուր

Արձակագիր

Գևորգ Կակոսյան

Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան

Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան

Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԿՈՄԻՏԱՍ

Կոմպոզիտոր, երաժշտագետ, երգիչ, բանահավաք, վարդապետ

26 սեպտեմբեր, 1869 - 22 հոկտեմբեր, 1935

Սողոմոն Սողոմոնյան

Ծնվել է Թուրքիայի Քյոթահիա քաղաքում: Եղել է հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը: Մեկ տարեկան հասակում զրկվել է մորից, իսկ տասը տարեկանում` հորից: Մինչև 1881թ. ապրել է տատիկի հետ: Երբ հայկական թեմի առաջնորդը գնացել է Էջմիածին` եպիսկոպոս օծվելու համար, Գևորգ Դ կաթողիկոսն առաջնորդին պատվիրել է, որ նա իր հետ որբ երեխա բերի` Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար: Սողոմոնը մեկնել է Էջմիածին, որտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է թողել: Սահակ Ամատունու ղեկավարությամբ հիմնովին ուսումնասիրել է եկեղեցական երաժշտության տեսականն ու գործնականը, հայկական նոտաներով հեղինակավոր աղբյուրներից գրի առել հնագույն հոգևոր եղանակներ: Ստեղծագործական փորձերը սկսել է 1890-ական թվականների սկզբից՝ Խ.Աբովյանի, Հ.Հովհաննիսյանի, իր կրտսեր դասընկեր Ա.Իսահակյանի և այլոց բանաստեղծություններով երգեր և խմբերգեր, ինչպես նաև գյուղական ու քաղաքային ժողովրդական երգերի դաշնակումներ հորինելով: 1891թ. «Արարատ» ամսագիրը տպագրել է նրա «Ազգային օրհներգ»-ը (խոսք՝ ճեմարանի ուսանող Ա.Թաշճյանի)՝ երկձայն, միաժամանակ նաև եռաձայն ու քառաձայն խմբի համար: 1890թ. դարձել է սարկավագ: 1893թ. ավարտել է տեղի Գևորգյան հոգևոր ճեմարանը և ստացել աբեղայի աստիճան: Այդ ժամանակ նրան տրվել է 7-րդ դարի բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը: Ճեմարանում դասավանդել է երաժշտություն: 1895թ. նրան տրվել է վարդապետի աստիճան: Նույն թվականի աշնանը մեկնել է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու, սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին, փոխել է մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրել հարմոնիայի դասընթացը: Կաթողիկոսի բարեխոսությամբ, թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից, մեկնել է Բեռլին, ուր 1896-99թթ սովորել է Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Արքունական համալսարանում (ուսուցիչների թվում, բացի Ռ.Շմիդտից, եղել են Օ.Ֆլայշերը, Հ.Բելլերմանը, Մ.Ֆրիդլենդերը), ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, երաժշտության պատմություն, նաև հոգեբանություն ու փիլիսոփայություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր, երգեհոն, խմբավարություն: Դարձել է Միջազգային երաժշտական ընկերության առաջին անդամներից, Բեռլինի բաժանմունքի ժողովներին հանդես եկել հայ երաժշտության ուսումնասիրություններով, գերմանացի երգիչներից կազմած քառյակով ցուցադրել ժողովրդական երգերի իր դաշնակումները, աշխատակցել ընկերության հանդեսին: Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ և խմբերգեր գերմանացի բանաստեղծների խոսքերով, մշակել ժողովրդական երգեր: 1899թ. վերադարձել է Էջմիածին և սկսել ղեկավարել տղամարդկանց բազմաձայն երգչախումբը: Եռանդուն շարունակել է գիտական և մանկավարժական աշխատանքը, խորացել կոմպոզիցիայում, այլ գործերի հետ (գեղջուկ երգերի մշակում ձայնի, երգչախմբի համար, Հ.Թումանյանի, Հ.Հովհաննիսյանի խոսքերով ստեղծագործություններ) ձեռնարկել է «Անուշ» օպերայի ստեղծմանը, ճեմարանի խմբով համերգներ տվել Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում ու Բաքվում: Ճամփորդել է երկրի բոլոր շրջաններով, գյուղերով` փնտրելու զանազան ժողովրդական երգեր և պարեր: Հավաքել է մոտ 3000 երգ, որոնցից մեծ մասը հարմարեցրել է երգչախմբով երգելու համար: Գլխավոր աշխատանքը եղել է «Պատարագ»-ը, որը մինչ այսօր ներկա է եկեղեցու ծիսակատարության մեջ: 1906թ. ֆրանսիական «Լամուրյո» համերգային ընկերության երգչախմբով հայ ժողովրդական ու հոգևոր երգերն իր մշակումներով, հայոց լեզվով, ցուցադրել է Փարիզում, նույն երգերի մասին Ռոմեն Ռոլանի «Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցում» կարդացել դասախոսություն (1907թ.): Համերգներ է տվել և դասախոսել նաև Շվեյցարիայի քաղաքներում և Վենետիկի Մխիթարյան միաբանությունում: 1910թ-ից ապրել և աշխատել է Կոստանդնուպոլսում, որտեղ հիմնել է «Գուսան» (1912թ-ից՝ «Հայ գուսան») երգչախումբը` 300 անդամով: Մասնագետ երաժիշտներ պատրաստելու նպատակով երաժշտության տեսության առանձին դասեր է տվել երգչախմբի մի շարք մասնակիցների (Բ.Կանաչյան, Մ.Թումաճան, Վ.Սարգսյան, Վ.Սրվանձտյան, Հ.Սեմերճյան, որոնք հայտնի են «Կոմիտասյան հինգ սաներ» անունով): Խմբեր է կազմակերպել և համերգներով ու դասախոսություններով, Կ.Պոլսից բացի, հանդես եկել նաև Քյոթահիայում, Բրուսայում, Ադաբազարում, Իզմիրում, Արմաշում, Պարտիզակում, Ալեքսանդրիայում ու Կահիրեում: Մամուլում նշվել է նրա արվեստի նշանակությունը ոչ միայն հայերի, այլև Արևելքի այլ ժողովուրդների երաժշտության զարգացման համար: 1913թ. Կ.Պոլսի «Ազատամարտ»-ում տպագրել է «Հայն ունի ինքնուրույն երաժշտություն» հրապարակախոսական բնույթի փայլուն հոդվածը: 1914թ. Փարիզում հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտության վերաբերյալ մի քանի զեկուցումներով հանդես է եկել Միջազգային երաժշտական ընկերության հերթական կոնգրեսում: Ավստրիական նշանավոր երաժշտագետ Է.Վելլեշը կոմպոզիտորի երգերին այստեղ ծանոթանալով՝ հետագայում նրան բնութագրել է որպես ներդաշնակության և պոլիֆոնիայի հազվագյուտ վարպետի: Բնակվելով Կ.Պոլսում՝ մասնակցել է նաև թուրքական մշակութային կյանքին, թուրք բանաստեղծների հետ բարեկամական կապեր է պահպանել, երգեր հորինել Մեհմեա Էմինի խոսքերով, զանազան երաժշտական հանձնաժողովներում բերել իր հեղինակավոր մասնակցությունը, Ստամբուլի Բայազետ թաղի «Թուրք օջախ» մշակութային կենտրոնի հատուկ հրավերով դասախոսել նրա 1915թ, ապրիլի 2-ի և 3-ի բացառիկ երեկույթներին, մեներգել և իր երգչախմբով կատարել է իր ստեղծագործությունները, որոնք մեծ ընդունելություն են գտել: 1915թ. ապրիլի 24-ին, շատ ուրիշ հայ մտավորականների պես, ձերբակալվել է և հարկադրվել քայլել աքսորի ճամփան` դեպի Արաբիայի անապատները: Նրա լավ ընկեր թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն միջամտել են կառավարությանը և Կոմիտասը ազատվել է: Նրա հավաքած աշխատանքի մի մասը ոչնչացվել է հայկական ջարդերի ժամանակ, որից հետո նա տեղափոխվել է Փարիզ: Հայոց Մեծ եղեռնի տպավորության տակ կորցրել է մտավոր հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջը (1919թ-ից՝ Փարիզի հոգեբուժական հիվանդանոցներում) չի ապաքինվել: Հիվանդության առաջին տարիներին զգալի տուժել են նաև նրա ձեռագրային ժառանգությունը, հատկապես ցրիվ է եկել դրա երաժշտագիտական բաժինը, որը բացի ժողովրդական արվեստի ուսումնասիրություններից պարունակել է նաև հայ միջնադարյան խազային նոտագրության վերծանությունը: Կոմպոզիտորի բազմակողմանի գործունեության մեջ սկզբունքորեն առավել կարևորը ստեղծագործությունն է և հավաքչական ու գիտական աշխատանքը: Իր հավաքած ժողովրդական երգերը հայտնաբերել է գեղջկական կենցաղի ընդերքում, ուստի դրանք խորապես ավանդական են և ճշմարտացի: Դրանք հավաքված և գրանցված են ժողովրդի պատմության ու հոգեբանության խոր իմացությամբ, ազգագրագետի վարպետությամբ, գեղագետի պահանջկոտությամբ և գիտնականի վերլուծական մոտեցումով: Դրանցում հիանալի պահպանված են նրանց վաղնջական երաժշտական բարեմասնություններն ու ազգային երանգը: Այդ ձայնագրությունները հաստատում են հայ գյուղական երգարվեստի բազմաժանրությունը և առանձին ժանրերի հարստությունը, հիմնովին երևան բերում նրա ազգային ոճն ու լեզուն, նրա արտահայտչամիջոցների՝ ձևերի ու կառուցվածքի, լադային հիմքի և ելևէջային համակարգի, մետրի և ռիթմի, խոսքային և երաժշտական «բարբառների» ողջ բազմազանությունն ու ինքնատիպությունը: Շատ հոգևոր մեղեդիներ, որոնք պահպանվել էին բանավոր, վերաձայնագրվել են հենց իր կողմից՝ զգալի հարստացնելով հայ ազգային մելոսը նրա նաև այդ՝ պատմական խոր ավանդույթներ կրող ճյուղում: Նրա կողմից երաժշտական ֆոլկլորի մի շարք հնագույն ու բարձրարվեստ նմուշների հայտնաբերման փաստը (հեթանոսական հավատալիքներին առնչվող հորովելների իմպրովիզացիոն եղանակները, «Սասունցի Դավիթ» և «Մոկաց Միրզա» հնագույն վիպական ասերգերը, միջնադարյան անտունիները և հոգևոր տաղերի ժողովրդական տարբերակները) իրավացիորեն հավասարեցվում են պատմամշակութային խոշոր հայտնագործությունների: Նրա հավաքած հայ գեղջկական երգերը (եղել են չորս հազարից շատ ավելի, առայժմ վերագտնված է շուրջ հազար երկուհարյուր նմուշ) ամբողջությամբ վերցրած ներկայանում են որպես հայ ժողովրդական երգարվեստի անթոլոգիա: Դրանք ծանրակշիռ ներդրում են հայագիտության բնագավառում և, դրա հետ միասին, աշխարհի ժողովուրդների մինչ այդ հավաքված ֆոլկլորը հարստացրել են մի ինքնատիպ, ազգային ցայտուն դեմք կրող և դրանով իսկ խիստ արժեքավոր հատվածով: Կոմիտասին են պատկանում նաև քրդական ժողովրդական երգերի առաջին ձայնագրությունները. Քյոթահիայում նա գրի է առել նաև հայերի կատարած թուրքական երգեր: Իր տեսական աշխաաություններում բացահայտել է ժողովրդական երաժշտության կենսական հիմքերը: Ըստ կոմպոզիտոր՝ յուրաքանչյուր երգ շինական սրտի հարազատ արձագանքն է և հոգու վճիտ հայելին: Յուրաքանչյուր երգ պատկերացնում է կյանքի տեսարանի մի լայն նկար՝ փոքրիկ շրջանակի մեջ առած: Նկարագրել է ժողովրդի երգաստեղծության բուն պրոցեսը, վերլուծել հայ ժողովրդական երգի տեսակներն ու կոմպոզիցիոն արժանիքները, բնութագրել նրա գեղագիտական նշանակալիությունը, հարստացրել ժողովրդական երգի վերլուծության մեթոդիկան: Սկզբունքորեն կարևոր էր նաև հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության հիմքերի միասնականության և հոգևոր երգի ոճական հատկանիշների բացահայտումը: Դա Էականորեն օգնեց հոգևոր երաժշտության ուսումնասիրման, խազերի, մասնավորապես առոգանության նշանների վերծանության գործին: Նրա խազաբանական աշխատանքներից տպագրված երկու փոքրածավալ հոդվածներն իսկ էական ներդրում են ընդհանուր երաժշտական միջնադարագիտության մեջ: Կոմպոզիտորի ստեղծագործությունը, որ գլխավորապես վոկալ՝ մեներգային և խմբերգային է, բաժանվում է երկու մասի՝ ստեղծագործություններ, որոնց հիմքում ընկած են ժողովրդական կամ հին հոգևոր մեղեդիներ, և գործեր, որոնք այդպիսի սկզբնաղբյուրներից անկախ են: Վերջինների թվում են՝ «Առ գետս Բաբելացւոց» սաղմոսը ա կապելլա խմբի և մեներգիչների համար, Հ.Պարոնյանի խոսքերով «Քաղաքավարության վնասներ» երաժշտական պատկերները, Հ.Հովհաննիսյանի խոսքերով «Ու՝ր ես գալիս, ա՝յ գարուն» կանտատը, Հ.Թումանյանի խոսքերով քնարական-փիլիսոփայական «Մութն էր երկինքը» ռոմանս-մանրապատումը, հայ երգային քնարականության ամենատարածված նմուշներից՝ «Կաքավի երգը» և այլն: Սրանցից վաղագույններում կոմպոզիտորի անհատական ոճը դեռևս այնքան ցայտուն չէ, բայց դրանք բոլորն էլ առանձնանում են բովանդակալիությամբ և կոմպոզիցիայի վարպետությամբ: Նրա ստեղծագործության մեծագույն մասը ժողովրդական սկզբնաղբյուրից սերված գործերն են (ավելի քան 150 անուն վոկալ և 8 դաշնամուրային՝ բազմաթիվ տարբերակներով), որոնց նա առավել նշանակություն էր տալիս ելնելով այն կարևոր դերից, որ դրանք ավելի լավ կարող էին կատարել (և իրոք կատարեցին) ժողովրդի գեղագիտական դաստիարակության, ինչպես և նրա պրոֆեսիոնալ երաժշտական արվեստի զարգացման, դրա ազգային ոճի և ինքնատիպ լեզվի ձևավորման գործում: Այս երկերն ընդհանուր առմամբ աչքի են ընկնում թեմաների և երաժշտական կերպարների բազմազանությամբ. սրանցում առկա է ժողովրդական երաժշտության կենսական ուժի և բնորոշ առանձնահատկությունների նուրբ զգացողություն, պարզ զգացվում է ժողովրդական նյութի նկատմամբ կոմպոզիտորի անհատականության զորեղ ներգործությունը, լինեն դրանք քնարական սրտառուչ պատումներ («Գարուն ա», «Քելեր, ցոլեր» և այլն), երկրագործական աշխատանքը փառաբանող վեհաշունչ հիմներ («Լոռու գութաներգ», «Կալերգ և սայլերգեր» և այլն), սոցիալական կեցություն արտահայտող երգ-մոնոլոգներ («Ծիրանի ծառ», «Կռունկ», «Անտունի» և այլն), հայրենի բնությունը կամ ավանդական ծեսերը գեղարվեստորեն վերարտադրող ծավալուն տեսարաններ («Լուսնակն անուշ», «Արարատյան գիշեր», հարսանեկան, վիճակի, պարերգային և այլ երգաշարեր): Այս բոլորը միասին խորապես տպավորիչ կերպարներով ներկայացնում են Հայաստանի ժողովրդի կյանքը: Բացառիկ հետաքրքրականություն ունեն նաև նրա հոգևոր գործերը (դրանց թվում՝ արական ա կապելլա խմբի համար գրված վիպական լայնաշունչ «Պատարագը»): Կոմիտասը 20-րդ դարասկզբի համաշխարհային երաժշտության դասական դարձավ երաժշտական նյութի կազմավորման իր նորարարական մեթոդներով, ժողովրդական երաժշտության օգտագործման իր բացած նոր ուղիներով: Նրա պոլիֆոնիան ժողովրդական լադերում ընթացող ինքնուրույն մեղեդիների՝ հաճախ բազմատոնալ կամ բազմալադային զուգորդում է, իսկ հարմոնիան՝ յուրատեսակ կվարտակվինտային կամ ժողովրդալադային բնույթի այլ համահնչյուններով ժողովրդական լադերի ինքնատիպ մեկնաբանում: Նրա ստեղծագործական մեթոդը լայն հեռանկարներ բացեց հայ ազգային կոմպոզիտորական արվեստի զարգացման համար՝ դնելով այն համաշխարհային երաժշտության զարգացման հունի մեջ, նաև նկատելի ազդեցություն ունեցավ արևելյան այլ ժողովուրդների երաժշտության զարգացման վրա: Կոմպոզիտորը գրել է նաև բանաստեղծություններ: Իր կյանքի ընթացքում հնարավորություն չունենալով՝ քիչ բան է հրատարակել իր գործերից: Կոմպոզիտորի հիվանդության տարիներին և մահից հետո նրա գործերի մի մասը հրատարակել է Փարիզում գործած «Կոմիտաս վարդապետի բարեկամներու հանձնախումբը», հետագայում՝ «Կոմիտասյան խնամատար հանձնաժողովը» (Արշակ Չոպանյան, Մարգարիտ Բաբայան և ուրիշներ, խմբագրությունը մեծ մասամբ՝ Վարդան Սարգսյանի): Մահացել է Փարիզի հոգեբուժական կլինիկայում: Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվել է Երևան և ամփոփվել հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը կոչվել է Կոմիտասի անունով (2015թ. հունվարի 29-ին զբոսայգում բացվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտը): 1950-ականներին Կոմիտասի ձեռագրերը նույնպես փոխադրվել են Երևան: Կոմիտասի մասին նկարահանվել են մի շարք ֆիլմեր, հաղորդաշարեր, տպագրվել են գրքեր, ուսումնասիրություններ, ակադեմիական հոդվածներ, թողարկվել ձայնասկավառակներ: Կոմիտասի անունով են կոչվել Հայաստանի պետական լարային քառյակը, Երևանի կոնսերվատորիան (1946թ-ից), Կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը, երգչախմբեր արտերկրում, արձաններ են կանգնեցվել Երևանում, Վաղարշապատում, Փարիզում և այլուր: