Ռուբեն Զարդարյան

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան

Ճարտարապետ

Հոբոս Ապեր

Մանկագիր, բանաստեղծ

Բակուր

Արձակագիր

Գևորգ Կակոսյան

Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան

Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան

Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՀԱՐՈ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Կոմպոզիտոր

13 ապրիլ, 1897 - 9 հունվար, 1966

Ծնվել է Ելիզավետպոլում (այժմ՝ Գանձակ): Գիմնազիան ավարտելուց հետո, կամավոր զինվորագրվել է և մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին (1914-18թթ): 1919թ-ից մեկ տարի սովորել է Թիֆլիսի կոնսերվատորիայում՝ Կ.Ադուրալովայի դաշնամուրի և Անուշավան Տեր-Ղևոնդյանի երաժշտության տեսության և ստեղծագործությն բաժիններում: Այնտեղ ծանոթացել է Ռոմանոս Մելիքյանի հետ, ում ստեղծագործությունը հսկայական տպավորություն է գործել նրա վրա: 1920թ-ից աշխատել է որպես ուսուցիչ, նախ` Սանահինում, ապա` Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): 1923-26թթ սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում՝ Մ.Գնեսինի ստեղծագործական դասարանում: Այդ շրջանի ստեղծագործություններից աչքի են ընկել չորս երգերը` «Մայիս», «Օրորոցային», «Լորիկ» և «Հնձի երգ»: 1930թ. ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի Վ.Շչերբաչյովի ստեղծագործական դասարանում: Եղել է Սովետական Հայաստանի երաժշտական մշակույթի զարգացման գործի ակտիվ կազմակերպիչներից: 1927-29թթ մասնակցել է Քրիստափոր Քուշնարյանի կազմակերպած ժողովրդական երաժշտության հավաքման արշավին: Հայաստանի տարբեր շրջաններում, հատկապես Շիրակում, նրանք գրի են առել 350-ից ավելի հայկական և քրդական մեղեդիներ: Լենինգրադում ուսանելու տարիներին գրել է գործիքային ստեծագործություններ, ինչպես նաև «Չորս երգ» տետրը` հիմնված ժողովրդական բանահյուսության վրա: 1930թ. մշտական բնակություն է հաստատել Երևանում: Հեղինակել է հինգ օպերա, երեք սիմֆոնիա, բազմաթիվ երգեր, ռոմանսներ, կամերային-գործիքային ստեղծագործություններ: 1930-34թթ դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1934թ-ից՝ դոցենտ): 1939-47թթ եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը: Երկերն աչքի են ընկնում հուզականությամբ, ժողովրդայնությամբ, կերպարների ռեալիստականությամբ: Կոմպոզիտորի ստեղծագործության հիմնական թեման Հայաստանն է, նրա բնությունը, հարազատ ժողովրդի պատմական ճակատագիրը: Օպերայի ժանրում դիմել է ժողովրդական էպոսին՝ «Սասունցի Դավիթ» (1936թ.), հայ ժողովրդի հերոսական անցյալին՝ «Նունե» (10--դ դարի թոնդրակեցիների շարժման թեմայով, 1947թ.), նրա հեղափոխական-ագատագրական պայքարին՝ «Լուսաբացին» (1938թ.), ժամանակակից սովետական իրականությանը՝ «Հերոսուհին» (1950թ., ԽՍՀՍ Պետական մրցանակ, 1951թ.), ինչպես նաև ժանրային-կենցաղային, հեքիաթային, երգիծական կերպարների՝ «Քաջ Նազար» (1934թ.): Հայկական երաժշտական թատրոնի զարգացման մեջ սկզբունքային կարևոր նշանակություն ուներ, հատկապես, նրա «Լուսաբացին»՝ պրոլետարական հեղափոխության թեմայով հայկական առաջին օպերան: Եղել է հայ առաջին կոմպոզիտորներից, որ հայկական ժողովրդական երաժշտության ինտոնացիաների հիման վրա ստեղծել է մեծ կտավի սիմֆոնիկ երկեր: Նրա 3 սիմֆոնիաներից (1944թ., 1945թ., 1953թ.) առանձնանում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրված հերոսական-հայրենասիրական Առաջին սիմֆոնիան: Կոմպոզիտորի կամերային-գործիքային (4 լարային կվարտետ, դաշնամուրի, ջութակի, թավջութակի սոնատներ, դաշնամուրային պիեսներ և այլն), վոկալ ստեղծագործության մեջ կենտրոնական տեղ են գրավում խոր հոգեբանական, փիլիսոփայական լիրիկան, բնության բանաստեղծական պատկերները: Ռոմանսներ և երգեր է գրել Նահապետ Քուչակի, Սկրտիչ Նաղաշի, Նաղաշ Հովնաթանի («Սիջնադարյան քնարերգությունից»), Դ.Վարուժանի («Հացին երգը»), Վ.Տերյանի, Գ.Սարյանի, Հ.Շիրագի, Սարմենի և այլ բանաստեղծների տեքստերով: Նրան առանձնապես մոտիկ էր Ավետիք Իսահակյանի քնարերգությունը, որի տեքստերով ստեղծել է բազմաթիվ երգեր ու ռոմանսներ, վոկալ շարքեր («Ալագյազի մանիներ», «Երազ օրեր», «Մտորումներ», «Հայրենի աղբյուր»): Գրել է նաև «26 կոմիսարների հիշատակին» (1939թ.), «Լուր-դա-լուր» (1944թ.) սիմֆոնիկ պոեմները, «Պարային սյուիտ» (1951թ.), «Սեծ եղեռն» օրատորիան (1964թ.), «Կոլտնտեսային» կանտատը (1947թ.), դաշնամուրի կոնցերտ (1959թ), Ռապսոդիա դաշնամուրի և նվագախմբի համար (1962թ.) և այլ երկեր: Օժտված է եղել գրական ձիրքով. հեղինակել է «Ղարղադիլը և ուրիշները» (1961թ.), «Հին ծանոթներ» (1974թ.) պատմվածքների ժողովածուները: Եղել է Հայաստանի 1-ինից 4-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 և «Պատվո նշան» շքանշաններով: 1960թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: