ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆ

Դրամատուրգ

15 սեպտեմբեր, 1911 - 26 նոյեմբեր, 1998

Ծնվել է Բաթումիում: 1945թ-ից եղբորորդու՝ Արամ Պապայանի մահից հետո, իր Աշոտ անվանն է միացրել նրա անունը՝ կրելով Արամաշոտ անունը: Սովորել է Ռոստովի մանկավարժական ինստիտուտում: 1931-40թթ դերասան է եղել Դոնի Ռոստովի հայկական, 1940-42թթ` Աշտարակի, 1944-45թթ՝ Կիրովականի (այժմ՝ Վանաձոր), այնուհետև՝ Էջմիածնի թատրոններում։ 1951թ. ավարտել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ Գրողի առաջին գործերն են «Երազ» (բեմ.՝ 1936թ.) և «Մեր կռիվն արդար է» (բեմ.՝ 1941թ.) դրամաները։ Հայտնի է դարձել եղբորորդու հետ գրած «Մեծ հարսանիք» (բեմ.՝ 1944թ.) կատակերգությամբ, ապա՝ «Սեր առանց խարդավանքի», «Բախտավորյալները» պիեսները։ Բեմադրվել են նրա «Բարձունք» (1943թ.), «Շշմեցուցիչ հարված» (1956թ.), «Անաղուհաց փեսան» (1956թ.), «Կենդանի հանգուցյալ» (1963թ.), «Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին» (1965թ.), «Աշխարհն, այո, շուռ է եկել» (1967թ.), «Արտասահմանյան փեսացու» (1972թ.) և այլ կատակերգություններ։ Նրա սցենարներով նկարահանվել են «Մանրուք» (1954թ.), «Փեսատես» (1954թ.) և «Իմ ընկերոջ մասին» (1959թ.) կինոնկարները։ Գրողի պիեսները ներկայացվել են Երևանի, Թբիլիսիի, Բաքվի, Ստեփանակերտի և այլ քաղաքների բեմերում։ Սովետական տարիներին պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության և «Պատվո նշան» շքանշաններով։ Եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1975թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: