ՍՈՆԱ ԱՐՇԱԿՅԱՆ

Դաշնակահար

Ծնվել է 1986թ. դեկտեմբերի 2-ին, Երևանում: 7 տարեկան հասակում ընդունվել է Երևանի Ռ.Անդրիասյանի անվան երաժշտական դպրոց, որտեղ Գայանե Սահակյանի ղեկավարությամբ ուսանել է դաշնամուր: 1997թ. շարունակել է ուսումը Երևանի Պ.Չայկովսկու անվան մասնագիտացված տանսամյա երաժշտական դպրոցում` Անահիտ Շահբազյանի դասարանում: 11 տարեկանում հանդես է եկել առաջին մենահամերգով: 2000թ. տեղափոխվել է Մոսկվա, որտեղ 4 տարի սովորել է Պ.Չայկովսկու անվան կենտրոնական երաժշտական դպրոցում` Վալերի Պյասեցկիի դասարանում: 2004-09թթ սովորել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում` պրոֆեսոր Յուրի Հայրապետյանի դասարանում, որից հետո ուսումը շարունակել է ասպիրանտուրայում: 2008թ. մենահամերգով հանդես է եկել Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հաճախ ելույթ է ունեցել Մոսկվայի կոնսերվատորիայի Փոքր և Ռախմանինովի անվան համերգասրահներում: Նվագել է Մոսկվայի կոմպոզիտորների տանը, Ռուբինշտեյնի անվան թանգարանում և Ռուսական Սպիտակ տանը կայացած համերգներում: 2006թ. հյուրախաղերով հանդես է եկել Իտալիայում, որտեղ ձայնագրել է ձայնասկավառակ, որը ներառում է Ֆ.Շոպենի, Ֆ.Լիստի և Կ.Շիմանովսկու ստեղծագործությունները: 2008թ. մասնակցել է Չիկագոյի Դ´Փոլ համալսարանի պրոֆեսոր Դմիտրի Փափեռնոյի վարպետության դասերին: Մասնակցել է «Մոսկվայում Ֆելիքս Մենդելսոնի օրեր» փառատոնին: 2010թ. հրավիրվել է Խարկով` «Սլոբոժանսկի» Խարկովի ակադեմիկական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ նվագելու Սեն Սանսի դաշնամուրի թիվ 2 կոնցերտը: 2011թ. Երևանի Ա.Խաչատրյան համերգասրահում ելույթ է ունեցել Իրինա Տիգրանովա-Տերտերյանի հիշատակին նվիրված համերգին` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ` կատարելով Բեթհովենի 4-րդ դաշնամուրային կոնցերտը: Նույն թվականին ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի: Դարձել է դաշնամուրի մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր, որոնցից են` Citta di Sulmona (Սուլմոնա, Իտալիա, 2006թ., 3-րդ մրցանակ), Rovere d’ Oro (Սան Բարտոլոմեո, Իտալիա, 2007թ., 3-րդ մրցանակ և հատուկ մրցանակ Դոմենիկո Սկառլատտիի սոնատի լավագույն կատարման համար) և Ա.Խաչատրյանի անվան միջազգային 7-րդ մրցույթ (Երևան, 2011թ., 3-րդ մրցանակ) և այլն: 2012թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2015թ.` «Колокол культуры» միջազգային երաժշտական մրցույթի Գրան Պրիի և Ռուսաստանի Հայերի միության մրցանակին:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար