
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ

4 ապրիլ, 1820 - 29 հոկտեմբեր, 1907
Մկրտիչ Խրիմյան, Մկրտիչ Ա Վանեցի
Ամենայն հայոց 125-րդ կաթողիկոս
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Սովորել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների դպրոցներում: 1842թ. հաստատվել է Կ.Պոլսում։ 1847թ. ճանապարհորդել է Պարսկաստանում և Անդրկովկասում, այցելել Երուսաղեմ։ 1848-50թթ ուսուցչություն է արել Կ.Պոլսի Խասգյուղ թաղամասի դպրոցում, հանդես եկել հայրենասիրական քարոզներով։ Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանի հանձնարարությամբ 1851թ. մեկնել է Կիլիկիա, ուսումնասիրել տեղի հայության կյանքը, նպաստել կրթական գործի զարգացմանը։ 1854թ. ձեռնադրվել է վարդապետ։ 1855թ. Կ.Պոլսում հիմնադրել է «Արծվի Վասպուրական» պարբերականը։ 1856թ. վերադառնալով Վան՝ դարձել է Վարագա վանքի վանահայրը, 1857թ. հիմնադրել տեղի ժառանգավորաց գիշերօթիկ վարժարանը։ 1858թ. վերսկսել է «Արծվի Վասպուրական»-ի հրատարակումը։ 1860թ. այցելել է Արևելյան Հայաստան, ծանոթացել տեղի հայ կյանքին: 1862թ. ստանալով նաև Տարոնի հոգևոր առաջնորդի պաշտոնն ու Սբ. Կարապետ վանքի վանահայրությունը՝ ձեռնարկել է նոր ժառանգավորաց վարժարանի և «Արծվիկ Տարոնո» երկշաբաթաթերթի հիմնադրումը, որոնց տնօրինությունը հանձնել է Գարեգին Սրվանձտյանին: Բազմիցս այցելել է Տարոնի հայկական գյուղերը, փորձել սահմանափակել թուրք և քուրդ աղաների հարստահարությունները, թեթևացնել հայ գյույղացու ծանր վիճակը։ Ժողովրդի մեջ նա մեծարվել է «Հայրիկ» պատվանվամբ։ 1868թ. Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, 1869թ. ընտրվել Կ.Պոլսի Հայոց պատրիարք (մինչև 1873թ.), պայքարել է Ազգային սահմանադրության վերանայման՝ գավառաբնակ արևմտահայության պատվիրակների թիվը Ազգային ժողովում ավելացնելու համար։ Նրա նախաձեռնությամբ Ազգային ժողովում քննվել է գավառահայության հարստահարությունների խնդիրը և 1872թ. ապրիլին թուրքական կառավարությանը ներկայացվել տեղեկագիր-բողոքագիր։ Նրա գործունեությունը հարուցել է ոչ միայն թուրքական կառավարության, այլև Կ.Պոլսի հայ մեծահարուստների թշնամությունը, ուստի 1873թ. նա հրաժարվել է պատրիարքությունից։ Եղել է 1878թ. Բեռլինի կոնգրեսի հայկական պատվիրակության ղեկավարը։ Նախապես Մինաս Չերազի հետ այցելել է եվրոպական մի շարք երկրներ, փորձել դիվանագիտական ճանապարհով լուծել Հայկական հարցը։ Բեռլինի կոնգրեսից հետո հիասթափվել է եվրոպական պետություններից, հանդես եկել ազգային-ազատագրական պայքարի կոչով։ 1879թ. ընտրվել է Վանի հոգևոր առաջնորդ, 1880թ. Վանում բացել է երկրագործական ուսումնարան։ Աջակցել է Վանի «Սև Խաչ» և Կարինի «Պաշտպան հայրենյաց» ազգային-ազատագրական գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը, որի համար ետ է կանչվել Կ.Պոլիս։ 1890թ. Ազգային ժողովը նրա նախաձեռնությամբ 2 տեղեկագիր-բողոքագիր է ներկայացրել թուրքական կառավարությանը, որը, ուխտ ուղարկելու անվան տակ, նույն թվականին նրան աքսորել է Երուսաղեմ։ 1892թ. մայիսին ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս, սակայն սուլթանը չի համաձայնել նրան ազատել թուրքահպատակությունից և միայն 13 ամիս անց, Ռուսաստանի թագավորի միջնորդությամբ, նրան թույլատրել է գնալ Էջմիածին (1893թ. սեպտեմբերի 26-ին օծվել է Էջմիածնում)։ Չնայած հոգևորական բարձր պաշտոնին, հարազատ է մնացել ազգային-ազատագրական դիրքորոշմանը։ 1895թ. մեկնել է Պետերբուրգ և Նիկոլայ 2-րդ թագավորից հայցել նրա պաշտպանությունը Արևմտյան Հայաստանում խոստացված բարենորոգումների իրականացման համար։ Թուրքական կառավարության կազմակերպած 1895-96թթ հայկական ջարդերի ժամանակ խնդրագրեր է հղել ցարական պաշտոնյաներին, հանգանակություններ հավաքել, նյութապես օգնել Արևելյան Հայաստան անցած արևմտահայ գաղթականությանը։ Եռանդուն պայքար է մղել հայ եկեղեցապատկան ունեցվածքը բռնագրավելու մասին 1903թ. հունիսի 12-ի ցարական օրենքի դեմ, արգելել հայկական եկեղեցական թեմերին ենթարկվելու այդ որոշմանը։ Հեղինակել է «Հրավիրակ Արարատյան» (1850թ.), «Հրավիրակ երկրին ավետյաց» (1851թ.) չափածո, «Մարգարիտ արքայության երկնից» (1866թ.), «Վանգոյժ» (1877թ.), «Հայգոյժ» (1877թ.), «Ժամանակ և խորհուրդք յուր» (1878թ.) կրոնափիլիսոփայական, «Սիրաք և Սամվել» (1878թ.), «Պապիկ և թոռնիկ» (1894թ.) բարոյախոսական և այլ գրքեր, որոնցում արտահայտել է ժողովրդի վշտերը, հույզերն ու տառապանքները։ Նրա կրոնական փիլիսոփայությունը սերտորեն կապված է բարոյագիտությանը և հանգում է հումանիզմին: Նա ընդունել է ազգերի պատմական կատեգորիա լինելը, գտել, որ ոչ մի ազգ իրավունք չունի ճնշել մյուսին։ Դատապարտել է զավթողական պատերազմները, միաժամանակ, իր ազատագրության համար պայքարող ազգի բարոյական պարտքը համարել արդարացի պատերազմը։ Նրա օրոք Սբ. Էջմիածնի վանքում կառուցվել են նոր հյուրանոց, Սինոդի նոր շենքը, թանգարան, նոր մատենադարան: Մահացել է Վաղարշապատում, թաղված է Էջմիածնի Մայր տաճարի բակում: