ԳԵՎՈՐԳ ԲՈՒՐՋԱԼՅԱՆ

Դերասան

14 ապրիլ, 1869 - 10 դեկտեմբեր, 1924

Ծնվել է Աստրախանում: Եղել է դերասան Արշակ Բուրջալյանի եղբայրը: Ավարտել է Մոսկվայի Բարձրագույն տեխնիկական ուսումնարանը: Եղել է Կ.Ստանիսլավսկու Արվեստի և գրականության ընկերության մշտական անդամը, Մոսկվայի գեղարվեստական թատրոնի հիմնադիր անդամներից: 1898թ-ից մինչև կյանքի վերջը աշխատել է այդ թատրոնում` որպես դերասան, ապա և ռեժիսոր: 1921թ. եղել է թատրոնի 4-րդ ստուդիայի ղեկավարը: Մեծ ներդրում է ունեցել թատրոնի պատմության հավաքագրման և թանգարանի ստեղծման գործում: Եղել է մի շարք ներկայացումների երկրորդ ռեժիսորը: Խաղացել է բնութագրային էպիզոդիկ դերեր, աչքի ընկել կատարման վիրտուոզ վարպետությամբ: Խաղացած ներկայացումներից են` Ա.Տոլստոյի «Ֆեոդոր Իվանովիչ արքան» (Վասիլի Շույսկի), Հաուպտմանի «Միայնակ մարդիկ» (Պաստոր Կոլլին), Հ.Իբսենի «Պեր Գյունտ» (Պապ) և այլն: Մասնակցել է Մոսկվայում հայկական սիրողական ներկայացումներին, իսկ 1909-10թթ, Օվի Սևումյանի հետ, կազմակերպել է հայկական թատերախումբ, բեմադրել Գ.Սունդուկյանի և Ա.Շիրվանզադեի պիեսները: Կ.Ստանիսլավսկին բարձր է գնահատել դերասանին, ով իր անմիջական օգնականն էր, իսկ Վ.Նեմիրովիչ-Դանչենկոն նրան անվանել է Մոսկվայի թատրոնի դրոշակակիր: Նկարահանվել է «Սամուել Գիպ, կամ Լակեյ-խաբեբա» (1916թ.), «Երկրի և երկնքի գույները» (1918թ.), «Տնային հռետորը» (1920թ.) ֆիլմերում: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար